Աշխատողներին մոտալուտ գործազրկություն է սպասվում, անապահովներին՝ նորանոր հերթեր

Աշխատողներին մոտալուտ գործազրկություն է սպասվում, անապահովներին՝ նորանոր հերթեր

Փետրվարի 16-ին ՀՀ նախագահը ստորագրել է օրենքների մի ստվար փաթեթ, որոնց թվում են ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի փոփոխությունները: Զավեշտն արդեն վերնագրում է՝ սոցիալական ծառայությունները պերմանենտ բարեփոխման են գնում, բայց սոցիալապես անապահովները դրանից ամենեւին էլ չեն երջանկանում:

Հակառակը՝ ամեն մի նոր բարեփոխում քաղաքացու համար ավելի անհարմար, որոշ դեպքերում նույնիսկ կյանքի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Սոցծառայությունների մասին մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ, որոնք դիմել են հաշմանդամության կարգ ստանալու, մահացել են՝ այդպես էլ չհասնելով փորձաքննության պայծառ օրվան: Բանն այն է, որ հին ու բարի ժամանակներում դիմումատուին ընդամենը մեկ շաբաթվա մեջ ճանապարհում էին: Կա՛մ հաշմանդամության կարգ էին շնորհում, կա՛մ՝ մերժում: Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մեկ շաբաթը դարձվեց 3 ամիս: Այսինքն, քաղցկեղով հիվանդը դիմում է ծառայությանը, 3 ամիս սպասում, այդ ընթացքում նրա առողջական վիճակն ավելի է վատանում, եւ հետո, եթե, իհարկե, հաջողվի հաղթահարել փաստաթղթային քաշքշուկը, ստանում է հասանելիք անվճար բուժօգնությունը:

Սա, ինչպես նաեւ սոցիալական ծառայության խոշորացումը՝ մի քանի ծառայության կենտրոնացումը մեկ վարչական շրջանում, որի արդյունքում բժշկասոցիալական հանձնաժողովներում հերթեր առաջացան, 2019 թվականի օպտիմալացման արդյունքն էր: Թվում էր, թե նոր նախարարը, վերանայելով սոցծառայությունները, առաջին հերթին հենց այս թերություններն է վերացնելու: Սակայն՝ ոչ: Նախարար Մովսես Առաքելյանը շեշտը դնում է «մեկ պատուհանի», այսինքն՝ կարիքների գնահատման միասնական համակարգի սկզբունքի վրա:

Սա նշանակում է, որ էլ չեն լինելու սոցիալական պաշտպանության առանձին մարմիններ՝ սոցիալական ապահովության ծառայություն, բժշկասոցիալական փորձաքննություն, զբաղվածության ծառայություն, մարզային սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները։ Այս բոլոր մարմինները միավորվելու են: Ստեղծվելու է մեկ կառույց՝ միասնական սոցիալական ծառայություն, որը, ըստ օրենքի, «ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը եւ կազմակերպում է դիմումների ընդունումը, հաշվառումը եւ փաստաթղթաշրջանառությունը»: 

Ինչպե՞ս, ի՞նչ է տալու սա սոցիալապես անապահովներին, հաշմանդամներին, գործազուրկներին: Նախարարության կայքում, նախարար Մեսրոպ Առաքելյանի ելույթներում բառակույտեր ենք գտնում՝ առավել հասցեական եւ ամբողջական գնահատում, սոցիալական աշխատանքի բարելավում, արդյունավետության, որակի բարձրացում, ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացում։ Դիմեցինք նախարարի խոսնակին, խնդրեցինք, որ նախարարության որեւէ պաշտոնյա մեզ պարզաբանի, թե ինչպես է արվելու կառուցվածքային փոփոխությունը: Նա ասաց. «Քաղաքականության մասով առայժմ միայն պարոն Առաքելյանն է խոսել, քանի որ 4 մարմին է միավորվելու, 4-ը պետք է միավորվեն, նոր հասկանանք, թե ով պետք է բանախոսի»: 

Պարզաբանումներ չկան, հանրային քննարկումը եւս աննկատ անցավ, եթե անգամ եղել է, բայց ՀՀ նախագահն արդեն ստորագրել է օրենքը, եւ ապրիլի 1-ից այն կիրառվելու է: Հավանաբար, այդ ժամանակ էլ նոր կհասկանան, թե ինչ փորձանք են բերել համակարգի գլխին: Իսկ առայժմ ստիպված ենք ապավինել լուրերին: «Ասում են՝ արտասահմանի նման է լինելու: Հաշմանդամության խմբեր էլ չեն լինելու, իսկ նպաստները հաշվելու են ըստ միջին աշխատավարձի: Երրորդ կարգի հաշմանդամները ստանալու են նպաստ՝ աշխատավարձի 30-33 տոկոսի չափով, երկրորդ կարգը՝ 60-70 տոկոս, իսկ առաջին կարգը՝ 90-100 տոկոս: Եթե մարդը չի աշխատել, կտան մինիմալ նպաստ»,- ասում է սոցծառայության աշխատողներից մեկը: 

4 պետական կառույցների աշխատողներին մոտալուտ գործազրկություն է սպասվում: Ով է մնալու, ով է գնալու՝ որոշելու է նախարարը: Նոր օրենքի համաձայն, միավորվող 4 մարմինների աշխատողները պաշտոնավարելու են մինչեւ միասնական սոցիալական ծառայության անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Դրանից հետո նախարարությունը նրանց կառաջարկի «հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ»: Եթե չհամաձայնեն, ազատվում են աշխատանքից: Արդեն հասկանալի է, որ այս գործընթացը խիստ սուբյեկտիվ է լինելու, նախարարության ճաշակին համապատասխան: 

Իսկ ամենամեծ հիասթափությունը սոցիալապես անապահով, հաշմանդամ, դժվարին հանգամանքներում հայտնված քաղաքացիներին է սպասվում, որոնք մտավախություն ունեն, որ իրենց դեգերումները պետական մարմիններով, փաստաթղթային քաշքշուկը կավելանան: Հիշեցնենք, որ միասնական սոցիալական գործակալություն ստեղծելու նախագիծ եղել է նաեւ մինչեւ հեղափոխական իշխանության գալը՝ ՀՀԿ-ական նախարար Արտեմ Ասատրյանի օրոք: Այն ժամանակ է գրվել միասնական ինտեգրված ծառայության հայեցակարգը: Նախկին նախարարը, սակայն, չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Ընդամենը նշեց, որ դա անհրաժեշտ փոփոխություն էր, որի իրագործման համար, սակայն, լուրջ աշխատանք ու ջանք է պետք: