Այդ 2 անձի փոխհարաբերություններից շատ բան է կախված․ Տանդեմը վերականգնվում է

Այդ 2 անձի փոխհարաբերություններից շատ բան է կախված․ Տանդեմը վերականգնվում է

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ


- Պարոն Միհրանյան, իր վերջին հարցազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ արտաքին քաղաքականության մեջ ճակատագրական սխալների մասին, մասնավորապես, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում բալանսը խախտվել էր։ Կամ՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրի ղեկավարին ՀՀ վարչապետն օդանավակայանում չէր դիմավորում, ՀԱՊԿ-ի քարտուղար Խաչատուրովին էր հետ կանչում, ինչի համար «պատժվեց»։

- Ոչ միայն դա, ես կարող եմ ավելացնել, գուցե 3-րդ նախագահը չուզեցավ էդ հարցի վրա ծանրանալ, Փաշինյանի ու իր խմբի անցած ճանապարհը․․․ հակառուսական դրվածքն ու ելույթները ՌԴ դեսպանության առաջ՝ էդ պահանջներով․․․ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դուրս բերել ՌԴ ռազմական բազան եւ այլն։ Եվ, իհարկե, հասկանալի է, որ Սորոսից եւ արեւմտյան ֆոնդերից սնված այս մարդիկ չէին կարող վստահություն ներշնչել Մոսկվայում։

- Խոսեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական պրակտիկայում չտեսնված-չլսված քայլերի գնաց՝ հայտարարելով, որ սկսում է իր կետից, իսկ բանակցային գործընթացի մասին գերադասում էր տեղեկանալ Ալիեւից, եւ դա էր պատճառը, որ Մինսկի խումբը լռեց, չդատապարտեց Ալիեւին պատերազմ սանձազերծելու համար։

- Հարցը ոչ թե լուռ համաձայնությունն էր, ուղղակի երբ մարդիկ շախմատ են խաղում, մեկ էլ մեկնումեկը մտնում է, կեսից սկսում է շաշկի կամ եսիմ՝ «գորոդկի» խաղալ, խախտում է խաղի բոլոր տեսակի կանոնները, ներկայանում է որպես մի անհավասարակշիռ, ողորմելի, աննորմալ երեւույթ։  

Ես գիտեմ համանախագահների հետ սերտ կապեր ունեցող անձանց, որոնք ապշած էին, չէին հասկանում, թե ինչով է շարժվում այդ մարդը, ինչի վրա է հույսը դրել։ Եվ իսկապես, համանախագահների մոտ առաջացրել էր իրեն չընդունելու հանգամանք։ Իսկ համանախագահները խաղի դատավորներն են, մանավանդ, որ ներկայացնում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 3 պետություններ։ Սա ուղղակի արհամարհել, անարգել է այդ մարդկանց, այս պետություններին։ Համենայնդեպս, Ալիեւը հասկանում էր, որ այն մթնոլորտը չէ, որ այդ երկրները դիմեն ակտիվ քայլերի, ընդունեն հակաադրբեջանական, հակաթուրքական ինչ-որ միջոցներ, ինչն էլ տեսանք այդ 44 օրերին։ Թրամփի կողմից ծիծաղելի հայտարարություններ, ինչ-որ հայտարարություններ Մակրոնի կողմից, որին չհետեւեցին լուրջ քայլեր։ Միակ կողմը, որը լրջորեն անհանգստացած էր եւ ցանկություն ուներ պատերազմական գործողությունները կանգնեցնել, ՌԴ-ն էր։ Եվ դա էլ գիտենք ՌԴ նախագահի եւ ոչ միայն՝ հայտարարություններից, որ բոլոր առաջարկները, որ արվում էին, մերժվում էին Փաշինյանի կողմից։ Այնպես որ, դիվանագիտության մեջ տգիտությունն ու ապուշությունը պատրաստեցին այդ պարտությունը։ Եվ տրամաբանորեն բացատրվում է ամեն մի քայլը, որոնք բերեցին այս կործանիչ արդյունքներին։

- Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին շրջանում փայլուն հարաբերություններ ուներ ՌԴ-ի հետ։ Եթե հիշում եք՝ «Սերժին մերժողների» առաջին շարքերում ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ էին՝ «Գազպրոմը», «Տաշիրը»։

- Ես գիտեմ, որ Հայաստանում կան այդպիսի կարծիքներ, որոնք վերագրվում են ՌԴ ամենաբարձր մակարդակներին։ Իմ խոսակցություններն այն մարդկանց հետ, որոնց ես ճանաչում էի նախագահի շրջապատում, ինձ չեն բերել նման կարծիքի։ Ես ոչ մեկի կողմից չեմ լսել, որ հարկավոր է օգնել, որ հակասերժսարգսյանական ուժերը գային իշխանության։ Իհարկե, մի բան չեմ կարող բացառել՝ գուցե կային որոշ մարդիկ, որոնք ուրախ չէին, որ Սերժ Սարգսյանը շարունակի մնալ ղեկավարի կարգավիճակում, եւ չեմ բացառում, որ կլինեին մարդիկ, որոնք կուզենային ունենալ Սարգսյանից ավելի անփորձ ու  կառավարելի ղեկավարի։ Սարգսյանը 30 տարի քաղաքականության մեջ էր, 20 տարի՝ ուժային կառույցների ղեկավար, վարչապետ։ Եվ այն, որ արեւմտյան հասարակական կազմակերպություններն ակտիվ շրջանառում էին, որ մարդիկ հոգնել են, փոփոխությունների կարիք կա եւ այլն, գուցե համընկել էր որոշ գործարար շրջանակների կարծիքին, որ իրենք էլ, օգտվելով առիթից, կարողանային իրականացնել էդ փոփոխությունը։ Սարգսյանին փոխել իրենց մարդով։

Օրինակ, չեմ բացառում, որպես վարչապետ տեսնել Կարեն Կարապետյանին կամ իրենց հարմար որեւէ այլ մեկի։ Դա ոչ թե ի սկզբանե էր, բայց չեմ բացառում, որ ցանկացան օգտագործել այդ առիթը։ Եվ այն, որ որոշ ռուսամետ օլիգարխների, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի կամ  Արմեն Դարբինյանի կողմից եթե անգամ եղել են ինչ-որ քայլեր, դրանք եղել են իրենց անձնական քայլերը եւ իրենց անձնական հաշիվները։ Սա չի նշանակում, որ նրանց հետեւում կանգնած է եղել ռուսական պետականությունը։ Ես հիշում եմ, որ երբ ժամանակին ինչ-որ մարդիկ գալիս էին Մոսկվա, բողոքում Տեր-Պետրոսյանից, որ նա հայ-ռուսական շահերը վաճառում է, գնում է դեպի Արեւմուտք, ԱՄՆ եւ այլն, ռուսական իշխանությունը որոշումներ չի ընդունել՝ ելնելով տարբեր ասեկոսեներից ու ընդդիմադիրների փոխանցած ազդակներից։ Նման որոշումներ ընդունում են՝ ելնելով արած գործերից։ Վերադառնալով Ձեր հարցին՝ նշեմ․ այս հարցում շատ հատկանշական են Սահակաշվիլին, Շեւարդնաձեն, Բակիեւը։ Էդպիսի դեպք չի եղել, որ Սերժ Սարգսյանը հակառակ գնա հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերին։ Ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Ղրիմի հարցում։ Այսինքն՝ ՌԴ-ն ոչ մի պատճառ չունի նրա նկատմամբ անվստահություն կամ դժգոհություն ունենալու։

Ինչ վերաբերում է այդ օլիգարխներին, ապա նրանք նույնիսկ մղձավանջային երազում չէին կարող պատկերացնել, թե սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ, եւ չէին կարծում, որ այդ թափթփուկներն ու այդ ծաղրածուն՝ Քաջ Նազարի բախտով, հանկարծ կվերցնի իշխանությունը։ Եվ կարծում եմ, որ այս մարդիկ, բացի Արմեն Դարբինյանից, մնացածները, ինչպես ռուսներն ասում են՝ локти кусают, որ այդպիսի ապուշություն են արել։ Քանի որ մտածել են մի բանի հասնելու, բայց հասել են լրիվ ուրիշ բանի։ Հայ քաղաքականության մեջ բոբիկությունը վերաբերում է նաեւ ռուսամետ գործիչներին, որոնք անում են սխալ գնահատումներ։

- Իսկ ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չվերցրեց իշխանությունը։ Սարգսյանն ասաց՝ ես Փաշինյանին չեմ հանձնել, այլ՝ Կարապետյանին։

- Մի մարդ կրիզիսային վիճակում չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել։ Դա պատահական չէ, քանի որ, հիշում եմ, մի անգամ մեր անձնական զրույցի ժամանակ Սերժը մեծ ցավով ասաց, որ քաղաքապետ ընտրված Կարենը, որն ասում էր՝ շատ բաներ է պետք փոխել, երեւի հանդիպելով որոշ դժվարությունների, հրաժարվեց քաղաքապետությունից ու գնաց Մոսկվա՝ «Գազպրոմում» աշխատելու։ Ճիշտն ասած, զարմացա, երբ իրեն առաջարկվեց վարչապետի պաշտոնը՝ չմոռանալով այն, որ նա, հանդիպելով ինչ-ինչ դժվարությունների, չէր ցուցաբերել կամք ու համառություն։ Նա, ըստ իս, պատրաստ չէր լինել կրիզիս ժամանակների մենեջեր։ Եթե հիշում եք, Պուտինը նրան էլ զանգեց, շնորհավորեց, բայց նրա վարչապետությունը 1 օր տեւեց։ Ինքը պատրաստ չեղավ ըմբռնելու, որ իրադարձությունները շատ հեռուն են գնացել, եւ կա գուցե խիստ քայլերի գնալու անհրաժեշտություն։

- Սարգսյանն ասաց, որ այլեւս որեւէ բարձր պաշտոնի չի հավակնում, թեեւ ասում են՝  «երբեք մի ասա երբեք»։ Ձեր կարծիքով, եթե նման պահ հասունանա, Սարգսյանին ՌԴ-ն կաջակցի՞։

- Ես մի մարդ եմ, որը լավ ճանաչում է ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հայաստանը նրանց ժամանակ ուներ հրաշալի ժամանակաշրջան։ Ի դեպ, այդ մասին սիրում է խոսել Քոչարյանը, որ իր իշխանության ժամանակ շինարարական բում էր, ՀՆԱ-ն 6 անգամ ավելացել էր եւ այլն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ Հայաստանում կար ոչ թե միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, այլ տանդեմը՝ Քոչարյան-Սարգսյան։ Ի դեպ, իրենք իրար փոխլրացնում էին բնավորություններով․ եթե Ռոբերտը լուրջ մտածելուց հետո ուներ կտրուկ քայլեր անելու, խիստ որոշումներ ընդունելու  հակվածություն, Սարգսյանն ուներ մի դեր՝ ինչպես ֆուտբոլում են ասում՝ «չիստիլշչիկ»։ Այսինքն՝ հարձակման հետեւում կանգնող շատ ուժեղ խաղացող, որը թույլ տված բոլոր սխալները փորձում է ուղղել եւ հարթել սուր անկյունները։ Եվ ինձ թվում է, որ այդ տանդեմը հրաշալի արդյունքներ ունեցավ։ Եթե այսօր Սարգսյանն ասում է, որ ինքը որեւէ բարձր պետական պաշտոնի հավակնություն չունի, բայց մնալու է որպես ակտիվ քաղաքական գործոն, ինձ թվում է՝ Ձեր հարցն անիմաստ է։ ՌԴ-ի համար անհրաժեշտ կլինի, որպեսզի Հայաստանում լինեն կանխատեսելի, կարող, պետությունից հասկացող մարդիկ, որոնք ոչ մի անգամ չեն վտանգել հայ-ռուսական հարաբերությունները։ Հակառակը՝ եղել են կանխատեսելի պարտնյորներ։ Հիշեցնեմ, որ 2-րդ նախագահը հայտարարել է, որ կմտնի քաղաքականություն եւ ղեկավար դառնալու հավակնություն ունի։ Եվ ես չեմ բացառում, որ այդ տանդեմը նորից կարող է վերականգնվել եւ ունենալ շատ մեծ նշանակություն այսօրվա ճգնաժամային իրավիճակում եւ այս ողբերգությունից Հայաստանը դուրս բերելու համար։ Որովհետեւ այստեղ կա ե՛ւ ուժ, ե՛ւ վճռականություն, ե՛ւ կարողություն։ Որովհետեւ երբ նայում եմ ՀՀ քաղաքական տարածքին, չեմ տեսնում մարդկանց, որոնք քիչ թե շատ կարող են իրենց հնարավորություններով Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։

 - Տանդեմը՝ նախկի՞ն կազմով․ Քոչարյանը՝ առաջին ջութակ, Սարգսյանը՝ երկրո՞րդ։

- Հասկանում եք, որ եթե Սարգսյանն ինքն է ասում, որ ոչ մի պետական գործի չի գնալու, այլ կարող է լինել միայն խորհրդատու, իսկ Քոչարյանն ասում է, որ գնալու է եւ պետք է դառնա վարչապետ, հասկանալի է, որ նրանք իրար լրացնող գործոններ կարող են լինել, որոնց հարաբերություններից շատ բան է կախված։ Այդպես եղել է եւ այսօր էլ կարող է այդպես լինել։