ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ շուրջ 11 տարի առաջ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան էր հասցվել մի շատ կարևոր գործ մարդու կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ:

Ըստ Մարուքյանի՝ այսօր ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով և պարտավորեցրել է Հայաստանին Ենգիբարյանի ընտանիքին վճարել 39.000 եվրո փոխհատուցում։

«Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը իր որոշմամբ վճռել է, որ Ենգիբարյանի մահվան առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։

Արման Ենգիբարյանի ընտանիքը դիմել էր Հելսինկյան Քացաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որից հետո ներպետական ատյաններում և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում Ենգիբարյանի իրավահաջորդի շահերը ներկայացրել են փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Տաթևիկ Մատինյանը՝ դեռևս 2012 թվականին։

Սույն գործով պետք է պատասխանատվության կանչվեն նախկին ոստիկանապետը, դատական համակարգի և իրավապահ համակարգի այդ գործով պատասխանատուները»,- նշել է Մարուքյանը։

2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել են Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տվյալներով` Ենգիբարյանը կասկածվել էր որպես 2011 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևանում բնակարաններ ավազակային հարձակումներ կատարած անձ ու հետապնդվել, չենթարկվելով ոստիկանների պահանջներին`Արմանը մարդաշատ վայրում զենք էր կիրառել` ոստիկանների դեմ օգտագործելով օրինական կերպով իրեն պատկանող գազային ատրճանակը:

Արման Ենգիբարյանի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով 2011 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնել, քանի որ նախաքննությամբ պարզվել է, որ Արման Ենգիբարյանին վնասազերծած ոստիկանության ծառայողների գործողությունները եղել են իրավաչափ:

Համաձայն չլինելով ՀՔԾ-ի որոշման հետ` Արմանի հարազատները դիմել են դատարան: Ըստ նրանց` իրենց որդուն ոստիկանները սպանել են, գործողություններն էլ օրինաչափ չեն եղել, Արմանի երկու երեխաներն էլ մնացել են առանց հայրական խնամքի:

Այսպես՝ գործը հասել է մինչև Եվրոպական դատարան: