Եկել էր ասելու՝ ձեզ թևեր պետք չեն

Եկել էր ասելու՝ ձեզ թևեր պետք չեն

Մեր շնորհաշատ բժիշկներից մեկի հետ էի զրուցում, այսպիսի բան ասաց․ «Եթե ամենածանր հիվանդն անգամ բժշկի մոտից ժպտալով  դուրս չի  գալիս, ուրեմն նա բժիշկ չէ»։ Բժիշկը արթնացնում է մարդու ներքին ուժերը, ռեսուրսը և մարդը պայքարում է հիվանդության դեմ։ 

Փորձառու քաղաքական գործիչը ոչնչով չի տարբերվում բժշկից։ Նա  ավելի պատասխանատու է, որովհետև միաժամանակ կարող է աշխատել մեկ միլիոն և ավելի  մարդու վրա։ Մեկ միլիոն մարդու թևերը կարող է կտրել կամ թևեր տալ։ Ասելիքս արդեն պատկերացրիք։ Լևոն Տեր Պետրոսյանի երեկվա հարցազրույցը՝ քաղաքագիտականը մի կողմ թողնելով,  ի՞նչ ազդեցություն ունեցավ հանրության վրա։ Իհարկե, մահացու, դժոխային անսփոփ, անհույս։

Տեր Պետրոսյանը, եթե կարդա, այսպես կասի՝ եթե այդ վիճակում եք, ինչպե՞ս չասեմ, որ այդ վիճակում եք։ Անգամ եթե այդ վիճակում ենք, նման հարցազրույցը մարդկանց բարոյապես ոչնչացնելու, կամազուրկ դարձնելու և հուսահատության հասցնելու դրսևորում էր։ Դա դուք կարող էիք քննարկել նախագահների ու վեհափառի հետ, բայց ոչ հանրայնացնել։ Հանրայնացնելու իմաստը չեմ հասկանում։ Պատերազմներից ֆիզիկապես ջնջխված, տնավեր, հազարավոր զավակներ կորցրած մոլորյալ ժողովուրդը, որը փորձում է ինչ որ կերպ ոտքի կանգնել, բարձրանալ, դուք բարոյական ու հոգեբանական  այնպիսի հարված եք հասցնում, այնպիսի ծուղակի մեջ գցում հանրությանը,  որն ավելի դաժան է, քան թշնամու հասցրածը։ Եկել էր ասելու՝  ձեզ թևեր պետք չեն։

Հուսով եմ պատկերացնում եք, որ թռչունի թևերը կտրելով, դուք նրան մատնու՜մ եք անշարժության , դուք խլում եք ճախրելու ու երկինքը գրկելու նրա ազատությունը, դուք վերցնում եք նրա բաժին երկինքը ու հողին եք նետում նրան․․․ Երեկվա հարցազրույցը հոգեբանական առումով թիրախային էր ու ինձ թվում է, հոգեբաններն այս ուղղությամբ աշխատելու խնդիրներ ունեն։