Եւս մեկ անգամ հաստատվեց, որ Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում

Եւս մեկ անգամ հաստատվեց, որ Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանն այսօր 1 ամսով կալանավորվել է «Իզմիրլյան» ԲԿ֊ի ղեկավար Արմեն Չարչյանին։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը որոշման մասին ասաց. «Դատարանը գտել է, որ Չարչյանի` քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում ռիսկը բարձր է։ Միանշանակ այն բողոքարկելու ենք, քանի որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է։ Նման որոշմամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»։

Փաստաբանի խոսքով` ցուցմունքները, որոնք ներկայացնում է վարույթն իրականացնող մարմինը, որով իբրև թե հիմնավորվում էր կասկածը, հակառակը, դրանցով ավելի շատ հերքվում է հիմնավոր կասկածը. «Այսինքն, ըստ դատարանի, ազատության մեջ գտնվելու պարագում Չարչյանը կարող է ազդել ցուցմունք տվածների վրա»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։