Ընդդեմ Ավինյանի ու նրա խոսնակի հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին

Ընդդեմ Ավինյանի ու նրա խոսնակի հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ապրիլի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմում է ներկայացրել, որում ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա խոսնակ Հայկ Կոստանյանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ․
    
«Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 43-Ն որոշմամբ հաստատվել են տեղական վճարների դրույքաչափեր, այդ թվում, համաձայն որոշմանը կից հավելվածի 28, 29, 30 և 31 կետերի՝ ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար։ Հիշյալ որոշման 4-րդ կետը սահմանում է, որ այն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

Որոշման իրականացման ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև նրա ենթակայությամբ գործող քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, թերանալով իրենց պարտականությունների կատարման մեջ, որոշմամբ սահմանված ժամկետում չեն փոխել որոշման մեջ նշված փողոցներում տեղական վճարների դրույքաչափերի մասին տեղեկատվական վահանակները։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը 2024 թվականի հունվարի 16-ի հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․ «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 1-10-ը ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, նշված հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի»1։

Հարկ է նկատել, որ նման կարգավորում և արտոնություն Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 43-Ն որոշմամբ սահմանված չէ։ Այդ ժամանակաշրջանի համար, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի  և նրա ենթակայությամբ գործող մի շարք պաշտոնյաների պաշտոնական անփութության և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով Երևան քաղաքին պատճառվել է հսկայական վնաս, որի կոնկրետ չափը հնարավոր կլինի հաշվարկել համապատասխան վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում։

2024 թվականի հունվարի 27-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ բովանդակությամբ գրառում․

«Սիրելի՛ երևանցիներ, հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները՝ հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում: Քանի որ հնարավոր են մեքենաների կուտակումներ փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանզի կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»:

Հարկ է նկատել, որ նման կարգավորում և արտոնություն Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 43-Ն որոշմամբ սահմանված չէ։ Այսինքն` քաղաքապետը և նրա ենթակայությամբ գործող պաշտոնատար անձինք մի կողմից թերացել են ձնամաքրման աշխատանքների կազմակերպման հարցերում, մյուս կողմից Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ապօրինի հայտարարություն է հնչեցվել տեղական վճարից ազատելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէ ավագանու որոշմամբ՝ Երևան համայնքի պատճառելով հսկայական վնաս, որի կոնկրետ չափը հնարավոր կլինի հաշվարկել համապատասխան վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում։    «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ը սահմանում է, որ «Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի արտոնություններ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել համայնքի ավագանին` տեղական տուրք կամ վճար վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով տեղական տուրքը կամ տեղական վճարը»։ Այսինքն՝ օրենքը քաղաքապետին, կամ այլ պաշտոնատար անձի, առանց համայնքի ավագանու որոշման իրավունք չի տալիս սահմանել տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ։

Սրանով պայմանավորված Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի կողմից կատարված գործողություններն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածներով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներին։

Խնդրում ենք Ձեր իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործության հանգամանքները պարզելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև համայնքին պատճառած վնասները վերականգնելու ուղղությամբ»,- ասված է դիմումի մեջ։