Ո՞րն է Արման Բաբաջանյանի նպատակը՝ Վերնատուն-2 կամ Հակավերնատուն ստեղծե՞լը

Ո՞րն է Արման Բաբաջանյանի նպատակը՝ Վերնատուն-2 կամ Հակավերնատուն ստեղծե՞լը

Տեւական ժամանակ կուլիսներում քննարկվում է՝ ի վերջո, ո՞րն է սեփական խաղը սկսելու համար «Լուսավորից» դուրս եկած Արման Բաբաջանյանի վերջնախաղը․ Նիկոլ Փաշինյանի կողքին լինե՞լը, թե՞ սեփական խաղը տանելը:Մի կողմից իրեն պահում է ինչպես ընդդիմադիր ժամանակների «կլասիկ Նիկոլ», մյուս կողմից՝ ոմանք չեն բացառում, որ ստեղծելիք առանցքը բոլորովին այլ գծի մեջ է լինելու, ոչ թե «սեւերի» ու «սպիտակների» միջեւ բուֆերային գոտում։
 Ինչեւէ, «իշխանությունների հակակշիռ» կամ «այլընտրանք» բառերը, որոնք ամենից հաճախ էին հնչում Բաբաջանյանի նախաձեռնած անդրանիկ հավաքին, այս պահին չեն կարող բացահայտել բաբաջանյանական «Մարշալի ծրագրերը»։ 

 Ամեն դեպքում, դեկտեմբերի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Հավաք՝ հանուն ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության» անունով նախաձեռնության անդրանիկ հավաքին մասնակցելու ցանկություն հայտնած ուժերի ցանկը կարծես թե Բաբաջանյանի երազածը չէր՝ չկային Արամ Զ․ Սարգսյանը, Գուրգեն Արսենյանը, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները։ Գուրգեն Արսենյանն ասաց, որ չի ցանկանում խոսել իր չմասնակցելու թեմայով։ Չնայած, նախօրեին Արման Բաբաջանյանը Հ1-ի եթերում պոտենցիալ մասնակիցների թվում նշել էր նրա անունը։ 

Իսկ նախաձեռնությանն արձագանքած անձինք նրանք էին, որոնց գրեթե միշտ կարելի է տեսնել Բաբաջանյանին պատկանող «1-ին լրատվականի» եթերում․ Ռուբեն Մեհրաբյան, Նարինե Դիլբարյան, Վիգեն Խաչատրյան, Ազատ Արշակյան, Միքայել Հայրապետյան, Արման Նավասարդյան, Նորայր Նորիկյան, Անուշ Սեդրակյան, Կարինե Խոդիկյան եւ այլն։ 
 Տանտիրոջ իրավունքով, Արման Բաբաջանյանը նախ ներկաներին բացատրեց, թե, ինչու են հավաքվել։ «Հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլեւ ներկա իշխանության ներկայացուցիչները՝ իրենց ապաշնորհությամբ եւ ոչ կոմպետենտությամբ: Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել, բայց նաեւ չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հեղափոխության պաշտպանը: Սա նշանակում է, որ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի»,- ասաց նա ու ավելացրեց, թե իշխանության ներսում նախկինից մնացած համակարգերը պատրաստ են ետ շրջել այս ընթացքը, «եթե այդպիսի հարմար պահ եւ հնարավորություն ստեղծվի»: Հետո արդեն խոսեց այն մասին, թե ինչու իրենց միավորումը պետք է դառնա իշխանության հակակշիռը, որն այժմ բացակայում է: 

Հավաքի նշանակալից պահերից մեկը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ելույթն էր, որի ժամանակ տեսախցիկները ֆիքսեցին Արման Բաբաջանյանի գլխով տմբտմբացնելը։ Միքայել Հայրապետյանը հայտարարեց․ «Եկեք մի հատ ճշտենք՝ ո՞րն է մեր քաղաքական օրակարգը, եւ ի՞նչը ինչով ենք ուզում փոխել։ Ինչպես Թումանյանն էր ասում՝ հնից ընկել ենք, նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել։ Այսինքն՝ հին, վատ համակարգը քանդված է կամ քանդման պրոցեսի մեջ է, նորի մասին գաղափար չունենք։ Իսկ եթե պիտի ասենք ընդամենը՝ ավելի լավ երկիր ենք ուզում, այդ կարգախոսը, ապա դա ինչո՞վ է տարբերվում «Երջանիկ ապագա», «Երջանիկ երկիր» կարգախոսներից, մի 3-4 տարի առաջ, որ հնչում էին։ Կոնկրետ, որոշակի բաներ կա՞ն, թե կարգախոսային բաներ են։ Եթե չէ՝ մենք մանիպուլյացիաների դաշտում ենք մնալու։ Դարձյալ գեղեցիկ խոսքեր եւ ոչ ավելին»։ 

Առհասարակ, տպավորություն էր, որ ներկաներից ոմանք էլ շատ չէին կողմնորոշվում՝ իրենց ինչի՞ կամ ո՞ւմ շուրջն են համախմբում եւ ինչի համար։
Նշենք, որ 5-ժամյա քննարկումներից հետո ներկաները ցրվել են՝ պայմանավորվելով, որ հավաքի անունից կերաշխավորվեն մարդիկ, որոնք կսկսեն բանակցություններ վարել քաղաքական եւ հասարական կազմակերպությունների հետ՝ հավաքի ճշգրտած օրակարգով։ Խոսքը, մասնավորապես, հետեւյալ հարցերի մասին է՝ դատաիրավական համակարգի փոփոխություններ, սահմանադրական փոփոխություններ, ԸՕ, Կուսակցությունների մասին օրենք։

Հավաքին ներկա Ազատ Արշակյանին հարցրինք, թե, իր կարծիքով, հավաքի նպատակը հեղափոխությանը պաշտպանե՞լն էր, թե՞ այլընտրանք ձեւավորելը։ Նա ասաց՝ հեղափոխությանը սատար կանգնելը՝ որպես նոր ընթացքի, նոր Հայաստանը պաշտպանելը, իսկ, առհասարակ, որպես քաղաքական միավոր՝ մրցակից լինելը դաշտում ներկա բոլոր հնարավոր ուժերին, այդ թվում՝ հեղափոխական թիմին ու ծրագրերին։ Մի խոսքով՝ երկուսը մեկում՝ թե՛ գաղափարակից, թե՛ մրցակից։ Ինչ վերաբերում է իրենց կարգավիճակին, ապա, Արշակյանի խոսքով, իրենք դառնալու են կոնֆեդերացիայի նման մի բան, ոչ թե միապետություն։ «Ոչ թե ուղղահայաց ենթակայությամբ, այլ հորիզոնական կազմակերպություն է, որի ուժերը համագործակցում են այն հարցերում, որտեղ մոտեցումները համընկնում են, իսկ որտեղ չեն համընկնում, մնում են ձեռնպահ եւ անգամ վիճում են»,- բացատրեց Արշակյանը։
Հարցրինք՝ իր կարծիքով, միավորումը եղա՞վ, թե՞ ոչ։ «Միավորվելու խնդիր դրված չէր, դա գաղափարակիցների, համախոհների հանդիպում էր եւ նույնիսկ պետք է ասեմ, որ ներկա, բացակա, որպես այդպիսին, չարվեց։ Սովորաբարարվում է, այսինքն՝ մարդիկ գրանցում են իրենց կարգավիճակը»։ Արշակյանի ամփոփմամբ՝ պարզապես ներկաները հավանություն տվեցին կազմակերպիչ մարմնի հայտարարությանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանին հարցրինք՝ վստա՞հ են, որ այդ նախաձեռնությունը, ի վերջո, չի հանգելու Բաբաջանյանի ապագա կուսակցության մեջ միավորվելուն։ Դիլբարյանը վստահեցնում է՝ ոչ։ Եվ վստա՞հ է, որ իրենք չեն դառնում Վերնատուն-2 կամ Հակավերնատուն։ «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ դա շատ պարզունակ քայլ կլիներ․ «Ընդհանրապես, որեւէ բանի հակա դառնալը, իմ կարծիքով, անարդյունավետ եւ ցածր ՕԳԳ ունեցող գործողություն է։ Հարթակի նպատակն է՝ հավաքել հասարակական, քաղաքական, մտավորական ուժերի, որոնց նպատակը ժողովրդավարական, թափանցիկ ու արդյունավետ կառավարման համակարգ ունեցող Հայաստանն է»։ 
Ի դեպ, տեղեկացանք, որ Նարինե Դիլբարյանը հավաքին գնացել էր ոչ թե որպես անհատ, այլեւ որպես կուսակցությունից լիազորված անձ։