Խնդիրն է՝ Սահմանադրությունը սղղացնել, քանի դեռ չկա հուժկու ընդդիմություն

Խնդիրն է՝ Սահմանադրությունը սղղացնել, քանի դեռ չկա հուժկու ընդդիմություն

Երկու տարի շարունակ մեզ հանդիմանում են՝ «բա Սերժի վախտ խի՞ չէիք քննադատում»։ Ներկայացնում ենք հերթական հոդվածը «Հրապարակի» արխիվից։ Այսօր հրապարակում ենք 2015 թվականի մարտի 27-ի հոդվածը՝ սահմանադրական հանրաքվեի հետ կապված։ Հեղինակ՝ Գայանե Սարիբեկյան։

Սահմանադրական «բարեփոխումների» հանրաքվեն սարերի հետեւում չէ: Եթե մինչեւ վերջերս Հանրապետական կուսակցության վերանախավը դժվարանում էր կոնկրետ նշել, թե այն երբ կկայանա, ապա վերջին օրերին քաղաքական կուլիսներում ժամկետ են նշում՝ մինչեւ տարեվերջ: Պահանջված լայն կոնսոլիդացիան արդեն երաշխավորված է, ինչի մեկնարկը եղավ մարտի 12-ին, երբ ընդդիմադիր կուսակցությունները շարվեշարան գնացին նախագահական, բացի Հայ ազգային կոնգրեսից, ում հրավեր չէին ուղարկել: Առանց աչք թարթելու, առաջինը ԲՀԿ-ն խոնարհվեց Բաղրամյան 26-ի առջեւ, մինչդեռ հենց այդ սահմանադրական փոփոխությունների դեմ էր իրենց անդուլ պայքարն ու, մեղմ ասած, անփառունակ վախճանը: Պառլամենտական համակարգին անցնելու իշխանության շտապողականության մասին, թե ինչու 2015-ին եւ ոչ նախկինում նշված ժամկետում՝ 2016-ին, պարզաբանումներ վերին մակարդակով դեռեւս չեն տրվում: Հետագա գործընթացների մասին նախընտրում են առայժմ չխոսել: Սակայն շրջանառվում են վարկածներ, որոնցից մեկը կապված է 2016-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության հետ, երկրորդ պատճառը, որ նշվում է, քաղաքական դաշտում խաղաղություն հաստատելն է: Հուժկու ընդդիմությունը, ի դեմս Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան տանդեմի, տապալված է, ընդդիմադիր դաշտը՝ ջլատված: Հանրությանը «ոչ»-ի շուրջ համախմբելու ժամանակահատվածը կարճ է: Առավել եւս, որ մինչեւ մայիս արմատական ուժերը դադար են վերցրել՝ պայմանավորված Ցեղասպանության 100-ամյա տարելիցով:
Մեր հարցին, թե ինչով են բացատրում սահմանադրական «բարեփոխումները» 2015-ի վերջին ավարտին հասցնելու շտապողականությունը, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Եթե, ըստ էության, փաստաթուղթը պատրաստ լինի ամռանը, ինչո՞ւ աշնանը պառլամենտում չդնել քննարկման: Եթե ամեն ինչը պատրաստ է, ինչո՞ւ մեկ տարի հետո դնել քվեարկության»: Բայց ամեն ինչ դեռ պատրաստ չէ, իսկ քվեարկության ժամկետն արդեն որոշված է: Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ տարի հետո դրվի քվեարկության, Նիկոյանը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ տարի շուտ լինի: Գործընթացը պետք է դանդաղի կամ տեւական լինի այնքանով, որքանով որ դա անհրաժեշտ է հայեցակարգի մշակման համար, քաղաքական դաշտի երկխոսության կոնսոլիդացիայի համար, հայեցակարգ մշակելու համար, այն ընթացակարգը, որով պետք է անցնի: Հիմա, եթե աշնանը պատրաստ լինի, ինչո՞ւ ուշացնել գործընթացները մեկ տարով»: Հնարավո՞ր է, որ այն պայմանավորված լինի քաղաքական դաշտի ժամանակավոր խաղաղությամբ, չէ՞ որ այդ նախագծի իրականացման լրջագույն խոչընդոտները հօդս ցնդեցին փետրվարյան ուժգին պայթյունից հետո, իսկ նոր հուժկու ընդվզողները դեռ չեն ուրվագծվում: «Ես միշտ ասել եմ՝ սուրբ տեղը թափուր չի մնա, եւ հնարավոր է, որ այդ տեղը շատ արագ լրացվեր: Եվ ասեմ, որ ընդհանրապես, սահմանադրական փոփոխություններն այն միավորող գործոնն են, որի շուրջ կարող էին միավորվել սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները: Նույն հարցն էլ ես եմ Ձեզ տալիս՝ միգուցե մեկ տարի հետո քաղաքական դաշտն ավելի համաձայն կլիներ, կհամագործակցեր իշխանության հետ այդ հարցով, քան հիմա՞»: Նիկոյանի մեկնաբանությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին տեղեկությունները հիմնավորված չեն:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
2015թ․ մարտի 27