Հայերեն է թարգմանվել Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը

Հայերեն է թարգմանվել Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը

Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել 20-րդ դարի ամենահայտնի եւ ընթերցվող հեղինակներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը, ում թարգմանությամբ վերջին տարիներին ընթերցողին են ներկայացվել մեծանուն գրողի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արեւմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը» գործերը։ Հերթը Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպինն է, որն առաջին անգամ՝ 1959 թ., հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben («Կյանքը՝ պարտքով») վերնագրով։ Իսկ 1961 թ. լույս է տեսել գրքի ձեւաչափով՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 

Գրքի հերոսը՝ 50-ական թվականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն, առողջարանում այցելում է երբեմնի գործընկերոջը, որ երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում է երկուսին, ապագա չունենալն է․ Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ սպրդելով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Փարիզում, Հռոմում եւ Մոնտե Կառլոյում նրանք ապրում են իրենց բաժին ընկած կարճատեւ կյանքը։