Երկրո՞րդ, թե՞ երրորդ կապիտուլյացիա․․․

Երկրո՞րդ, թե՞ երրորդ կապիտուլյացիա․․․

Փաշինյանն ու իր թմբկահարները հաճախ էին ի լուր հայկական ներքին լսարանի հայտարարում, որ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք և պետք է հետ քաշվի։ Դրանք ձևական, հանրությանը մոլորեցնող  հայտարարություններ էին, բացատրեմ՝ ինչու։ 

Ադրբեջանը հայկական որ տարածքներում նստած է, դրանք նախօրո՛ք է Նիկոլ Փաշինյանը  հանձնել։ Հիմա ոնց որ մոռացել եք, թե ինչպես Սև լիճ մտան, Կապանի մայրուղին վերցրին, Շուռնուխն ու Որոտանը կիսեցին, Իշխանասար բարձրացան․․․ Ջերմուկն ու մնացածն էլ ընթերցողին եմ թողնում, որ հիշի։ Հիշեք նաև Փաշինյանի զորքերի հետքաշման հայտարարությունը։ Այսինքն ինքը էն գլխից տվել է այն, ինչ նրանք ուզել են։ Հարմար թշնամուն  տեղավորել է, որ երբ նա  մնացածը ուզի, ձայն հանող չլինի։ Ձայն հանելու դեպքում Ադրբեջանը բարձր սարերից ու դիրքերից  շերեփով մեր գլխին կտա։  Հիմա Ադրբեջանին հանձնելու հայկական հերթական գյուղերն են շրջանառության մեջ դրվել՝ իբր խաղաղության օրակարգի ներքո։ Էդ գյուղերն էլ Փաշինյանը կարող էր հետքաշման միջոցով հանձնել, ինչպես հայկական անսահման տարածքները։ Ինչու՞ չի արել, պարզ բացատրություն ունի։ Այն տարածքները, որտեղ Նիկոլը թույլ է տվել, որ Ադրբեջանը դիրքավորվի, 80- 90 տոկով արոտավայրեր, դաշտեր են եղել։

Գյուղապետերը եղել են իր նշանակածները և աղմուկ չեն բարձրացրել, չեն ասել՝ էդ ի՞նչ ես անում, դրանք քո հոր տնից բերած հողե՞րն են։ Ասենք Տեղ գյուղում մի 50- 60 սեփականատեր զրկվել են իրենց հողերից, չեն կարող այնտեղ  մտնել, համայնքապետերը նրանց լռեցնելու ձևերն էլ գիտեն, լռեցրել են։ Նման ձևով այս քաղաքականությունը շարունակելու դեպքում, «թուրքը ոտ- ոտ մեր գյուղերին մոտեցնելով» Փաշինյանը դժվար թե չհասկանար, որ այդ գյուղերը վաղ թե ուշ դատարկվելու են։ Դաժան է ասելը, բայց երկար խելք պետք չի հասկանալու, որ վաղ թե ուշ այդ գյուղերն էլ են անցնելու թշնամուն։ Մի բան, որ շարժվում է, ընթացքի մեջ է՝ առաջ է գալու, բնության օրենք է։

Հիմա հերթը եկել է գյուղերում բնակվողներին հասել։ Ասում են իբր Նիկոլը երկրորդ կապիտուլյացիայի փաստաթուղթն է ստորագրում, որ դատարկի գյուղերը։  Դա անձայն անել չի կարող։ Այդքան ընտանիք, ճակատագիր․․․ Հիմա ուզում եմ հասկանալ, Նիկոլը երկրո՞րդ, թե երրո՞րդ կապիտուլյացիան է իրականացնում։  Բա էն հանձնած տարածքները, դրանք նվե՞ր ենք տվել, թե՞ գրավ ենք դրել։ Նրանց մասին էլ չեն խոսում, ոնց որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Այնպես են խոսում՝ իբր խոսքը մի քանի տասնյակ գյուղերի մասին է․․․ Այնինչ ողջ Հայաստանն է դրվել ականների վրա։ Շղթայական հանձնման ենք գնում։ Մի փաթեթի մեջ է հանձնվու՞մ։  Տոնածառի լույսերի նման, որ մի տեղ խախտվում է, բոլոր լույսերը շղթայաձև հանգում են։ Լավ, դա չեք նկատու՞մ։ Հայաստանը դրվել է շղթայական հանձնման ռելսերի վրա։