Ձախողված օպերացիա․ ո՞րն է լինելու հաջորդ քայլը

Ձախողված օպերացիա․ ո՞րն է լինելու հաջորդ քայլը

Հրայր Թովմասյանին չեզոքացնելու իշխանական օպերացիան, Սահմանադրական դատարան հասնելուն պես, տապալվեց: Բարձր դատարանը չքննեց Թովմասյանի լիազորությունները կասեցնելու առաջարկով Ազգային ժողովի դիմումը: Աշխատակարգային քննարկման ընթացքում որոշում կայացվեց դիմումը վարույթ չընդունել: Անաչառ իրավաբանները ՍԴ-ի որոշումն ուղղակի ապտակ են որակում գործող իշխանությանն ու քաղաքական մեծամասնությանը։ Մերժման որոշումը դեռեւս չի հրապարակվել, եւ հայտնի չէ, թե որոնք են մերժման հիմքերը՝ ՍԴ-ն կարող է օգտվել եռօրյա ժամկետում որոշումը հրապարակելու օրենքով նախատեսված հնարավորությունից, սակայն իրավաբանական համայնքն արդեն ենթադրություններ է անում։ Ըստ ամենայնի՝ դիմումը կազմվել է ընթացակարգային ակնհայտ խախտումներով, ինչի մասին պնդում էին նաեւ ԲՀԿ-ականները, դրա համար էլ ՍԴ-ն նույնիսկ վարույթ չի ընդունել։ Եթե պարզվի, որ այդպես է, կնշանակի, որ քաղաքական մեծամասնության կազմում մի խելքը գլխին իրավաբան չկա, ու ընդհանրապես՝ երկրի օրենսդիր թիվ մեկ կառույցն անգրագետների հավաքատեղի է։

ՍԴ որոշումը, այդուհանդերձ, անակնկալի է բերել «Իմ քայլը» խմբակցության մի մասին, մյուսներն ասում են՝ սպասում էին, որ «Հրայր Թովմասյանի ղեկավարած կառույցում այլ որոշում չէին էլ կարող ընդունել»։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որքան էլ տարօրինակ թվա, խուսափում էր կարծիք հայտնել՝ անկեղծանալով, թե ինքը գործընթացին գրեթե չի մասնակցել։ Նա ասում էր, որ պետք է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից ստանալ բոլոր հարցերի պատասխանները։ «Ով կազմել է դիմումը, նրան էլ պետք է հարցնել, ես տեղյակ չեմ»,- համառում էր նա։

«Ես չեմ կարող վերհիշել հայցադիմումի՝ վարույթ ընդունելու չափանիշները, որ ենթադրեմ, թե ինչու է մերժվել։ Մենք ամեն անգամ օրենքը բացում-կարդում ենք, բայց այդ հարցերն ավելի լավ կլինի տաք զեկուցողին կամ հարակից զեկուցողին, ովքեր ուսումնասիրել են եւ ավելի հստակ գիտեն այդ հարցի պատասխանները»։ Բաղդասարյանը չի կարծում, թե ժամկետների պատճառով է դիմումը մերժվել, հարցն ավելի շատ բովանդակային դաշտում է եղել․ «Հիմա ԱԺ-ն դիմել էր՝ համարելով, որ Հրայր Թովմասյանի մոտ կա էական կարգապահական զանցանք, էական էր դա, թե ոչ՝ մենք չենք կարող այդ հարցին պատասխանել, հստակ չափանիշներ չկան, սա էր վեճի առարկան»։

Պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի ընդունում իշխանությանն ուղղված մեղադրանքը ու վստահեցնում է․ «Մեր դիմումը նորմալ, գրագետ էր, բայց որոշումն էլ էր սպասելի։ Մենք գիտեինք, թե ում հետ գործ ունենք, դրա համար էլ անակնկալ չէր»։ Հետաքրքրվեցինք՝ եթե գիտեիք, ինչո՞ւ էիք դիմում։ «Ես չեմ ասում՝ գիտեինք, ասում եմ՝ անակնկալի չեկանք, իսկ դիմել ենք, որովհետեւ իրավական գործընթաց էր»։

Իմքայլական Տիգրան Ուլիխանյանը, ում կարծիքով՝ ԱԺ-ի դեմ խաղ չկա, եւ ցանկացած պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու մասին հայտարարությունից հետո տվյալ պաշտոնյան պետք է ինքնակամ հեռանա, անակնկալի է եկել ՍԴ որոշումից։ «Ես չէի սպասում, որ նման որոշում կընդունի»,- երեկ մեր զրույցում անկեղծացավ նա։ Բայց քանի դեռ չեն հրապարակվել մերժման հիմքերը, պատգամավորը ցանկություն չունի մտնել բովանդակային քննարկումների դաշտ․ «Ես միայն մի բան կարող եմ ասել մեր քաղաքացիներին՝ բոլոր դեպքերում վերջնական նպատակին հասնելն անխուսափելի է լինելու։

Բարձր հեղինակությամբ ՍԴ, այնուամենայնիվ, ունենալու ենք։ Ու երբ ես ասում եմ, որ հասնելու ենք մեր նպատակին, անօրինական կոչ չեմ անում, ինչպես ընկալում են շատ մանր-մունր մարդիկ։ Մենք անելու ենք օրինական գործողություններ»։ Թե ինչ գործողություններ են դրանք, Ուլիխանյանը չբացահայտեց։ Փակագծերը չբացեցին նաեւ մյուս գործընկերները, որոնք նույնպես պնդում էին, որ ՍԴ-ի դեմ պայքարը չի ավարտվում, իրենք կօգտվեն այլ գործիքաշարերից։

Ի հեճուկս այն հայտարարության, որ ՍԴ նախագահի պաշտոնից կհեռանա իր լիազորությունները դադարելուց հետո, Հրայր Թովմասյանը, պատգամավորի համոզմամբ, «աներկբա» կհեռանա․ «Ինքը չէ որոշողը, Հրայր Թովմասյանը չլինի, ով ուզում է լինի, եթե ֆիքսում ենք, որ ժողովրդի կամքն է, որ նա պետք է հեռանա, չի կարող մնալ»։ Փոխարենը ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը կասկած չուներ, որ նման որոշում է լինելու։ «Իհարկե՝ սպասելի էր, մենք գիտեինք, որ այդպես է լինելու»,- այսպես է արձագանքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հարցին, թե սպասելի՞ էր Սահմանադրական դատարանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ չընդունելը։ «Եթե Սահմանադրական դատարան է ուղարկվում մի փաստաթուղթ, որի իրավական հիմքը թույլ է, բնականաբար, կմերժվեր»։ Պատգամավորը հիշեցնում է, որ հենց այդ պատճառով է, որ ԲՀԿ-ն որոշում կայացրեց չմիանալ իմքայլականների դիմումին։

ԼՀԿ-ն այս հարցում միացել էր իշխանականների պահանջին։ Երեկ այս խմբակցությունից Տարոն Սիմոնյանը մեզ ասաց, որ քանի դեռ մերժման հիմքերը չեն հրապարակվել, իրենք չեն կարող ասել՝ ինչու է ՍԴ-ն մերժել, ունե՞ր հիմքեր, թե՞ ոչ։ Սիմոնյանը չի բացառում, որ ընթացակարգերի, ժամկետների խախտմամբ է դիմումը ներկայացվել, բայց ասում է, որ դա ոչ թե իրենց խնդիրն է, այլ՝ «դիմումը կազմողի»․ «Մենք ընդամենը նայել ենք հիմքերը, ասել, որ դրանք ամբողջության մեջ կարող են քննության առարկա դառնալ, մնացածի հետ մենք կապ չունենք»։

Հիշեցնենք, որ բարձր դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, դրանք պետք է ընդունել ի գիտություն։