Եթե ավելի լավ տարբերակ հնարավոր էր, ինչու՞ չգտնվեց

Եթե ավելի լավ տարբերակ հնարավոր էր, ինչու՞ չգտնվեց

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը տեսլական չունի, նա պարզապես առաջ է տանում Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսլականը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալն ու այդ կարգավիճակը պահելն է: Նա մինչ այդժ չի հրաժարվել այդ գաղափարից»- հստակեցրել է Բալասանյանը: 

Նախ, ի՞նչ նշանակություն, ունի, թե ինչ գաղափար է պաշտպանում պաշտոնաթող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե նա իշխանություն չէ եւ որեւէ ազդեցություն չունի ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վրա: Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել 1998թ. փետրվարի 4-ին: Նրանից հետո երկու տասնամյակ Ադրբեջանի հետ բանակցել են նախ Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ Սերժ Սարգսյանը: Եւ եթե կարգավորման ավելի լավ, բացառապես հայանպաստ տարբերակի հնարավոր էր հասնել, ապա ինչու՞ չի գտնվել: Այժմ՝ «Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալու ու այդ կարգավիճակը պահելու»՝ Բալասանյանի կողմից առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ներկայացրած մեղադրանքի մասին:

ԼՂ կարգավորման փուլային տարբերակը, որի պաշտոնական անվանումն է «ԼՂ զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր (նախագիծ)» հասանելի է համացանցում:

Այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք, ակնարկ իսկ չկա: Համաձայնագիրը նախատեսում է ԼՂ զինված հակամարտության դադարեցում: Պայմանականորեն այն կարելի է անվանել «Խաղաղության համաձայնագիր»:

Այն պետք է ստորագրեին, ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնեին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանը: Խաղաղության հաստատումից հետո երեք կողմերը պետք է շարունակեին բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտորոշման նպատակով: Տրամաբանական հարց է ծագում՝ եթե Ադրբեջանը նախապես ճանաչում էր Լեռնային Ղարաբաղը եւ նրա հետ կնքում հակամարտության զինված փուլի դադարեցման մասին համաձայնագիր, եթե Բաքուն ընդունում էր, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրավազորություն պետք է ունենան նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ողջ շրջանն ընդգրկող տարածքում, որտեղ անվտանգությունն ապահովելու էին առկա ռազմական ուժերը, այսինքն՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության կազմավորումները,- իսկ այդ ամենը մանրամասնորեն շարադրված է Համաձայնագրի տեքստում,- ապա խաղաղության հաստատումից, կոմունիկացիաների բացումից, բուֆերային գոտում, որն, ի դեպ, պետք է մնար ապառազմականացված եւ չբնակեցված, խաղաղապահ առաքելության իրականացումից, Ադրբեջանի զինված ուժերի  հեռանալուց հետո ի՞նչը կարող էր դառնալ Ադրբեջանի կազմում «Ղարաբաղին ինքնավարություն տալու ու այդ կարգավիճակը պահելու» հիմք կամ պատճառ:

Մի՞թե պարզ չէ, որ եռակողմ Համաձայնագրով արվում էր կարեւորագույն քայլ՝ Ադրբեջանը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղը որպես պատերազմող կողմ եւ պարտավորվում նրա հետ քննարկել վերջնական կարգավիճակի հարցը:

Այդ բանակցությունները կարող էին տեւել տասնյակ տարիներ, դրանից ԼՂ փաստացի անկախությունը ոչնչով չէր տուժելու, եթե չասենք, որ ամրապնդվելու էր, որովհետեւ Ստեփանակերտի համար երաշխավորված էին լինելու լեգիտիմ հարաբերություններն առնվազը ԵԱՀԿ –ի եւ ՄԽ համանախագահ երկրների հետ: Սա էր Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսլականը, որը մերժվեց: Անցել է շուրջ 22 տարի: Այդ ընթացքում ի՞նչ հարցեր էր ուզում լուծել հայկական դիվանագիտությունը: Որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի հակամարտող կողմ, Ստեփանակերտը մասնակցի բանակցություններին: Այսօր էլ հայկական դիվանագիտության առջեւ նույն խնդիրներն են: Իսկ Ադրբեջանը մերժում է: Եւ համանախագահներն են «խորհուրդ են տալիս» բանակցային ձեւաչափի փոփոխության հարց չդնել՝ ինչպես պարզ ձեւակերպված է ս.թ. մարտի 9-ի նրանց համատեղ հայտարարությամբ: Սա է իրողությունը, այս հանգրվանում ենք գտնվում: Կարելի է, իհարկե, ասել, որ Արցախը մերժում է կարգավորման ցանկացած առաջարկություն, պնդում փաստացի սահմաններում անկախության ճանաչումը: Դա էլ տարբերակ է, բայց՝ ոչ կարգավորման: Բայց անցյալը փորփրելու ի՞նչ անհրաժեշտություն կա: Մանավանդ որ բացվող շերտերն ամենեւին էլ չեն հաստատում, թե կարգավորման այսօրվա տարբերակն ավելի լավն է, հայանպաստ, քան՝ 1998-ի հունվարին մերժվածը: