Թող դուրս գան փողոց, եթե հավաքվի 20 հազար մարդ, կառավարությունը երևի կփոխի իր որոշումը

Թող դուրս գան փողոց, եթե հավաքվի 20 հազար մարդ, կառավարությունը երևի կփոխի իր որոշումը

Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում լոզունգներ, եւ այդ սերը ոչ միայն վերբալ մակարդակում է (ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու), կառավարությունը 48 մլն 900 հազար դրամ է հատկացրել Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ձեռագիր ֆլեշմոբի իմպլեմենտացիայի համար։ Իսկ այդ պատասխանատու գործը հանձնարարվել է հեղափոխության առաջնորդի գիրքը հրատարակած «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, ով հայտնի է նրանով, որ երկու ձեռքով պաշտպանում է ՀՀ նոր քաղաքական իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված յուրաքանչյուր միտք ու գաղափար։

Ամեն ինչ ավարտուն տեսք է ստանում, երբ պարզվում է, որ «Անտարես»-ին այս գործը հանձնարարվել է առանց մրցույթի։ Սա օրենքով արգելված չէ, բայց օրենքով արգելված չէին նաեւ հին Հայաստանում անցկացվող մեկ անձից գնումները, իսկ անտենդեր «հաղթողներն» էլ օրենքից դուրս չէին։ «Իմ քայլի» պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ այդ տարիներին մեկ անձից գնումների հարցով մասնագիտացած հակակոռուպցիոն ուսումնասիրություններ էր իրականացնում։ Մենք զրուցեցինք Արմեն Մարտիրոսյանի հետ։

- Նախ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ինչ-որ մտքեր պրոպագանդելու համար կառավարությունը 50 միլիոն դրամ է հատկացնում։

- Որպես քաղաքացի՞ եք հարցնում, թե՞ որպես գործարար։

- Որպես մարդ, որին հանձնարարված է այդ գործը։

- Ես ընդամենը այդ հավաքական աշխատանքի կոորդինատորն եմ։ Այդ գումարը ստացել են Հայաստանի 7 տարբեր կազմակերպություններ ու կստանան։

- Իսկ ինչո՞ւ առանց տենդերի։

- Անօրինակա՞ն է տենդերի չանցկացումը։ Անբարոյակա՞ն է։ Ես ինչ-որ քայլ եմ արել, որ անօրինական է կամ անբարոյակա՞ն։

- Չէ, բայց ամենամեծ կոռուպցիոն ռիսկը պարունակում է առանց տենդերի որեւէ բան շահելը։

- Եթե ես կոռուպցիայի մեջ եմ, դա շատ հեշտ կարող են պարզել քննչական մարմինները։ Կոռուպցիան դա հանցագործություն է, Դուք ասում եք, որ ես հանցագործ եմ։ Եկեք՝ Ձեզ թարգմանեմ, ասում եք՝ սա ամենակոռուպցիոնն է։ Ես էլ ասում եմ՝ կոռուպցիան հանցագործություն է, Դուք կարող էիք օգտագործել մեկ այլ բառ։ Միանգամից արդեն դատարանի տեղը որոշում եք։

- Չէ, ես ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտում, բայց նախկիններն էլ նույն բանն էին անում։ Իրենք էլ էին ասում՝ անօրինական է։

- Ես որպես քաղաքացի եմ մեկնաբանում, ոչ որպես կոնֆլիկտի կողմ։ Ես կարծում եմ, որ ընտրված իշխանության նշանակած կառավարությունը որոշում է կայացրել, եւ այդ որոշումն իրեն պետք է որ արագ լինի։ Իսկ տենդերի գործընթացը տեւում է 3 ամիս։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կառավարության որոշման մասին իմացել եմ Ձեզ հետ միասին եւ իմացել եմ, որ, հավանաբար, նման որոշում կկայացվի դրանից 2 օր առաջ։ Ես ընդամենը գնառաջարկ եմ արել, եւ կառավարությունը գնհարցում է արել տարբեր ընկերություններից, հետո դրանից հետո վերցրել է ինչ-որ տարբերակ։ Մեր տարբերակն իրեն դուր է եկել ու սկսել է այդ տարբերակը վերափոխել իր ուզած ձեւով։ Այսինքն՝ տենդերը դու կարո՞ղ ես վերափոխել քո ուզած ձեւով։ Երեւի՝ չէ։ Դուք տենց տենդե՞ր եք պատկերացնում, տենց տենդեր, որտեղ 7 օպերատոր կլինեն, ամեն մեկը 3, 4, 5 վահանա՞կ կտա։ Բայց ես չեմ կարա կառավարության տեղը պատասխանել, թե ինչու է այդ գործընթացը մեզ հանձնարարել։ Ինձ հուզում է՝ դա օրինակա՞ն է, թե՞ ոչ։ Գիտեմ՝ օրինական է, որովհետեւ լեգիտիմ իշխանության կառավարությունը պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ ասելով՝ ժողովուրդ, ես գարանտ եմ կանգնում․․․․

- Իսկ Դուք կարծում եք, որ այս կառավարությունն ունի՞ այնքան լեգիտիմություն, որ իր ազնիվ խոսքին հավատան անվերապահորեն։

- Ես ինչքան գիտեմ՝ ունի 70 տոկոս ընտրազանգված։

- Այդ ընտրազանգվածն այդ ձայնը տվել է գրեթե մեկ տարի առաջ։ Եվ երկրորդ․ այնպես չէ, որ հասարակության մեջ նման կասկածներ չկան։

- Բա ի՞նչ անենք, եթե կան, կարելի է դրա համար գործընթացներ սկսել։ Օրինակ՝ գնալ դատախազություն եւ պահանջել՝ խի՞ ա կառավարությունը նման բան արել։ Գնալ դատարան։ Ազգային ժողովն ընդունի մի ուրիշ օրենք, որը կչեղարկի այդ որոշումը։ Ու որ ասում եք՝ շատերը, շատերը, թող դուրս գան փողոց, ու եթե հավաքվի մի 20 հազար մարդ, կառավարությունը երեւի կփոխի իր որոշումը։

- Պարոն Մարտիրոսյան, Դուք պաշտպանում եք թիմին ու Փաշինյանին․․․

- Ի՞նչ է նշանակում՝ պաշտպանում եք։ Ես պաշտպանում եմ իմ վաղվա օրը։ Եթե իրենք ասում են բաներ, որոնք ես ասել եմ առաջ եւ հիմա եւ հետո, ես իրենց հետ ճանապարհ ունեմ անցնելու։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխի եւ ասի էն բաները, որոնք ես 5, 10 տարի, երեկ չեմ ասել, չեմ անցնի։

- Հասկացա, բայց  պատահակա՞ն եք համարում, որ Ձեզ սկսել են համերգներ վարելու հրավիրել․․․

- Ներողություն, ինձ չեն հրավիրել համերգներ վարելու, ես փրկել եմ այդ համերգը։ Ես այդ համերգի համար հոնորար չեմ ստացել։ Ես 15 տարի հրատարակում եմ գրքեր, որը կոչվում է «Մեր ժամանակի հերոսը»․ իրենց ժամանակների հերոսները՝ Արքիմեդը, Նյուտոնը, Լեոնարդո դա Վինչին։ Մարդիկ, որոնք փոխել են աշխարհը։ Հիմա ես սա տպագրում էի, երբ չկար հեղափոխություն, հիմա եկավ նոր իշխանություն, որն իմ միտքը պատրաստ է շարունակել եւ զարգացնել։ Եվ սկսեցի այդ իշխանությանն օգտակար լինել այդ հարցում։ Մինչեւ այդ որոշված էր, որ պետք է վարեն Աննա Ավետիսյանը եւ ինչ-որ մի գործարար։ Ես պատկերացնում էի, որ դա պետք է լինի Ռաֆայել Հովհաննիսյանը, բայց երբ նա ասաց, որ չի տեսնում իրեն այդտեղ, ապա տկլոր էր մնում։ Մենք գնացինք նրան, որ ես վարեցի, ես կյանքում չէի վարել նման միջոցառում։ Այսինքն՝ ես զոհաբերել եմ ինձ, որովհետեւ ես լավ չեմ վարել, ես խայտառակ եմ արել հանրության առաջ։ Բայց պետք էր, որ ինչ-որ մեկն աներ։ Ես եմ արել։

- Պարոն Մարտիրոսյան, իսկ հեղափոխական այս պրոպագանդան ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանի՝ «Իմ գրիչն իմ զենքն է» կամ այլ բովանդակությամբ պաստառներից։ 

- Ինձ թվում ա, էլի, դա իմ կարծիքն է՝ բնույթով, էությամբ։ Ստեղ կա նպատակ 2050-ին վերափոխել Հայաստանը, որի հետ ոչ ոք չի վիճում, այդ մարդն էլ ընտրել է այդ քայլը՝ դրան հասնելու համար։ Երբ նա անում էր իր քայլը, միլիոնավոր հայաստանցիներ, կողքից նայում էին՝ ասում էին՝ ոչ մի բան չի փոխվի։ Տարբերությունն էության մեջ է։ Մեկը պրոպագանդում է՝ իմ զենքն էս ա, էն ա, էս մյուսն ասում ա՝ մենք ուզում ենք 2050 թվականին ունենալ սա, սա, սա։ 

ՀԳ․ Լոզունգների նկատմամբ սեր ուներ նաեւ Սերժ Սարգսյանի վարչակարգը․ բոլորս հիշում ենք մայրաքաղաքի թանկարժեք պաստառները, որտեղ իրենց բնագավառում հայտնիներն ասում էին՝ «Իմ երգը իմ զենքն է» (Շուշան Պետրոսյան), «Իմ գրիչն իմ զենքն է», «Բեմը իմ զենքն է»։ Անհայտ մնաց, թե Սերժ Սարգսյանին ինչ տվեցին այդ պաստառները, բայց փաստ է, որ շատ արագ ՀՀԿ-ի պրոպագանդիստական այս գործիքները դարձան ընդդիմադիր մամուլի կողմից քննադատության եւ հումորի լավ առիթ․ «Հիվանդությունն իմ զենքն է», «Իմ զենքն իմ Սերժն է»։ Կառավարությունն այդ նախաձեռնության անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ նպատակը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է:

Սակայն այլախոհության բացակայության, առաջնորդի պաշտամունքի, իշխող քաղաքական ուժի մենիշխանության, հին քաղաքական ու սոցիալական կառուցվածքներն ու ենթակառուցվածքները ջարդելու, բնակչության խորը աղքատության ու համատարած դժգոհության՝ տոտալիտար եւ ավտորիտար վարչակարգերին բնորոշ ատրիբուտներն էին այդ լոզունգները։ Եվ նաեւ նման պոռոտախոսությամբ ու սին լոզունգներով հասունացրին 2018-ի հեղափոխությունը։