Թիվ 16 հատուկ դպրոցն ավելի «հատուկ» է, քան մյուսները

Թիվ 16 հատուկ դպրոցն ավելի «հատուկ» է, քան մյուսները

Երեւանի Ավան թաղամասում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ, որը համարվում էր գիշերօթիկ, կառավարությունն անցյալ ամիս  ընդունեց  խոստացված որոշումը: Այն ուժի մեջ է մտել: Կառավարությունը փոխզիջումային տարբերակ գտավ բողոքավոր դպրոցի համար: Այն, ի վերջո, վերածվեց հանրակրթական հիմնական դպրոցի, սակայն՝ առանձնահատուկ կարգավիճակով․ ի տարբերություն այլ նմանատիպ դպրոցների՝ այն աշխատելու է  երկարօրյա ռեժիմով: «Մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը կազմակերպությունն իրավունք ունի սովորողների կրթությունը կազմակերպել երկարօրյա ռեժիմով` սովորողներին ապահովելով օրական երկանգամյա սննդով»,- գրված է սեպտեմբերի 19-ին ընդունված որոշման մեջ: Սնունդն ապահովվելու է պետական միջոցների հաշվին: 

Հիշեցնենք․ 16-րդ դպրոցի շուրջ սեպտեմբերի 2-ին մեծ աղմուկ էր բարձրացել: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել էր փակել այն: Կոլեկտիվն ու ծնողները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, հրավիրեցին լրատվամիջոցներին, տեսախցիկների առաջ ելույթներ ունեցան: Նախարարության աշխատակիցներն այդ բուռն օրերին այցելում էին դպրոց եւ մանկավարժներին ու ծնողներին, նրանց ակցիաները լուսաբանող լրագրողներին բացատրում, որ դպրոցը չի լուծարվելու: Պարզապես, «Հանրակրթության մասին» օրենքի պահանջով, անցում է կատարվում ներառական կրթության: Հայաստանով մեկ գիշերօթիկ դպրոցների փոխարեն ստեղծվում են բժշկամանկավարժական-հոգեբանական կենտրոններ:
Այս քայլը համապատասխանում էր Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող կրթական քաղաքականությանը, ըստ որի՝ առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաները պետք է սովորեն հանրակրթական դպրոցներում, իսկ նախկին հատուկ դպրոցները, վերածվելով հոգեբանական աջակցության կենտրոնների, օգնելու են դպրոցներին այդ երեխաների կրթությունը կազմակերպելու հարցում: 

Սա ընդհանուր մոտեցում էր: Բազմաթիվ հատուկ դպրոցներ, ենթարկվելով սահմանված կարգին, փոխեցին կարգավիճակը, բայց թիվ 16-ի համար, փաստորեն, բացառություն արվեց: Դպրոցը «դե յուրե» դարձել է հանրակրթական, բայց, փաստացի, այստեղ նույն կարգերն են՝ երեխաները երկու անգամ սնվում են: Միայն գիշերները չեն քնում դպրոցում, բայց վերջին տարիներին եւս, երբ այս դպրոցը գիշերօթիկ դպրոցի կարգավիճակ ուներ, աշակերտները դպրոցում չէին գիշերում: Այդ դեպքում ինչո՞ւ 16-րդ հատուկ դպրոցին կառավարությունն արտոնություն տվեց՝ պետության  հաշվին սնունդ ստանալու: Գուցե այն ավելի՞ հատուկ էր, քան մյուսները: Կամ, գուցե, կառավարությունը վախեցա՞վ մանկավարժների ակցիաներից: 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը վստահեցնում է, որ 16-րդ հատուկ դպրոցի համար բացառություն չի արվել: «Բացառության խնդիր չկա, ուղղակի երեխաներ են, որոնք ունեն նաեւ սոցիալական լուրջ խնդիրներ: Բոլոր այն երեխաները, ովքեր ունեն կրթության հատուկ կարիք, կարող են սովորել հանրակրթական դպրոցներում՝ նույն հանրակրթական ծրագրերով: Սա սովորական հանրակրթական դպրոց է՝ երկարօրյա ռեժիմով»: Թե քանի այսպիսի սովորական դպրոց կա Հայաստանում, որոնք նաեւ պետության  հաշվին երկարօրյա ունեն, Աշոտ Արշակյանը չգիտեր, բայց նշեց, որ այդպիսի դպրոցներ կան: «16-րդ հատուկ դպրոցը դարձել է հանրակրթական հիմնական դպրոց, որն իրականացնելու է նաեւ երեկոյան ուսուցում, աշխատելու է երկարօրյա ռեժիմով: Դպրոցներ ունենք, որ երկարօրյա ռեժիմ ունեն, դպրոցն ինքն է կազմակերպում դա, եթե ունեն ֆինանսական միջոցներ, ու ծնողների ցանկությամբ»: Այլ կերպ ասած՝ երկարօրյա ունեցող մյուս կրթօջախներն իրենք են հոգում երեխաների սննդի ծախսերը, իսկ այս դպրոցում դա արվելու է պետության հաշվին:  Եվ, ուրեմն, ինչո՞ւ է այս դպրոցն արտոնություն ստացել մյուս հատուկ դպրոցների համեմատ:

Մանավանդ, որ այստեղ նախարարության կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ աշակերտների մեծ մասը չունի հատուկ կարիքներ: 

Ըստ կառավարության տեղեկանքի՝ Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցում 2018-2019 ուստարում սովորել է  202 աշակերտ: Գնահատվել է 170 սովորող: Գնահատման արդյունքում պարզվել է, որ 100 երեխա ֆունկցիայի խանգարում չունի, հետեւաբար՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ 56 երեխա ունի տեսողական ֆունկցիայի թեթեւ խանգարում, 14 երեխա՝ միջին խանգարում, 37 սովորող չի գնահատվել, քանի որ ծնողները համաձայնություն չեն տվել: 
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարող են իրենց կրթությունը շարունակել որեւէ  հանրակրթական դպրոցում կամ Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում՝ առաջնորդվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով  (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով):
Ստացվում է՝ կառավարությունն արտոնություն է տալիս մի դպրոցի, որի աշակերտների մեծ մասը հատուկ կարիքներ չունի, եւ որը տարիներ շարունակ օրենքի խախտումով է գոյատեւել: