«Հրապարակ». Վարչապետի տուրիստական այցն Արարատ

«Հրապարակ». Վարչապետի տուրիստական այցն Արարատ

Վարչապետ Փաշինյանը հեծանվային արշավների արանքում ավտոմոբիլային շրջագայություններ է կատարում Հայաստանով։ Անունը դնում է, թե սուբվենցիոն ծրագրերի է ծանոթանում, եւ մի ահռելի շարասյուն կազմած՝ մեկնում որեւէ մարզ։

Ամեն տեղ ենթակա պաշտոնյաները՝ գործադիրից, մարզային ու համայնքային իշխանություններից, գործարարները նրան դիմավորում են, պատմում, թե ինչ լավ են իրենք աշխատում։

Օգոստոսի 21-ին վարչապետն Արարատի մարզում էր, պտտվում էր գյուղերով, ասֆալտն էր ստուգում, կիսավարտ շինությունները՝ Երասխի մարզադպրոցը, Արալեզի մանկապարտեզը, Հայանիստի դպրոցը, մետաղյա կամ բետոնե «կմախքներն» էր դիտում, Արարատ գյուղի մետաղաձուլարանը, Պարույր Սեւակ գյուղում ինչ-որ տան շինհրապարակում եղավ, ինչ-որ այգի գնաց։ Նրա ամեն քայլը վավերագրողներն արձանագրում էին՝ տեսանյութեր, ֆոտոներ, որոնք հետո սփռվում են ողջ համացանցով ու TV-ներով։

Բայց կարեւորն առիթն էր՝ խոսելու կառավարության ծրագրերից, թե ինչքան փող են հատկացրել այս կամ այն գյուղին, ճանապարհի կառուցմանը, ու քանի որ շինարարությունից բան չի հասկանում, իսկ պոկելու ցնցուղ կամ կախիչներ դեռ չկային այդ տեղերում, վարչապետը լրագրողական հարցեր էր տալիս։ Մասիսում նոր կառուցվող ճանապարհը նայելիս հիշեց՝ մանկապարտեզ էր կառուցվում, բա ի՞նչ եղավ։ Դալար գյուղում ինտենսիվ այգում հարցրեց մասնավոր ընկերության ներկայացուցչին՝ բերք ստացե՞լ են, տափակ դե՞ղձ, եւ երկու մատի կոմբինացիայով ցույց տվեց նեկտարինի հաստությունը։ Իմանալով, որ 400 մլն դրամ ներդրումից կառավարությունը վերադարձրել է 119 մլն դրամը, նոր հարց ծագեց վարչապետի գլխում․ «Վերադարձն ըլներ-չըլներ, դուք ներդրումը կանեի՞ք»։ Պատասխանը, իհարկե, «չէ»-ն էր, իսկ եզրակացությունը՝ որ կառավարության ծրագիրն աշխատում է։

Ի դեպ, Մասիսում վարչապետին դիմավորեց ոչ թե քաղաքապետը, այլ նրա տեղակալ Նորայր Հակոբյանը։ Մի չնախատեսված կանգառ էլ վարչապետն արեց իբր պատահական մի գյուղացու այգու մոտ, որը, պարզվում է, շատ-շատ գոհ է իր կյանքից, ընտիր ապրում է, արդեն 6 անգամ լոլիկի բերք է հավաքել։ Լուսառատում վարչապետի վրա հարձակվեցին դժգոհ խաղողագործները, որոնք չեն կարողանում բերքն իրացնել։ Վարչապետն այստեղ ասաց, որ պետք է հանեն իրենց միջից «տառապող, բատրակ», չարչարվող, ձեռքերը ճաքած, ոտքերը ճաքած, ձեռքերը մազոտ, ոտքերը մազոտ գյուղացու պատկերը։ Կողքից օգնության հասավ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ բացատրելով, որ եթե իրենք գրանցվեն խաղողագործության ռեեստրում, ունենան քարտեր, այդ ժամանակ նրանց կյանքը կփոխվի։ Երեւի ոտքերին ու ձեռքերին էլ մազ չի աճի, ու չարչարված տեսք էլ չեն ունենա։ 

Այգավանում Փաշինյանը լեզվակռվի բռնվեց Ուկրաինայում հացը վաստակող գործարար Մուշեղ Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ ոչ մի բան էլ Այգավանում սպորտի գծով չեն արել։ Ասաց ու փոշմանեց, երեւի, որովհետեւ Փաշինյանն անմիջապես անցավ իր սիրելի նախկինների թեմային։ «Եղբայր, 30 տարի ո՛չ սպորտ է արվել, ո՛չ էն է արվել, ո՛չ էն է արվել, այսինքն` դուք ուզում եք մենք գանք, 6 տարում ինչ կա-չկա, անե՞նք»,- ասաց նա։ Գործարարը ոչ թե փորձեց համոզել, որ ամեն ինչ էլ արվել է 30 տարի, այլ զգուշորեն նկատեց՝ մի հատ սպորտ չլինի՞ երեխեքի համար: Փաշինյանը պատասխանեց ընդհանուր ֆրազներով․  «Էսօր հարյուրավոր մարզադպրոցներ են կառուցվում, մարզադահլիճներ»։ Վերջում էլ մեղադրեց գործարարին՝ գյուղի համար ոչինչ չանելու համար։ «Գնում եք էնտեղ՝ 1000 դոլար աշխատում, գալիս եք էստեղ՝ 50 դոլարն ուզում եք մի միլիոնի տեղ ծախեք»,- ասաց երկրի ղեկավարը քաղաքացուն։ 

Մեր զրուցակից՝ Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին զայրացրել են 30 տարի ոչինչ չանելու մասին նիկոլականների զրույցները։ «16 թվի իմ գրած ծրագրերը հիմա իրենք շարունակում են։ Ես մարզում ամենաբարձր աշխատավարձերն եմ տվել, մանկապարտեզի աշխատողները Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն են ստացել։ 30 մլն դրամով մանկապարտեզը հանձնել եմ իրենց, այսօր այդ աշխատող մանկապարտեզը փակել են՝ անունը դնելով վթարային։ 40-45 մլն գումար պետք է ծախսեին ընդամենը, որ նորոգեին։ 120-130 սան եմ ունեցել, էսօր Ուրցաձորից տանում են Դաշտաքար երեխեքին։ Էլի թող սարքեն, բայց եղածն ինչո՞ւ չեն աշխատացնում։ Ես պուրակ սարքեցի, ճոճանակներ դրեցի մանկապարտեզի կողքին, որ օգտվեն մարդիկ, հիմա ո՛չ ծառ են տնկել, ո՛չ մշակել են, 8-10 խմբակից 3 խմբակ է եղել։ Նույնը՝ դպրոցը։ Ցանկապատը կերել են»,- ասում է նախկին գյուղապետը։ 

Սակայն Ուրցաձոր այցը բավականին ուրախ անցավ։ Տափի բերդը եւ եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ․, բայց աշխատանքները կիսատ էին մնացել, 5 մլն դրամի պեղումներ են նախատեսված այստեղ, օժանդակ շինությունների վերականգնում, եկեղեցին, պարիսպը, հին սենյակների պատերը չունեն արգելոցի կարգավիճակ, բայց շուտով ստանալու են՝ պատմում էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Բայց վարչապետին հետաքրքրում էին զուտ բիզնես հարցերը։ Հուսահատ նայելով ամայի քարակույտերին, հին կիսաքանդ պատերին, որոնց արժեքը միայն դրանք պեղած գիտնականներն են հասկանում, վարչապետն ասաց․ ախր, հուշարձանը պետք է իրեն պահի, պետք է կարողանանք վաճառել տուրիստին էս տեղը։ «Սա մշակութային ազգագրական բիզնես պլատֆորմ պետք է դառնա, նենց անենք, որ չարգելակենք պոտենցիալ ներդրումը, կողքերը հնարավորություն տանք, որ մարդիկ ներդրումներ անեն»,- ասաց նա։ Այստեղ աշխուժացավ Արարատի կոկորդիլոսագետ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ասելով, որ 3 տարի է՝ այստեղ փառատոններ են անցկացնում, տաղավարներ են դնում, «բեմ ա լինում», համերգներ են կազմակերպում՝ «Նեմրա», Գարիկ-Սոնա, Արամ ՄՊ-3, թե չէ «մարզի շատ մարդիկ չգիտեին, որ այստեղ ունենք բերդ»։ 
Ու մենք պատկերացրինք պահպանվող մշակութաբանական տարածքը, որտեղ գիտնականները պեղումներ են անում, իսկ շուրջբոլորը հյուրանոց, սրճարան, տաղավարներ են՝ չիր ու չամիչով լիքը, որտեղ հանգստանում ու առեւտուր են անում երջանիկ տուրիստները։ Ի դեպ, արգելոցի հետ կապված հիշեցնենք, որ ամբողջ Ուրցասարը, Տիգրանաշենի կողքի տարածքը խորհրդային շրջանում արգելոց էին։ 29000 քմ արգելոցից այսօր մնացել է 22000-ը։ Եթե վերականգնող են, թող դա վերականգնեն։ 

Սուբվենցիոն ծրագրերով Արարատում 77 մլն դրամ արժեքով ճանապարհ է հիմնանորոգվում, որի կեսից շատը տրամադրել է կառավարությունը, 353 մլն դրամ արժեքով մարզադպրոց է կառուցվում, որից 229 մլն դրամը հատկացրել է կառավարությունը, Այգավանում խմելու ջրագիծ են սարքում՝ 385 մլն դրամ արժողության, որից 230 մլն դրամը հատկացրել է կառավարությունը, Վանաշենում՝ դպրոց եւ այլն, եւ այլն։ Կառավարության հաղորդագրության մեջ փնտրեցինք Տիգրանաշեն այցը, որն անկլավի կարգավիճակ ունի եւ, ըստ լուրերի, պետք է հանձնվի Ադրբեջանին, բայց չգտանք։ Տիգրանաշենը համարվում է Պարույր Սեւակ բնակավայրի թաղամաս։ Պարույր Սեւակի վարչական ղեկավարից հարցրինք, թե ինչու, իր կարծիքով, վարչապետը չգնաց Տիգրանաշեն։ «Եթե նպատակային այցը եղել է կոնկրետ տարածք, ես ինչպե՞ս ասեմ՝ ինչու չեկավ Տիգրանաշեն»,- պատասխանեց վարչական ղեկավարը։

- Հա, բայց կասենք, չէ՞, որ մարզում շատ համայնքներ գնաց, իսկ այնտեղ չգնաց, որովհետեւ Տիգրանաշենը հանձնելու է։

- Շատ տեղեր չի գնացել, գնացել է ֆիքսված տարածքներ։ Նույն համայնքի ներսում էլ նենց չի, որ ամեն տեղ մտել է։

- Կա՞ն Տիգրանաշենում սուբվենցիոն ծրագրեր։

- Մենք ունենք այնտեղ շատ աշխատանքներ արած, որ էլի մեծ գումարների մասին է խոսքը՝ լուսավորություն, խմելու ջրի համակարգեր։ Նմանատիպ հարցերը ցանկալի չեն։ Հարցեր կան, որ իմ պատասխանելունը չեն։

- Ընդհանուր՝ գո՞հ եք Դուք։ 

- Ինձ գոհացնում է իմ վարչական տարածքում մեծ աշխատանքներ անելու առումով, սկսած պաշտպանական տեսանկյունից։ Ու դա չենք կարող չնկատել։ Մենք ամեն տարի նոր մեծ աշխատանքներ ենք տեսնում՝ թե՛ տնտեսության, թե՛ գյուղի բնակեցման առումով։ Ունենք խմելու ջրի վաղուցվա խնդիր, շատ մեծ գումարների մասին է խոսքը, եւ մեզ խոստացել են կենտրոնանալ այդ հարցի վրա, որը մեզ համար ապրել-չապրելու խնդիր է լուծում։ Ընդհանուր վերաբերմունքից գոհ ենք։ 

- Կա՞ մի մեծ բան, որը խոստում չէ, արդեն արվել է Պարույր Սեւակի համար։ 

- Արտադրամաս, որ 40 աշխատատեղ է ապահովելու, 70-ից ավելի նոր կառուցվող բնակարաններ պետք է լինեն, ապագայում էլ՝ 120-ից ավելի, նոր կառուցվող դպրոց՝ ամեն հարմարությունով։ Բոլորը խոստումնալից բաներ են, որ 30-40 տարի չենք տեսել։ 3 մլրդ դրամի միայն խողովակաշարի մասին է խոսքը, ոռոգման ջրի։