Արսեն Զախարյանը կգա Հայաստան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ սենսացիոն մանրամասներ Զախարյանի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակից

Արսեն Զախարյանը կգա Հայաստան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ սենսացիոն մանրամասներ Զախարյանի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակից

Հանրահայտ մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նոր մանրամասներ է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակից։

Լոնդոնի «Չելսին», Ռոմանոյի պնդմամբ, շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի ֆուտբոլիստը հայտնվի ազնվականների կազմում։ Ըստ լրագրողի՝ հենց լոնդոնյան ակումբն է ֆավորիտը Զախարյանի տրանսֆերը գնելու հարցում։ Ռուսական մարզական լրատվամիջոցներն էլ գրում են, որ մյուս ամիս Զախարյանը ժամանելու է Հայաստան՝ ՀՀ անձնագիր ստանալու համար։ Սա թույլ կտա Զախարյանին Անգլիայում շատ ավելի հեշտ աշխատանքային թույլտվություն ստանալ։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ սա ամենևին չի նշանակում, որ Զախարյանը պատրաստվում է խաղալ Հայաստանի հավաքականում, ավելին՝ շարունակելու է լինել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ, քանի որ այս պահին գոնե խոսք չկա մարզական քաղաքացիության փոփոխության հետ կապված։

Նշվում է նաև, որ «Չելսիի» ղեկավարությունը ևս կողմ է, որպեսզի ֆուտբոլիստը մնա Ռուսաստանի հավաքականում, քանի որ սա հնարավորություն կտա Զախարյանին ավելի շատ ժամանակ տրամադրել անգլիական ակումբին, իսկ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, հիշեցնենք, պատժամիջոցներ են կիրառվում։ Նշվում է նաև, որ տրանսֆերի համար պահանջվող գումարը հնարավոր է «Չելսին» փոխանցի հենց հայկական բանկերից մեկի միջոցով։ Զախարյանի ընտանիքը, նշենք, Արցախից է՝ Մարտակերտից: Արցախյան առաջին պատերազմից հետո են որոշել տեղափոխվել Ռուսաստան, որտեղ էլ՝ Սամարայում, 2003 թվականի մայիսի 26-ին ծնվել է հայազգի աստղը։