Որոշողը՝ ո՞րն է խուճապ առաջացնող, որը՝ ոչ, ջահել ԻՔ-ականների օգնականներն են

Որոշողը՝ ո՞րն է խուճապ առաջացնող, որը՝ ոչ, ջահել ԻՔ-ականների օգնականներն են

Պարետատունն անցած մի քանի օրերին շարունակում էր օգտվել առայժմ՝ մեկ ամսով իրեն տված լիազորություններից և հեռացնել տալ մամուլի հրապարակումներ և տարբեր օգտատերի ֆեյսբուքյան գրառումներ։ Նման պահանջ ուղղվեց հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Վերջինս գրառումներն, առհասարակ, որակվում են խուճապ առաջացնող։ Ինչպե՞ս են որոշում՝ որն է խուճապ առաջացնող, ո՞վ է որոշում՝ հոգեբանը, թե ինչ-որ մի անձ, որը կարող է նաև խիստ սուբյեկտիվ պատկերացնում ունենալ, թե ինչն է խուճապ, ինչը՝ չէ, արդյոք սա ի չարս չի օգտագործվում (կարծում եմ՝ այո, քանի որ այս ընթացքում նման պահանջներ դրվում են  բացառապես ոչ պրոիշխանական լրատվամիջոցների առաջ)։ 

Մեր տեղեկություններով՝մոնիտորինգն անցկացվում է Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվոթյան կենտրոնի» ՊՈԱԿ-ը։ ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը չհերքեց՝ ասելով, որ  «ՊՈԱԿ-ը ստեղծման օրվանից զբաղվում է մոնիթորինգով»։ ՊՈԱԿ-ի ղեկավարին 2 այլ հարց էլ էինք ուղղել, մասնավորապես, թե Ձեր Պոակը զբաղվո՞ւմ է մեդիայի մոնիտորինգով, , իրենց մասնագետներն ի՞նչ կրթություն ունեն, ինչպե՞ս  են որոշում՝ որն է խուճապ առաջացնում, որը՝ ոչ, քանի՞ աշխատող է դրանով զբաղված, մասնագետներն ի՞նչ կրթություն ունեն և վերջապես՝ ինչպես են որոշում՝ ո՞րն է խուճապ առաջացնում, որը՝ ոչ։ Այս մյուս հարցերին Հովհաննես Մովսիսյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ՝ լրացուցիչ ճշտումներ անելուց հետո։ Նաև մեզ հայտնի դարձավ, որ այս անիմաստ աշխատանքին լծված են նաև ԱԺ երիտասարդ իմքայլական պատգամավորների էլ ավելի ջահել օգնականները։

Այս ողջ անհեթեթությանը գումարվում է այն, որ արտակարգ ռեժիմի՝ մեդիային վերաբերող սահմանափակումները  չեն տարածվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների վրա։ Ու եթե ինչ-որ մեկը Ֆրանիսայից որևէ խուճապ առաջացնող  գրառում անի, ոչ մի պարետատուն ու պարետ նրան չի կարող հարկադրել հեռացնել այն։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը ևս այն կարծիքի է, որ որոշելը, թե ինչն է խուճապ առաջացնում, ինչը՝ ոչ,  բարդ խնդիր է։ «Նոր ես կարդացի իտալացի բժշկի դիմումը, դա նորմալ, մարդկային, էմոցիոնալ բան է, բայց էդ կարդալուց հետո խուճապի ես․․․ բայց հիմա դա չհրապաչակես, իմ կարծքով ստեղ չափորոշիչներ դնելը շատ բարդ է։ »

Պետրոս Մակեյանը նկատեց, որ մինչև արտակարգ դրություն մտցնելն էլ, իշխող քաղաքական ուժը փորձում էր գնալ այս ճանապարհով։ «Նախարար կար, չէ՞, տարածքայինի, Սուրեն Պապիկյան, փոխանակ հասարակությունն իրենից հաշիվ պահանջեր, թե ինչու էր իր կենսագրությունից ինչ-որ էպիզոդներ  թաքցրել, ոչ միայն իքնը բացատրություն չտվեց, դեռ մի բան էլ, կարծեմ՝ ձեր թերթն էր, ինքը դատի է տվել»,-հավելեց Պետրոս Մակեյանը։ 

Հիշեցնենք, որ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում «Չափալախեք, ինձ ընկերներ, կարող է՞ երազ է» գրառման մեջ հարց է բարձրացնում՝ եթե մարդիկ վստահ չեն, որ իրենց հրապարակումները կարող են խուճապ առաջացնել ու պատգամավորների մակարդակով նրանց առաջարկվում է խորհրդատվության համար դիմել պարետին,  իրականում աբսուրդ չէ՞։ Ինչպես երազում։
«Մնաց անհասկանալի, մարդիկ ինքնուրո՞ւյն պիտի հասկանան՝ իրենց ասելիքը խուճապածին է՞, թե՞ պիտի պարետին դիմեն՝ պարետը որոշի՝ խուճապածին է, թե՞ ոչ»,-նկատել էր Բարսեղյանը։

Լավ է, որ պարետ Ավինյանն էլ սա սկսել է գիտակցել, որ սա աբսուրդ է։  Հուսով ենք, որ այդպես է, քանի որ  Պետրոս Ղազարյանի եթերում պարետ Տիգրան Ավինյանը արձագանքելով Ղազարյանին, որն ասում էր, որ դրանք էֆֆեկտիվ չեն, ասաց, որ  հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն։ Ի վերջո, մի օր կամ ապրիլի 16-ից  արտակարգ դրություն չի լինելու և լրատվամիջոցները գրելու են ամեն ինչի մասին։ Այդ թվում ՝ բոլոր այն տեղեկությունների, որոնք արտակարգ դրության պայմաններում չեն հրապարակվել հայտնի պատճառներով։