Ընտրություններ մե՞կ փուլով, թե՞ երկու

Ընտրություններ մե՞կ փուլով, թե՞ երկու

Մարտի 21-ն Արցախի նախագահի թեկնածուների ինքնաբացարկի վերջնաժամկետն էր: Հնարավորություն, որից ոչ ոք չօգտվեց եւ քվեաթերթիկում կունենանք 14 անուն: Սակայն իրական քարոզարշավ տանում են Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայան-Մասիս Մայիլյան տանդեմը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Դավիթ Բաբայանը եւ Հայկ Խանումյանը: Մյուս թեկնածուների անուններն ընտրողների մեծամասնությանը նույնիսկ ծանոթ չեն: 

Վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ իրական մրցապայքարը ծավալվում է երեք բեւեռների՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի միջեւ: Սոցիոլոգիական հարցումներով առաջին տեղում Արայիկ Հարությունյանն է, իսկ ո՞վ է երկրորդը՝ կարծիքները կիսվում են: Ոմանք նախապատվությունը տալիս են Վիտալի Բալասանյանին, ոմանք՝ Սամվել Բաբայանի հովանավորյալ Մասիս Մայիլյանին: Երեւում է, քաղտեխնոլոգիաներ են կիրառվում, որ նախագահի ընտրությունը մեկ փուլով չավարտվի: 

Քարոզարշավի վերջին օրերին ընտրազանգվածի կողմնորոշման էական փոփոխություններ, ըստ երեւույթին, չեն լինի: Բայց լարվածությունը չի բացառվում: Կան խմբեր, որոնք ակնհայտորեն ներդրված են եւ կարող են դիմել արկածախնդրությունների: Արտաքի՞ն ազդեցության «գործակալներ» են նրանք, թե՞ նախագահի թեկնածուներից մեկի՝ առայժմ պարզ չէ, բայց մարտի 22-ից սկսած՝ որոշ շրջանակներ հանրությանը հետեւողականորեն ներշնչում են քվեարկության երկրորդ փուլի անխուսափելիությունը: Տպավորություն կա, որ դա արվում է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ձայները փոշիացնելու նպատակով: Նախագահի մյուս թեկնածուները, որ հանրային գոնե նվազագույն աջակցություն ունեն, շարունակում են նախընտրական հանդիպումները: Ըստ երեւույթին, նրանք նույնպես երկրորդ փուլի վրա են խաղադրույք դրել: Այդ իրավիճակում առաջատարների հետ քաղաքական պայմանավորվածությունն, անկասկած, ավելի բարձր գին կունենա: Մանավանդ որ ընտրված նախագահը պետք է լուծի նաեւ ԱԺ քաղաքական մեծամասնության հարցը, ինչի հնարավորություն խորհրդարանական ընտրությունները չեն տալիս՝ առանձին վերցրած ոչ մի կուսակցություն չունի այդ ռեսուրսը: 

Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին: Առայժմ չի բացառվում ոչ առաջին փուլով ավարտը, ոչ երկրորդ փուլի հավանականությունը: Մոտակա մեկ-երկու օրերին, թերեւս, պատկերն ավելի կհստակվի: