Հարց է՝ ՀՀ իշխանությունները լեգիտիմ հիմք կտա՞ն Իրանին՝ պաշտպանել Սյունիքն Ադրբեջանից

Հարց է՝ ՀՀ իշխանությունները լեգիտիմ հիմք կտա՞ն Իրանին՝ պաշտպանել Սյունիքն Ադրբեջանից

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

- ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Կոպիրկինը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կանգնած են պետականության լուրջ մարտահրավերների առջեւ, եւ կարեւոր է համագործակցել այնպես, որ մեկ երկրի շահերը համադրվեն գործընկերների շահերի հետ, եւ որ առանց դրա խաղաղ, կայուն զարգացումն անհնար է։ Ի՞նչ նկատի ուներ դեսպանը։

- Առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի ղեկավարները, նաեւ՝ Պուտինը, ասում են, որ Ռուսաստանը կանգնած է գոյության խնդրի առջեւ, եւ նկատի ունեն նաեւ ուկրաինական պատերազմի ընթացքում եւ դրանից առաջ ստեղծված Արեւմուտքի հետ հակամարտությունը։ Ինձ թվում է՝ այստեղ ամեն ինչ պարզ է։ Այն, որ Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, չունենալով տարածք, այդքան բնակչություն եւ միջուկային զենք, ավելի ծանր վիճակում է գտնվում, այստեղ բացատրելու ոչինչ չկա։ Հիմնական շեշտը երեւի դա է, որ ասում է՝ պետք է Հայաստանը եւ Ռուսաստանն այնպիսի ճանապարհ ընտրեն եւ հաշվի առնեն իրենց հարեւանների շահերը նույնպես։ Բնականաբար, այստեղ ակնարկը կարող է լինել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Իրանին։ Եթե Իրանի տարբերակը նույնպես կա՝ հաշվի առնել Իրանի շահերը եւ չգնալ որոշակի զիջումների Սյունիքի հարցում, այստեղ ճանապարհների ռեժիմին է վերաբերում, նաեւ՝ Ադրբեջանին։ Այսինքն՝ գուցե պետք է ենթադրել, որ շատ բան պետք չէ սպասել Ռուսաստանից, գուցե նաեւ Արցախի հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկա իրավիճակը։ Թե դրա տակ ինչ պետք է հասկանալ՝ դժվար է ասել։ Թե Ռուսաստանն ինչ ծրագիր ունի՝ արդեն ամբողջովին ուզում է զիջե՞լ Արցախը, թե՞ ներկա իրավիճակի հետ համակերպվել, այստեղ դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ Ռուսաստանի դիրքորոշումներն արագ փոփոխվում են այդ հարցում։ Եվ մենք տեսնում ենք խաղաղապահների պահվածքն ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը։ Գուցե իրենց ծրագրերում ինչ-որ փոփոխություններ կան Հարավային Կովկասի հետ կապված։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Ադրբեջանն ագրեսիվ դիրքորոշում ունի եւ որոշել է փուլ առ փուլ առաջ գալ՝ ե՛ւ Հայաստանի տարածքում, ե՛ւ Արցախում, ե՛ւ իրենց ասելով՝ ստրատեգիական դիրքեր գրավել ապագայի համար։ Եվ Ադրբեջանից դա բացատրում են, որ այդպիսով ստիպում են Հայաստանին գնալ զիջումների եւ իրենց պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել։ 

- Շատ փորձագետներ նշում են, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանը մեր տարածաշրջանում անվտանգային խնդիրները ժամանակավորապես թողել է Իրանի ուսերին։ Նման սցենարը հավանակա՞ն է՝ հատկապես հաշվի առնելով Իրանից հնչող հայտարարությունները։

- Իրանը պաշտպանում  է իր շահերը, Ռուսաստանը նույնպես պաշտպանում է իր շահերը, եւ Իրանը նշում է իր համար կարմիր գծեր, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքը։ Եվ դրանք պատահական հայտարարություններ չեն, եթե Ադրբեջանը փորձի մուտք գործել Սյունիք՝ Սյունիքը Հայաստանից կտրելու նպատակով, Իրանը կմիջամտի, ռազմական գործողությունների կանցնի։ Իսկ ինչ վերաբերում է մնացած բաներին, որ քայլ առ քայլ է Ադրբեջանն առաջ գնում, եւ Հայաստանը չի արձագանքում, չի դիմում Իրանին, որպեսզի Իրանը լեգիտիմ իրավունք ունենա միջամտել ու խանգարել առաջխաղացումներին՝ դա արդեն Հայաստանի կառավարությանն է պետք դիմել։ Ռուսաստանը, ըստ էության, շրջափակման մեջ է, Եվրոպայից կտրվել է, պատ է շարվել Լեհաստանով, Ուկրաինա, Ռումինիա, մերձբալթյան երկրներ, եւ Ֆինլանդիայի, Շվեդիայի մուտք գործելը ՆԱՏՕ խնդրի առաջ է կանգնեցրել նաեւ բալթյան նավահանգիստները։ Եթե քարտեզին նայեք, կտեսենք, որ ճանապարհներն անցնում են արդեն Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի ջրային տարածքներով։ Եվ կարող են նաեւ ինչ-որ պատերազմական իրավիճակներում նաեւ ոչ ռազմական նավագնացությունը կանգնեցնել, այսինքն՝ Ռուսաստանը նաեւ ծովային նավահանգիստներ է կորցնում՝ առեւտրի առումով, նաեւ Կալինինգրադի գործոնը գոյություն ունի։ Եվ Ռուսաստանի համար կարեւոր միջանցք է դառնում Հարավային Կովկասով ցամաքային ճանապարհով Իրանի միջոցով դուրս գալ Պարսից ծոց, իսկ Պարսից ծոցից՝ նաեւ Հնդկական օվկիանոս, արաբական երկրներ։ Սա դառնում է կյանքի ճանապարհ, եւ այդ ճանապարհը պիտի անցնի Ադրբեջանով, ինչը ցանկալի չէ նաեւ Իրանին, բայց եթե Հայաստանով անցնի, տարածքային խոչընդոտներ կան՝ լեռներ, ձորեր, սակայն դրանք հաղթահարելի են, ապա այդ դեպքում Վրաստանի խնդիրը կա։ Դրա համար Վրաստանում անընդհատ ապակայունացում է գնում, Վրաստանի շուրջ պայքար է գնում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, բնականաբար՝ Վրաստանին շատ շահավետ է դառնալ երկրորդ Սուեզի ջրանցքը, պայմանական ասած, Հայաստանով, Իրանով Պարսից ծոց դուրս գալու համար, ե՛ւ իրենց նավահանգիստները կաշխատեն, մեծ եկամուտներ կունենան դեպի Սեւ ծով-Պարսից ծոց, ե՛ւ դեպի Ռուսաստան՝ Պարսից ծոցից։ Այս խնդիրն է։

- Այս իրավիճակում կա կո՞ղմ, որը դեմ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

- Ադրբեջանին նաեւ խոչընդոտում են Արեւմուտքը, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը։ Նրանք չեն ցանկանում, որ Հյուսիս-հարավն աշխատի, եւ այստեղ Ադրբեջանը խնդրի առաջ է կանգնած։ Պետք է ուշադրություն հրավիրեմ 2 կարեւոր հանգամանքի վրա․ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ պատրաստ են ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ուղարկել Հայաստան, եւ գնդակը Հայաստանի դաշտում է, բնականաբար, խաղաղապահները Սյունիքում պետք է լինեին։ Եվ երկրորդ շատ կարեւոր հայտարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանի հայտարարությունն էր, ով ասաց, որ կարեւոր են Հայաստան-Չինաստան կապերը, որ Հայաստանը մետաքսի ճանապարհի կարեւոր կետերից մեկն է եղել, եւ իրենք պատրաստ են օգնել Հայաստանին՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, վերահսկմանը, Հայաստանի հետ այլ ծրագրեր ունեն եւ այլն։ Սակայն Չինաստանի բազմաթիվ առաջարկներ ներկա կառավարության մեջ որոշ մարդիկ միշտ խոչընդոտել են, թույլ չեն տվել, որ այդ ծրագրերն իրականանան։ Մենք նաեւ դա պետք է հասկանանք։ Եվ տեսնում ենք, որ վիճակն Արեւմուտքի եւ այս նոր բլոկի՝ Ռուսաստան-Իրան-Չինաստան, թեժանում է, եւ այդ թեժացումը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում է տեղի ունենում, նաեւ Վրաստանում ինչ-որ պրոցեսներ պարբերաբար լինում են։

- Այս երկու բեւեռների բախումն անխուսափելի՞ է։

- Նայած ինչ բախում։ Ադրբեջանը քայլ առ քայլ օղակը սեղմում է Արցախում եւ քայլ առ քայլ առաջ է գալիս Հայաստանի տարածքում, բայց դեռ ճանապարհը չի կտրել Սյունիքի եւ Հայաստանի միջեւ։ Եթե դա տեղի ունենա, ես կարծում եմ՝ Իրանը ռազմական միջամտություն կցուցաբերի, այստեղ կարեւոր կլինի նաեւ Հայաստանի դիրքորոշումը, որ լեգիտիմ հիմք տա Իրանին՝ զորք մտցնելու Հայաստանի տարածք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ստրատեգիական համագործակցություն է սկսվում, եւ արտգործնախարարները հայտարարեցին, որ 40 պայմանագիր են կնքելու, մոտ ժամանակներս պատրաստվում են ստրատեգիական համագործակցության մասին պայմանագիր կնքել։ Ռազմական համագործակցությունն արդեն գնում է, Իրանն արդեն ինքնաթիռներ է գնում Ռուսաստանից, Իրանը Ռուսաստանին տրամադրում է անօդաչու դրոններ, ու, բնականաբար, այդ համագործակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում պետք է լինի։ Այս պարագայում լուրջ խնդիր կա առաջին հերթին Ադրբեջանի համար, քանի որ նա արդեն իսկ երկու ծրագրերի արանքում է գտնվում, եւ աշխարհաքաղաքական խնդիրներ ունենք նաեւ մենք։

- Մեր իշխանությունների՞ հետ կապված։

- Հայաստանի իշխանություններն արդեն երկրորդ ցավոտ հարցն են, այս իշխանությունները պետք է հեռանան, բայց խնդիրն այն է՝ եթե հեռանան, ովքե՞ր են գալու։ Ավելի վատ ես դժվար եմ, իհարկե, պատկերացնում։