Նպատակը ԱԱԾ-ն կազմաքանդելն է․ ԱԱԾ-ն այլևս նախաքննությամբ չի զբաղվելու 

Նպատակը ԱԱԾ-ն կազմաքանդելն է․ ԱԱԾ-ն այլևս նախաքննությամբ չի զբաղվելու 

Քննչական կոմիտեն նոր վարչություն ունի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն, որն իր հերթին ունենալու է 4 ստորաբաժանում։ Այս վարչության գործառույթները նախկինում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչականն էր իրականացնում։

Նոր վարչությանն են փոխանցվում ԱԱԾ 47 հաստիքներ՝ քննիչների, քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկման, այս հաստիքները զբաղեցնող ԱԱԾ համապատասխան աշխատակիցներն էլ իրենց ցանկությամբ տեղափոխվել են քննչական կոմիտե։

ԱԱԾ-ում շարունակում է գործել սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, որը սակայն միայն օպերատիվ հետախուզական աշխատանք է իրականացնելու, և եթե բացահայտումներ կատարեն, ապա նյութերը պետք է փոխանցեն Քննչական կոմիտե։ Նախաքննության գործառույթ ԱԱԾ-ն այլևս չունի։ «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով արդեն իսկ նշանակվել են համապատասխան պաշտոններում», - հաղորդում է ՔԿ-ն։

Նոր գլխավոր վարչությունը տեղակայվել է ՀՀ քննչական կոմիտեի շենքի հարևանությամբ, Մամիկոնյանց 48 հասցեում։

Սահմանվել է այն հոդվածների ցանկը, որոնցով նոր ստորաբաժանումը նախաքննություն է իրականացնելու։

«ԱԱԾ-ում կար քննչական վարչություն, որը քննում էր պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ պետական դավաճանություն, լրտեսություն, դիվերսիաներ, և այլն։ Քրեական դատավարության օրենսգրքով հստակ կարգավորված էր, թե որ հոդվածներն են ընդդատյա ԱԱԾ քննչականին։ Իհարկե, գլխավոր դատախազը ուներ իրավասություն առանձին գործեր հանձնարարելու ԱԱԾ-ին։ Քրեական դատավարության նախկին օրենսգիրքը թույլ էր տալիս դա։ Հիմա, քանի որ քննչական վարչությունը ԱԱԾ-ի կազմից դուրս է եկել, այսինքն՝ ԱԱԾ-ում էլ քննիչներ չկան, ՔԿ-ում նման ստորաբաժանում է ձևավորվել», - «Հրապարակի» հետ զրույցում բացատրեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ ղեկավար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ 

Բայց գործնականում արդյո՞ք արդարացված է, որ ԱԱԾ-ն չունենա քննչական։

«Ես այն կարծիքին եմ, որ ԱԱԾ կազմում պետք է լինի քննչական մարմին։ Դա շատ ավելի արդյունավետ է դարձնում օպերատիվ և քննչական մարմինների համատեղ աշխատանքը։ Օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննիչներն ու օպերատիվ ստորաբաժանումները գործում են մեկ մարմնում, հետևաբար կա նման անհրաժեշտություն: Ընդ որում՝ ԱԱԾ-ն իր կառուցվածքով շատ ավելի խոշոր և բազմաֆունկցիոնալ կառույց է, որտեղ քննչական և օպերատիվ ստորաբաժանումներն ունեին համատեղ աշխատանքի կուտակված  մեծ փորձ», - նշեց Միքայել Համբարձումյանը։ 

Ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, դիվանագետ Էդգար Ղազարյանի, ԱԱԾ-ից քննչական ֆունկցիան վերցնելու նպատակը ոչ թե նախաքննության արդյունավետության բարձրացումն է, այլ Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդումը, մասնատումը, որպեսզի նրա ազդեցությունը թուլանա։ Նա նկատում է, որ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումները աստիճանաբար, մեկը մյուսի հետևից դուրս բերվեցին ԱԱԾ-ից, առանձին ստորաբաժանումների կարգավիճակ ստացան։

«Պետական պահպանության ծառայությունը վերցրեցին ԱԱԾ-ից, հետո` Արտաքին հետախուզության ծառայությունը առանձնացրեցին, դարձնելով վարչապետին ենթակա մարմին։ Միաժամանակ հանեցին կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը` միացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի հետ։ Այսինքն՝ ԱԱԾ-ին թողել են միայն ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը, հետախուզությունը և սահմանադրական կարգի պահպանության վարչությունը, նաև «ժուչոկներով», գաղտնալսումներով զբաղվող ստորաբաժանումը։ Թողել են միայն քաղաքական բաղադրիչը, նաև սահմանապահ զորքերը, որոնք անտեր վիճակում են», - ասում է Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցնում է, որ 2023 թվականի ապրիլին, Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվեց Արման Մարալչյանը, և մինչ օրս սահմանապահ զորքերի հրամանատար չի նշանակվել։ «Նույնը արվում է բանակի հետ։ Արդեն երկրորդ զորակոչն է, բայց զորակոչային, զորահավաքային վարչության պետ չկա, գլխավոր «վաենկոմը»` հանրապետության, ազատված է։ Մի տարուց ավելի է թափուր են Զինվաժ ուժերի գլխավոր շտաբի պետի երկու տեղակալների պաշտոնները։ Միացյալ զորքերի հրամանատարի տեղը մի տարուց ավելի է թափուր է` պաշտոնից ազատվել է, նշանակում չկա»։

ԱԱԾ-ի` որպես ինստիտուցիոնալ անվտանգային կառույցի դեմ էր, ըստ Ղազարյանի, նաև այն, որ փոխվեց ԱԱԾ տնօրենի նշանակման կարգը։ Այսօր նրան նշանակում է վարչապետը, ոչ թե ՀՀ նախագահը։ «Նախագահը նշանակելուց առաջ կարող է նաև չնշանակել, դիմել երեք օրում Սահմանադրական դատարան, հիմա այս հարցը հանվեց, այսինքն՝ մի մակարդակ իջավ նշանակման կարգը։ Բացի դա, փոփոխություն են արել օրենքում, որ ԱԱԾ տնօրեն կարող է լինել ոչ միայն ԱԱԾ-ում գնդապետի պաշտոն զբաղեցրած անձը, այլ նաև քաղաքացիական անձ։ Կարծում եմ, առաջիկանում ԱԱԾ տնօրենի պաշտոնում քաղաքական անձ կնշանակվի», -կարծում է Ղազարյանը։ 

Հ․Գ․ Քննչական կոմիտեի իրավասության տիրույթում են քննությունները այն հոդվածներով, որոնք սովորաբար մեղսագրվում են «քաղաքական» հակառակորդներին, ընդդիմադիր գործիչներին՝ ագրեսիա իրականացնելու հրապարակային կոչեր, օրենքով չնախատեսված զինված միավորում ստեղծելը կամ ղեկավարելը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը, ինչպես նաև զանգվածային անկարգությունները, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը և այլն։ Այնպես որ քաղաքական նյուանսներով գործերն հիմա արդեն քննելու է Փաշինյանի սիրելի Արգիշտ Քյարամյանի գերատեսչությունը, որի դեմ, ի դեպ, խոշտանգումների մասով վարույթներ կան։ Այս վարույթներով զբաղվում էին ԱԱԾ քննիչները։ Ի՞նչ է լինելու այս վարույթների ճակատագիրը։ Ինչպե՞ս են ՔԿ քննիչներն իրենց շեֆի դեմ գործ քննելու` կարելի է միայն գուշակել։