Ռուսերեն խոսք կա՝ с больной головы на здоровую

Ռուսերեն խոսք կա՝ с больной головы на здоровую

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն այսօր սահմանադրական նոր փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում, չնայած Նիկոլ Փաշինյանը որոշել է դրան գնալ եւ անգամ հատուկ հանձնաժողով է ձեւավորել։ «Ես Սահմանադրության փոփոխության որեւէ կարիք չեմ տեսնում, էն հանգամանքը, որը Փաշինյանը միշտ օրակարգ է դարձնում սահմանադրական փոփոխությունների թեման, ես բացատրում եմ միայն նրանով, որ  Փաշինյանն իր համար բարենպաստ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում ուզում է ձեռքի տակ ունենալ մի փաստաթուղթ՝ փոփոխված Սահմանադրության նախագիծ, որը հետո ծառայեցնի իր քաղաքական նպատակների համար։

Պարզ ասած, եթե անհրաժեշտ է, որ ինքը լինի հանրապետության նախագահ, ինքը կլինի ՀՀ նախագահ, եթե անհրաժեշտ չէ, որ ինքն էսօրվա Սահմանադրությամբ ունենա այս կամ այն լիազորությունը կամ ավելացնի դրանք, միշտ այդ հնարավորությունն ունենա։ Ինչ իրենք այդ սահմանադրական հանձնաժողովը ստեղծել են, որեւէ պրոդուկտ մինչեւ հիմա չեն տվել։ Տարբեր գաղափարներ են շարադրված այս կամ այն ձեւով, բայց որեւէ միասնական մոտեցում, թե ինչը եւ ինչու պետք է փոփոխվի, այսինքն՝ հիմնավորումներ հստակ, թե որն է էսօրվա գործող Սահմանադրության պրոբլեմը, որը խոչընդոտ է երկրի զարգացման համար, մինչեւ հիմա չեմ տեսել»,- մեզ հետ զրույցում սահմանադրական փոփոխությունների հեռանկարի մասին այսպես արտահայտվեց Պողոսյանը։

- Շատերը կարող են ասել, որ այս Սահմանադրությունը խոչընդոտ է ոչ թե երկրի զարգացման, այլ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, որովհետեւ այն այսօր ամբողջությամբ պաշտպանում է նրան։

- Ես չեմ կարող ասել, որ էդպես է, դեմ եմ էդ մոտեցմանը, որովհետեւ առաջին անգամ ՀՀ Սահմանադրությունը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնանկության հնարավորություն է տալիս՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Եթե 1995 թ․ Սահմանադրությունն եք վերցնում, ապա հանրապետության նախագահին հնարավոր չէր քաղաքական պատճառներով պաշտոնանկ անել, դա որեւէ ձեւով չփոփոխվեց 2005 թ․ փոփոխությունների արդյունքում, բայց 2015 թ․ փոփոխություններով, երբ կիսանախագահական կամ գերնախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական կառավարման ձեւին, Սահմանադրությունն ուղղակիորեն ամրագրում է, որ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով։

- Անցում կատարվեց խորհրդարանական, բայց սուպերվարչապետական կառավարման ձեւին։

- «Սուպերվարչապետական» տերմինը ես չեմ ընդունում, դա սահմանադրական տերմին չէ, այլ՝ քաղաքական-գիտական եւ գնահատական է տալիս ոչ թե Սահմանադրության դրույթներին, այլ՝ ձեւավորված քաղաքական համակարգին։ Էսօրվա մեր քաղաքական համակարգը սուպերվարչապետական է փաստացի այն պարզ պատճառով, որ վարչապետն ունի գրեթե 2/3 մեծամասնություն, որն իրեն հնարավորություն է տալիս ընդհանրապես առանց Սահմանադրությունը փոփոխելու՝ անել էնպիսի գործողություններ, որոնք իրեն հաճո են։

- Բայց, նախ, այդ Սահմանադրությունն է թույլ տվել, որ Փաշինյանը ձեւավորի 2/3 մեծամասնություն, մյուս կողմից՝ այդ մեծամասնությունը կարող էր նախորդ իշխանությունների ժամանակ էլ ձեւավորվել։

- Իհարկե, կարող էր։ Բայց Սահմանադրությունը չի կարող ընդհանրապես էդ հարցը կանխորոշել։ Այսինքն՝ եթե ժողովուրդը գնար, 99.9 տոկոսով ընտրեր Փաշինյանին, ուրեմն ինքը պետք է ունենար դրան մոտ մեծամասնություն։ Հիմա ԸՕ-ն դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ որպեսզի թույլ չտար նման գերկենտրոնացում, ասել էր, որ եթե նույնիսկ 99 տոկոս էլ ստանա, 2/3-ից ավելի մանդատ չպետք է ունենա։ Եվ դա շատ արտառոց երեւույթ է։ Խնդիրն այն է, որ ժողովուրդն է գնացել ընտրություն կատարել, Սահմանադրության վրա մի՛ գցեք մեղքը։ Որեւէ երկիր չկա, որն ասի՝ ժողովրդին արգելվում է 99 տոկոս քվե տալ իքսին կամ իգրեկին, եւ որեւէ երկրի Սահմանադրություն չկա, որ ասի, որ եթե ինքը ստանում է 99 տոկոս, պետք է ստանա, ասենք, 50 կամ 51 տոկոս։ Իսկ Հայաստանը հին իշխանությունների ժամանակ գնացել է արտառոց քայլի, որ զսպի մանդատների քանակը։

- Բայց նույն իրավիճակը կարող էր լինել նաեւ նախորդ իշխանությունների օրոք։

- Ցանկացած ժամանակ կարող էր լինել, դրա համար Սահմանադրության գնահատականը կախված չէ նրանից, թե ժողովուրդն ում ինչքան քվե տվեց։ Սահմանադրության գնահատականն այն է, թե արդյոք այդ Սահմանադրության մեջ կա՞ն մեխանիզմներ, որոնք քաղաքական փոքրամասնությանը որոշակի լծակներ են տալիս, որպեսզի ինքը կարողանա վերահսկել կառավարությանը։

- Հիմա ի՞նչ լծակ ունի քաղաքական փոքրամասնությունը, որը ոչինչ չի կարողանում փոխել խորհրդարանում։

- Ես խորհուրդ կտամ իմ գրքերը վերցնել նայել՝ խորհրդարանական վերահսկողության տարբեր լծակները՝ սկսած քննիչ հանձնաժողովներ ստեղծելուց, վերջացրած Սահմանադրական դատարան դիմելով։ Այսինքն՝ էն ամենը, ինչը չի եղել մինչեւ 2015 թվականը, 2015 թ․ ամրագրվել է։ Ուրիշ հարց է, որ էսօր ստեղծվել է մի իրավիճակ, որն էդ գրեթե 2/3 մեծամասնություն ունենալու եւ էսօրվա քաղաքական բոյկոտի պատճառով էդ լծակները հնարավոր չէ օգտագործել ամենայն էֆեկտիվությամբ։

- Ձեզ մեղադրում են, որ 2015-ի Սահմանադրությունը՝ որպես կոստյում, ձեւել էիք Սերժ Սարգսյանի հագով։ Սերժ Սարգսյանն այդ կոստյումից հրաժարվեց 2018 թ․, եւ պարզվեց, որ այն շատ ավելի լավ սազում է Նիկոլ Փաշինյանին, ով իրեն հիմա շատ հարմարավետ է զգում դրա մեջ։

- Եվ դա նշանակում է, որ այն ոչ թե կոստյում էր կոնկրետ մարդու համար, այլ որ Սահմանադրությունը գրված էր բարձրագույն իրավաբանական չափանիշներով, ժողովրդավարական ու իրավական պետությանը համապատասխանող, եւ բոլոր էն մարդիկ, ովքեր ասում են՝ էդ «կոստյումը կարվել» է այս կամ այն անձի համար, թող մատնանշեն Սահմանադրության մեջ բովանդակային այնպիսի դրույթներ, որոնք ձեւված լինեին կա՛մ Սերժ Սարգսյանի, կա՛մ Նիկոլ Փաշինյանի համար։ Դա պարզապես արտահայտություն է, որի տակ ոչինչ չկա։

- Հավանաբար, սկսեցին այդպես կարծել, երբ Սերժ Սարգսյանը 2014 թվականին խոստացավ, որ  այլեւս երբեք չի առաջադրվի երկրի ղեկավարի, այդ թվում՝ վարչապետի պաշտոնում, բայց հետո դրժեց խոստումը, դրանից հետո որոշեցին, որ Սահմանադրությունը հենց նրա «հագով էր կարված», քանի որ Սարգսյանը ցանկացավ օգտվել այս Սահմանադրության ընձեռած հնարավորություններից։

- Էդպիսի ենթադրություններ բոլորը կարող են անել, ես էդ կարծիքին չեմ։ Սահմանադրությունը երբ որ 2013 թվականից սկսեց գրվել, որեւէ քաղաքական պահանջ չկար, որ դա լինի պառլամենտական, նախագահական, կիսանախագահական։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում շատ երկար բանավեճեր են գնացել, թե կառավարման ինչ մոդել ընտրվի։ Ես՝ ինքս, եղել եմ կառավարման ձեւի վերաբերյալ էդ բլոկի համազեկուցողը, այո՝ ես կարող եմ ինձ բառիս ամենալայն իմաստով համարել խորհրդարանական հանրապետության ճարտարապետը եւ ես դա առաջարկել եմ։ Եղել են շատ տարբեր կարծիքներ՝ անցնել նախագահական կամ խորհրդարանական կառավարման համակարգի, ի վերջո, էդ սահմանադրական 9 հոգանոց հանձնաժողովը կոնսենսուսով որոշում է կայացրել, որ ճիշտ է անցում կատարել խորհրդարանական հանրապետության, եւ դա ամրագրվել է նաեւ էն հայեցակարգում, որը մինչեւ նախագիծը ներկայացվել էր հանրությանը։

- Հիմա դժվար է, իհարկե, ասել՝ մենք դե ֆակտո ունե՞նք խորհրդարանական հանրապետություն, թե՞ ոչ, բայց այսօր, միեւնույն է, հեղինակներին են մեղադրում, որ Դուք, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանն են մեղավոր այսպիսի Սահմանադրության համար, որի պատճառով այսօր այս իրավիճակում ենք հայտնվել։ Դուք Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք այդ առումով։

- Չեմ զգում, որովհետեւ ռուսերեն խոսք կա՝ «с больной головы на здоровую»։ Հիմա էն, ինչ էսօրվա իշխանությունները սխալ ձեւով անում են եւ երկիրը հասցրել են էսպիսի օրհասական վիճակի, հիմա, բնականաբար, փորձում են ամեն տեսակի արդարացումներ գտնել։ Կարելի է նաեւ Պողոսյան Վարդանին մեղադրել, բայց դրանից բան չի փոխվի։