Որ Ամերիկայի նախագահը բան չի փոխում, դիտորդների գալը ի՞նչ պիտի փոխի
Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները պայմանավորվեցին Հայաստանում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայել 410 անդամից և 2 ամսով։ Դիտորդները արդեն երկու շաբաթ է, Հայաստանում են, բայց ինչ են անում վստահություն ձևավորելու համար, սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար, հայտնի չէ։ Գործընթացի մասին կարող ենք դատել Անվտանգության խորհրդի ոչինչ չասող «պրեսռելիզներից»։ Նոյեմբերի 2-ին, օրինակ, ԱԽՔ-ի կանտորան հաղորդեց, որ շեֆը՝ այսինքն, Արմեն Գրիգորյանը գոհ է համագործակցության արդյունքներից։ Նոյեմբերի 3-ին էլ մի ոչինչ չասող հայտարարություն ԵՄ գրասենյակը տարածեց, որում էլ ավելի քիչ ինֆորմացիա կար, և դրան չարժե անգամ անդրադառնալ։
Տպավորություն է, որ եվրոպացիների գործունեության շուրջ լիարժեք գաղտնիություն է պահպանվում։ Որոշ տվյալներ, այնուամենայնիվ հայթայթեցիինք այն գյուղերից, որտեղ այցելել են դիտորդները։ Հոկտեմբերի 31-ին, օրինակ, նրանք հանդիպումներ են ունեցել Վարդենիսի համայնքապետարանում, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամկազմի հետ։ Դիտորդները պտտվել են գյուղերով, հրետակոծություններից վնասված շենքեր են ուսումնասիրել, հեռադիտակներով նայել են սահմանին։ Իհարկե, մերոնք ներկայացրել են տարհանվածների խնդիրները, որ գյուղատնտեսական աշխատանքներ չի լինում կատարել և այլն։ Թե ինչ են արձանագրել դիտորդները, ոչ ոք չգիտի։ Վարդենիսի պաշտոնյան, ում ազգանունը լիազորված չենք հայտնելու, պարզաբանեց։ «Սրանց գործունեությունը ի՞նչ է` եկել են, բարձրացել մեր սահմանամերձ բնակավայրերը, դիրքերը, ինչ-որ բաներ արձանագրել, գնացել են։ Ես շատ գիտեմ` ինչ են գրել»։
-Ամեն օր գալի՞ս են։
-Գալիս, գնում են, բարձրանում են դիրքերը, նկարում են։
-Ամեն օ՞ր:
-Ոչ ամեն օր։ Սկզբում պարբերաբար էին գալիս, հիմա ավելի քիչ։ Բարձրանում են դիրքեր, դիտարկում են։
-Նկատե՞լ եք, որ նրանց գալով ավելի քիչ կրակոցներ լինեն։
-Կներեք, դուք քննչականի՞ց եք։ Չեմ կարող մանրամասնել, ես ձեզ հասկանում եմ, բայց...․
-Լավ, որպես պաշտոնյա մի ասեք, որպես Գեղարքունիքի բնակիչ ասեք՝ մի բան փոխվե՞լ է դիտորդների գալով։
-Այ ցավդ տանեմ, որ Ամերիկայի նախագահը բան չի փոխում, դրանց գալը ի՞նչ պիտի փոխի։
Երկաթյա տրամաբանություն է, դժվար է առարկել։ Համոզվելու համար բավական է կարդալ ՊՆ հաղորդագրությունները սահմանային իրավիճակի մասին։ Օր չկա, որ հայ-ադրբեջանական սահմանին չկրակեն։ Նկատե՞լ եք, որ դիտորդների գալով սահմանային իրավիճակը փոխված լինի։ «Սահմանին ամեն օր էլ կրակում են։ Երեկ էլ վիրավոր ունեինք, չգիտեմ, դա փոփոխութո՞ւն է։ Ադրբեջանցիները հետ չեն գնացել։ Դեռևս գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում», - մեր հարցին պատասխանում է երկրորդ պաշտոնյան` Գեղարքունիքի մարզպետարանից և նույնպես խնդրում անունը չհրապարակել։ Իսկ հաճա՞խ են գալիս եվրոպացիք։ «Ես մի երկու անգամ եմ տեսել»։
Ի՞նչպես է ընթանում դիտարկումը, ո՞ւր գնացին դիտորդները, ի՞նչ արեցին անցած կես ամսում, ստացվե՞ց արդյոք երաշխավորել մեր սահմանների անվտանգությունը։ Ոչ ԱԽՔ գրասենյակն է զանգերին պատասխանում, որը կոորդինացնում է ԵՄ դիտորդների հետ աշխատանքը, ոչ էլ ամենայն հայոց խոսնակ Վահան Հունանյանը, որը մեկ կառավարությունում է իր լռակյաց առաքելությունը կատարում, մեկ պարեկատանը, հիմա էլ ԱԳՆ աշխատող է։ ՊՆ նախկին խոսնակ Գևորգ Ալթունյանի հետո նրան է փոխանցվել ամենաանհաղորդ խոսնակի կոչումը։ Սպասենք, թե այս մեկին երբ են հանելու։
Ինչպե՞ս են աշխատում դիտորդները, գուցե, մեր սպասելիքները ԵՄ քաղաքացիներից չափազանցվա՞ծ են, պահեստազորի գնդապետ, ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը պատասխանում է․ «Նրանք դիտարկող, մոնիթորինգ անող, այսինքն՝ փաստ արձանագրող խմբեր են։ Ընդ որում՝ բնականաբար, նրանք չեն կարող լինել այնտեղ ու այդ պահին կրակոցներ լինեն։ Կրակոցներից հետո են գալիս։ Նախկինում, երբ դիտորդները գալիս էին, նրանք երկու կողմերի քաղաքացիական անձանցից, զինվորականներից էին տեղեկատվություն հավաքում։ Միայն մեկ կողմից տեղեկատվության հավաքագրումը չի կարող ամբողջական պատկեր տալ։ Որ կողմից որ հարցնում են, ձգտելու է ներկայացնել, որ կրակոցները հակառակ կողմից են սկսվել։ Նրանց դիտարկումը կարող է սուբյեկտիվ համարվել, որովհետև Ադրբեջանը կփաստարկի, որ իրենց մոտ չեն եկել, չեն տեսել, իրենք էլ ցանկություն չունեն դիտորդ ընդունել։ Պատահական չի, որ դիտորդների տեղակայման ընթացքում Ադրբեջանը 4-5 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, զոհ ունեինք, վիրավոր»։
Փորձագետն ասում է, որ ռեալ արդյունք դիտորդներից մենք սպասել չենք կարող։ «Եթե ճշտեք, մի 10 հոգի էլ չեն լինի, ոչ թե 40-նն են։ Ծիծաղելի է, թե այդ ուժերով, այն էլ խոր աշնան ու ձմռան կլիմայական պայմաններում ոնց պետք է հայ-ադրբեջանական բավականին երկար սահմանը դիտարկեն»։
Հայկ Նահապետյանը նաև տարակուսած է՝ դիտորդները զեկույցներ են գրում, ուղարկում եվրոպական կառույցներ, բայց այդ կառույցներից որևէ արձագանք չկա։ «Այն երկրները, որոնց կառույցներից են այս մոնիտորինգ խմբի անդամները, չեն արձագանքում, մեր ԱԳՆ-ն, դիվանագիտական կորպուսը նույնպես, քար լռություն է։ Իսկ հիշո՞ւմ եք, երբ ՄԱԿ-ի 77- րդ նստաշրջանի ամբիոնից Փաշինյան Նիկոլը հայտարարեց միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի մուտքը Հայաստան, ինչքան կենացներ եղան դրա վերաբերյալ։ 4 -5անգամ հրադադար է խախտվել, հայկական կողմն ունի կորուստներ, որտե՞ղ են եվրոպացիք։ Արձագանք չկա», - կրկնում է փորձագետը, հիշեցնելով նաև, որ միջազգային դիտորդական առաքելությունների անձնակազմի մեծ մասը հատուկ ծառայությունների հաստիքային, կամ արտահաստիքային աշխատակիցներ են, կամ զինված ուժերի ներկայացուցիչներ։ Նրանք գնում են մեր սահմաններ, իրազեկվում են անձնակազմի, տեխնիկայի քանակի մասին, այսինքն, նրանցից վտանգն ավելի շատ է, քան անվտանգության երաշխիքը։
Կարծիքներ