Ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա. բերման ենթարկվածների անունները խառնել են

Ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա. բերման ենթարկվածների անունները խառնել են

Առավոտից ոստիկանությունը բերման է ենթարկում «Դիմադրություն» շարժման մասնակիցներին. հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Բերման ենթարկվածների մեջ է նաեւ «Հրապարակի» հեղինակ, լրագրող, հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը։ Նա գտնվում է Մաշտոցի բաժնում։

Էդիկ Անդրեասյանը մեզ փոխանցեց, որ գտնվում են Մաշտոցի բաժնում, արձանագրություն դեռեւս չի կազմվել.  «Վարդանանց-Երվանդ Քոչար խաչմերուկում էինք, սկզբում ամեն ինչ նորմալ էր, հետո Կարմիր բերետների մի խումբ եկավ, փոքր ընդհարում եղավ ու գնացին։ Հետո արդեն ավտոբուսներով եկան, անմիջապես հենց իրենք սկսեցին ընդհարումը, քաշքշել մարդկանց, ու արդեն ամեն մեկին մի ձեւով կարողացան մտցնել ավտոբուս»։

Նա նշեց, որ իր հետ 30 հոգու ավտոբուսով բերման են ենթարկել, հասնելով ոստիկանական բաժանմունք տեսել է, որ ամբողջ դահլիճում բերման ենթարկվածներ են. «Կենտրոնում, Մալաթիայում տեղ չկար, բերեցին այստեղ, բոլոր բաժիններում տեղ չկա։ Իրենք էլ անուն-ազգանունները խառնել են, գրել, կորցրել են` ով որտեղ է նստած»։