Դիտորդ չի եղել, սակայն պնդել է. ընտրախախտումներ Գյումրիում

Դիտորդ չի եղել, սակայն պնդել է. ընտրախախտումներ Գյումրիում

Չնայած նրան, որ Գյումրիում առերևույթ ընտրությունները խաղաղ են ընթանում, այնուամենայնիվ որոշ խախտումներ արդեն իսկ գրանցվել են: Դիտորդներն ահազանգում են լուրջ խախտումների մասին: Հելսինկյան կոմիտեի դիտորդն արձանագրել է, որ առավոտյան 08:15 սահմաններում Գյումրու 31/34 ընտրատեղամաս է ներկայացել Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին եւ հայտնել է, որ հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ուղարկված դիտորդ, սակայն վկայականի վրա նշված է եղել «Աբովյանի ուսանողական խորհուրդ»:

Դիտորդը պահանջել է հանձնաժողովի նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվում է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ:

Գյումրու մի շարք ընտրատեղամասերում դեռևս փակցված են քարոզչական պաստառներ: Մինչդեռ, ըստ գործող կանոնակարգի, ընտրության օրը չի թույլատրվում փակցնել նախընտրական պաստառներ, այն էլ տեղամասային կենտրոնների հարակից տարածքներում:

Գյումրու 31/29 , 32/32 ընտրատեղամասերում նմանատիպ խախտումներ գրանցվել են: 31/29 ընտրատեղամասում ընտրողների ցուցակների կողքին փակցված է եղել «Իմ քայլը» դաշինքի քարոզչապաստառները, որոնք հեռացրել են` դիտորդների դիտարկումներից հետո:

Նշենք, որ Գյումրիում ընտրողները դեռևս պասիվ են: Դա է վկայում նաև ժամը 11:00-ի ԿԸՀ տվյալները, ըստ որի՝ Շիրակում ընտրությանը մասնակցել են ընտրության իրավունք ունեցողների 5 տոկոսից քիչ ավելին: