Հասարակություն

Դրանով մարդկանց զրկում են իրականությունը համարժեք ընկալելու ունակությունից

Դրանով մարդկանց զրկում են իրականությունը համարժեք ընկալելու ունակությունից

Հայաստանում սկսվել է քաղաքական դաշտի զանգվածային նախապատրաստությունը «թեժ աշնանը»։ Թե որքանով է իրականում աշունը թեժ լինելու, հիմա դժվար է դատել, քանի որ մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են կոտրվում փոփոխությունների հույսերը: Հետևաբար, իմ  համոզմամբ, հիմա պետք չէ ինքներս մեր առջև ինչ-որ արհեստական ժամանակացույցեր դնենք, ինչպես դա եղել է ոչ վաղ անցյալում:

Հասարակությունը, ավելի ճիշտ՝ հասարակության այն հատվածը, որն իբր ապաքաղաքական է, իրականում սպասում է այն քայլերի, որոնք կհանգեցնեն ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությանը՝ այսինքն դիմադրությունը, որը կբերի նվազագույնը երկրում և երկրի շուրջ գոյաբանական ռիսկերի կառավարմանը։ 

Ակնհայտ է, որ հասարակության զգալի մասն ուզում է և պատրաստ է փոփոխությունների, բայց հենց փոփոխությունների, այլ ոչ թե խոստումների,  երդումների և բոցաշունչ ճառերի:

Անշուշտ, ներկայիս հայկական իշխանությունը չի ցանկանում, կամ չի կարող, կամ նրան թույլ չեն տալիս փոխել Հայաստանի ներկայիս վեկտորը, որը տանում է դեպի պետության ապամոնտաժում, հետևաբար ներկայիս իշխանությունը սպառնալիք է Հայաստանի ֆիզիկական գոյության համար։ Եվ հենց այդ պատճառով էլ պետք է երկրում «սպասման ռեժիմը» փոխել «գործողության ռեժիմի»։ 

Միևնույն ժամանակ պետք է համարժեք գնահատել իրավիճակը և հասկանալ , որ այժմ երկրում դիմակայությունը ոչ միայն դասական «ընդդիմություն-իշխանություն» հարթությունում է, այլ հարցը շատ ավելի լայն ու խորքային է։ 
Իշխանությունը բացի նրանից, որ տիրապետում է Հայաստանի քարոզչական դաշտի «հսկիչ փաթեթին». Հանրային հեռուստատեսություն և ռադիո, տասնյակ թերթեր, ապուշ, բայց արդյունավետ բովանդակությամբ հարյուրավոր Youtube ալիքներ, տասնյակ հազարավոր ֆեյքեր Ֆեյսբուքում, Instagram-ում, Telegram-ում, Tik-Tok-ում առավոտից երեկո կոտրում են մարդկանց հոգեբանությունը և, փաստորեն, զրկում են մարդկանց իրականությունը համարժեք ընկալելու ցանկությունից:

Ձևավորվում է իրականության ընկալման ինչ-որ այլասերված ձև, որը սկսվում և ավարտվում է իշխանավորների հեծանվային վոյաժների և  բանաստեղծական էքզերսիսների բուռն քննարկմամբ և դա այն պարագայում, որ իրական խնդիրները ուղղակի խժռում են երկիրը` թե ներսից, թե դրսից։

Իշխանությունը հասկացությունների տոտալ նենգափոխում և փաստացի ողջախոհության ծաղր է իրականացնում.
Իսկ ինչպե՞ս անվանել «հայրենիքի» և պետության հակադրումը միմյանց, կամ բացարձակ աննորմալ թեզ` իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև երևակայական հակամարտության մասին:
Սա արդեն քաղաքականության ոլորտից չէ, դա, ամենայն հավանականությամբ, հասարակական գիտակցության ամենասարսափելի` մանիպուլյացիայի ոլորտից է։ 

Ի վերջո, ի՞նչ է մեզ սպասվում. Պետք է սթափ հասկանալ, որ խոշոր խաղացողներն արդեն ունեն այն ընկալումը, ընդ որում` ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, որ Հայաստանը պետք է դիտարկվի ընդամենը որպես տարածք, որի բնակչությունը համակերպվել է իր պետության ոչնչացման հեռանկարի հետ։ Հետևաբար հայերն առանց ցնցումների կուլ կտան յուրաքանչյուր գործընթացի ավարտ, միայն թե այդ ավարտի անունը լինի «խաղաղություն» և բնավ կապ չունի, որ խաղաղության պատրվակով մեր երկիրը ուղղակի կվերանա, նվազագույնը` այն կոնֆիգուրացիայի ներքո, որն ունենք այսօր։ Բայց ամենակարևորը, որ սթափ դատող ժողովրդի փոքրաթիվ զանգվածը պետք է առավոտից երեկո մարդկանց հասցնի ընդամենը երկու միտք.                                                                                                                              

1. Այն, ինչ այս իշխանություններն անվանում են խաղաղություն, միանշանակ սարսափելի արհավիրք բերող գործընթաց է։                                          

2 . Մարդիկ ի զորու են կանգնեցնել Հայաստանի ոչնչացման թափանիվը։                                                                               Այ, այս կետերից է պետք սկսել շփվել մարդկանց հետ։

Աշունը, իհարկե, կարող է թեժ լինել, բայց ավելի կարևոր է, որ տարվա բոլոր ժամանակները լինեն արդյունավետ` երկիրն այս ահավոր իրավիճակից դուրս հանելու համար։

Արման Աբովյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image