Քաղաքականություն

«Հրապարակ»․ Կառավարությունը փորձել է ներկայացնել, թե ՍԴ անդամները դատավորներ չեն

«Հրապարակ»․ Կառավարությունը փորձել է ներկայացնել, թե ՍԴ անդամները դատավորներ չեն

2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետեւանքով ՍԴ 3 դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը, պաշտոնանկ արվեցին, իսկ Հրայր Թովմասյանը հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից։ Իրավաբանական հանրությունը դեռ այն ժամանակ էր ասում, որ տեղի է ունենում Սահմանադրության ու մարդու իրավունքների կոպիտ խախտում, եւ ՔՊ իշխող ուժը Սահմանադրություն փոխելու ու ՍԴ անդամներին պաշտոնանկ անելու իրավունք չունի։ ՍԴ-ից ապօրինի հեռացված դատավորները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։

Մեզ հետ զրույցում ՍԴ նախկին անդամների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այս գործով ՄԻԵԴ-ն արդեն խորհրդակցական սենյակում է, սպասում են Եվրադատարանի վճռին։ Իսկ մինչ խորհրդակցական սենյակ գնալը կոմունիկացիաների փուլն էր, երբ ՄԻԵԴ-ից հարցեր են ուղղում կողմերին։ Մեր տեղեկություններով, կառավարությանն ուղղված հարցադրումների մեջ ՄԻԵԴ-ն այնպիսի կոշտ որակումներ է տվել, որից կարելի է կանխատեսել սպասվելիք վճիռը։ Իսկ ՀՀ կառավարությունը պատասխանել է, որ ՍԴ վերը նշված անդամները ՍԴ դատավորներ չեն, ուստի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը նրանց դեպքում կիրառելի չէ։

«Կոմունիկացիան արդեն փակվել է, եւ դատարանն այդ գործով գտնվում է խորհրդակցական սենյակում, այսինքն՝ մենք սպասում ենք վճռին, բոլոր գործընթացներն ավարտված են։ Այստեղ միակ գործողությունը, որը մնում է, դատական ակտի կայացումն ու հրապարակումն է, որի հստակ ժամկետներ չունենք։ Կարող եմ ասել, որ կոմունիկացիայի ավարտից հետո արդեն բավականին երկար ժամանակ է անցել, մենք 6 ամիս առաջ էինք սպասում։ Կարծես՝ կոմունիկացիան ավելի կարճ է տեւել, քան վճռի կայացումը, շատ երկար են մտածում այդ գործի վրա եւ դատական ակտ կայացնելու համար։ Սա է իրավիճակը»։ Սահակյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՄԻԵԴ-ը կառավարությանը կոնկրետ հարցադրումներ է արել՝ կապված ՍԴ-ում փոփոխությունների քաղաքական դրդապատճառների հետ։

«Մենք այդ խնդիրը դրել ենք, որ փոփոխությունները պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով, ուստի կոնվենցիան չարաշահվել է քաղաքական նպատակներով, եւ հասկանալի է, որ նաեւ այդ հարցադրման առնչությամբ դատարանը դիրքորոշում է հայցել կառավարությունից։ Մենք մի խումբ հարցեր ենք դրել՝ թե՛ արդար դատաքննության իրավունքի խախտման, թե՛ նաեւ դատարանի մատչելիության խախտման տեսքով։ Մենք դրել ենք նաեւ դատավորների մասնագիտական եւ մասնավոր կյանքին միջամտության հարց, նաեւ խտրականության հարց ենք բարձրաձայնել, որովհետեւ այդ կարգավորումները խտրական կիրառություն են ունեցել։ Եվ նաեւ, ի թիվս այլ հարցադրումների, բարձրաձայնվել է քաղաքական դրդապատճառներով կոնվենցիան շահարկելու հարցը»,- պատասխանեց Սահակյանը։

Ի՞նչ դիրքորոշում է հայտնել կառավարությունը, ինչպե՞ս են փորձել արդարացնել կատարած խախտումները։ «Շատ մանրամասն ծանոթ եմ։ Նրանք փորձում են ռեֆորմների լույսի ներքո ներկայացնել, բայց նշեմ, որ հիմնական պաշտպանությունն այլ տեղ են կառուցել․ կարծում են՝ քանի որ Սահմանադրական դատարանին է վերաբերում, ապա ՍԴ անդամը դատավոր չէ, եւ Սահմանադրական դատարանի դատավորների առնչությամբ կոնվենցիայի 6-րդ հոդվածը (ՄԻԵԿ 6-րդ հոդվածը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին՝ Կ․ Ս․) կիրառելի չէ։ Եթե 6-րդ հոդվածը կիրառելի է, ապա կառավարության համար անհամեմատ ավելի դժվար կլինի պաշտպանվելը, դրա համար իրենք մի փոքր այլ տակտիկական նկատառումներ են ունեցել եւ փորձում են վիճարկել, որ արդար դատաքննության իրավունքը կիրառվում է ստանդարտ դատավորների նկատմամբ, փորձում են Սահմանադրական դատարանի անդամներին դուրս հանել։ Կառավարության դիրքորոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը, որոնք առնչվում են դատավորներին, չեն կարող կիրառելի լինել սահմանադրական դատարանների նկատմամբ»,- ասաց Սահակյանը։

Փաստաբանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում, դա հիմնավո՞ր դիրքորոշում է, որ 6-րդ հոդվածը ՍԴ անդամների նկատմամբ կիառելի չէ։ «Անկեղծ ասած՝ ես դա թույլ եմ համարում, այլ նախադեպեր էլ կան, երբ դատարանը կիրառելի է համարել այլ երկրների հետ հարաբերություններում։ Մենք այդ հարցի վերաբերյալ շատ հիմնավոր դիրքորոշում ենք ներկայացրել եւ հերքել ենք կառավարության պատասխանը»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image