Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը
Սիրելի գորիսեցիներ, հարգելի հայրենակիցներ
2026 թ. հունիսի 7-ից մեզ հաշված ժամեր են բաժանում... Քարոզարշավի՝ արտառոցություններով լեցուն ընթացքը վերստին ցույց տվեց, որ այս ընտրություններով որոշվում է հայոց պետականության, իսկ նախևառաջ Սյունիքի, ուրեմն և մեր բնօրրան, մեր հպարտության ու լինելիության ակունք Գորիսի ճակատագիրը։
Ուստի և կուզենայի քվեարկության գնալուց առաջ ևս մեկ անգամ հստակեցնել ու ճշտել՝ ի՞նչ տվեց ՔՊ–ի ութամյա իշխանությունը Գորիսի տարածաշրջանին։
Խոստովանենք ու արձանագրենք՝ ՔՊ–ի իշխանությունը Գորիսին բերեց մեծ դժբախտություններ ու խնդիրներ։
Ուշադիր նայեք հարևան համայնքներին, հանրապետության մյուս խոշոր բնակավայրերին. ոչ մի տարածաշրջան այդչափ չի տուժել, որքան Գորիսը։
Երբեմնի Գորիսի շրջանից հազարավոր հեկտար հողատարածքներ հանձնվեցին–նվիրվեցին Ադրբեջանին՝ Մեծ Իշխանասարից ու Սև լճից մինչև Տեղ գյուղի արևելյան մատույցներ, մինչև Շուռնուխ։
Այս իշխանությունը տարածաշրջանի հաղորդակցության հիմնական ուղիները հանձնեց Ադրբեջանին՝ Գորիս–Կապան, Վերիշեն–Սև լիճ և, իհարկե, Գորիս–Ստեփանակերտ։
2020 թ. դեկտեմբերյան՝ գողեգող ստորագրված հայ–ադրբեջանական մի թղթով Ադրբեջանին հանձնվեց Գորիսի տարածաշրջանը երիզող և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները՝ Գորիսն ընդմիշտ դարձնելով խոցելի՝ անվտանգության առումով։
ՔՊ–ի հակաազգային քաղաքականության արդյունքում՝ տնտեսական բուռն կյանքով ապրող երբեմնի Գորիսը դարձավ փակուղի՝ դրանից բխող տխուր հետևանքներով՝ գործազրկության աճ, տնտեսվարող բազմաթիվ սուբյեկտների վերացում, արտադրական ծավալների և մարդկանց եկամուտների կտրուկ նվազում։ ՔՊ–ն մեծ գրոհ ձեռնարկեց Գորիսի կրթական–մշակութային համակարգի դեմ։
Գորիսի 100-ամյա երկու քոլեջի փակման մասին քանիցս ահազանգել ենք, ընդ որում՝ կառավարությունն այդպես էլ չի կարողացել մինչև այսօր հիմնավորել այդ քայլի նպատակահարմարությունը կրթական տեսակետից։
Հիմա էլ շրջանառվում են օրինագծեր, որոնց ուժի մեջ մտնելու և կիրառվելու դեպքում փակվելու է Գորիսի պետական համալսարանը։
Միևնույն ժամանակ՝ նախատեսվում է առաջիկա ուսումնական տարվանից տարածաշրջանում փակել հանրակրթական ութ դպրոց։
ՔՊ–ի քաղաքականության արդյունքում կրճատվել է տարածաշրջանի բնակչությունը, գյուղական բնակավայրերում նորանոր տներ են փակվել ու անմարդաբնակ դարձել։
Գորիսը հռչակված է եղել գյուղատնտեսությամբ։ Իսկ սրանց քաղաքականության հետևանքով կրճատվել են վարելահողերը, արոտավայրերը, խոտհարքները։ Հազարներով կրճատվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը։
ՔՊ–ն պատերազմ հայտարարեց մեր ինքնության հիմքերին՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցի, Հայոց պատմություն, Արցախի պատմություն, Սյունիքի պատմություն, Սյունիքի մշակույթ, Մեսրոպյան գրեր...
Դավաճանվեց հայոց Արցախը, ուրացան Արցախի մեր սրբությունները։ Եվ ցեղասպանվեց արցախահայությունը։ Իսկ ողջ մնացած արցախահայերին էլ չեն ներում՝ «Ինչո՞ւ չեք զոհվել»։
Պղծվեց հազարավոր հայորդիների հիշատակը, ովքեր Արցախյան գոյամարտերում նահատակվեցին հայ ժողովրդի և հայոց պետականության լինելիության համար։
Պղծվեց հայոց բառ ու բանը՝ ճանապարհ բացելով տգիտության, հայհոյախոսության, բամբասանքի և խաբեության համար։
Աղետաբեր գործողությունների թվարկումը կարող ենք շարունակել, բայց բավարարվենք ասվածով։
Երկրորդ գլխավոր հարցը, որ պետք է պարզել քվեարկության գնալուց առաջ. ի՞նչ է առաջարկում ՔՊ–ն վերոնշյալ և մյուս հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։
Նեղություն քաշեք և ընթերցեք ՔՊ–ի նախընտրական ծրագիրը, ուսումնասիրեք ՔՊ–ի սյունիքյան քարոզարշավի նյութերը, Նիկոլ Փաշինյանի ելույթները...
ՔՊ–ն Գորիսին ու գորիսեցուն մտահոգող ոչ մի հարցի, շեշտում եմ՝ ոչ մի հարցի, պատասխան չի տալիս։
ՔՊ–ին նույնիսկ չի հետաքրքրում, թե ինչ պրոբլեմների մեջ է մխրճվել Գորիսը։
Քաղաքական այդ ուժն ասպարեզ հանեց այսպես կոչված «անկլավ» Տիգրանաշենի հարցը, որը զիջելու դեպքում շրջափակման մեջ կհայտնվեն ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորը, այդ թվում և Գորիսը։
Հստակ ու վերջնական պատասխան չի տրվում 300 հազար ադրբեջանցիների՝ այսպես կոչված վերադարձի ծրագրին, որն իրականանալու դեպքում վերջնականապես կխաթարվի մեր տարածաշրջանի ժողովրդագրական հավասարակշռությունը՝ հօգուտ ադրբեջանցիների։
Հայաստանին և մասնավորապես Սյունիքին, այդ թվում՝ Գորիսին մի քանի պատերազմ բերած ՔՊ–ն՝ իբր գլխավոր խնդիր հռչակելով խաղաղությունը, այդպես էլ չկարողացավ ներկայացնել խաղաղության համոզիչ ու երաշխավորված ծրագիր: Ավելին՝ Սյունիքը դարձրեց աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետ, որը միշտ էլ կարող է պատերազմի առիթ դառնալ:
ՔՊ-ն ոչ միայն թուրք-ազերիների առջև բացեց Սյունիքի դարպասները, այլև հազարավոր հեկտար հողատարածքներ դարձրեց վիճելի, որոնք երբեք էլ վիճելի չեն եղել:
Այդ բոլորի հետ մեկտեղ՝ տարածաշրջանի հանդեպ շարունակվեց և շարունակվում է անլուրջ վերաբերմունքը մի շարք այլ հարցերում։
Տարիներ շարունակ Գորիսն ԱԺ–ում այդպես էլ չունեցավ իրական պատգամավոր և, ծանոթ լինելով ՔՊ–ի նախընտրական ցուցակին, հիմա էլ չի ուզում, որ Գորիսի շահերը ներկայացնող պատգամավոր լինի նոր խորհրդարանում՝ բարոյական ընդունելի նկարագրով, շատ թե քիչ կայուն գիտելիքներով, սեփական աշխարհայացքով և ընդօրինակման արժանի քաղաքացիական կերպով։
Մյուս կողմից՝ որքան էլ տարօրինակ է՝ ՔՊ–ն հենց Գորիսում գտավ «պարարտ» հող՝ շպարելու Սյունիքի ոչ բարով մարզպետի բացակա ներկայությունը, ում պաշտոնավարում կոչված բեմադրության հետևանքով Սյունիքի մարզպետարանը հիմնովին օտարվեց մեր երկրամասից, ում հետևողական ջանքերով Սյունիքում ստեղծվեց քաղաքացիական անհամերաշխության՝ նախադեպը չունեցող վիճակ, ում ակտիվ դերակատարությամբ հետապնդումներ սկսվեցին մարզի կարող ուժերի հանդեպ:
Ոստիկանների անմիջական օգնությամբ բռնազավթեցին կրթական հաստատություններ և դրանցում ներդրեցին իրենց մեծահռչակ հարճերին։
Պաշտոններ զավթեցին նաև պետական այլ կառույցներում ու տնտեսվարող սուբյեկտներում։
Կադրերի ընտրության սկզբունք հռչակվեց ՔՊ–ին կույր նվիրվածությունը, սեփական կարծիք և դիրքորոշում չունենալը, ամոթի զգացումի լիակատար բացակայությունը։
Հիմա էլ փորձ է արվում այդ ամենը չտեսնելու տալ, փորձ է արվում հերթական անգամ խաբել գորիսեցիներին և գորիսեցի ընտրողների հավաքական քվեն աճուրդի հանել։
Ուշադիր հետևեք, թե ովքեր են փորձում գորիսեցի ընտրողների քվեն ծառայեցնել այն քաղաքական ուժի վերարտադրությանը, որն այդքան դժբախտություններ է բերել մեր տարածաշրջանին։
Նրանք մարդիկ են, ովքեր (հայրենիքի և պետության շահն ուրացած) պատրաստ են հանուն իրենց պաշտոնի, հանուն պատգամավորական մանդատի, հանուն անվաստակ պարգևավճարների և հանուն իրենց բիզնեսի ու իրենց ձրիակեր գոյության՝ առնվազն երկարաձգել Սյունիքի և Գորիսի ոչ արժանապատիվ գոյությունը, ավելի թուլացնել Գորիսի տարածաշրջանի կենսունակությունն ու դիմադրողականությունը։
Թուրքերը դարեր շարունակ երազել են զավթել Զանգեզուրի զարդ ու մարգարիտ Գորիսը, բայց մեր արժանապատիվ նախնիները կանգնեցրել են նրանց։
Հունիսի 7-ին չմերժել ՔՊ–ին՝ նշանակում է կարմիր գորգեր փռել մեր երկիր եկող թուրքերի ոտքերի տակ։
Ու որպեսզի Սյունիքն ու Գորիսը երբեք չդառնան թուրք–ազերիների հերթական ոտնձգությունների թիրախ, որպեսզի Գորիսն այլևս չլինի առևտրի առարկա՝ ինչ–որ ուժերի անձնական շահերը սպասարկող, պետք է մեր քվեի ուժով ՔՊ-ին հեռացնենք իշխանությունից։
Իսկ այն հիմնախնդիրները, որ ստեղծել է ՔՊ–ն հատկապես Գորիսի համար՝ կարող է չեզոքացնել և լուծել Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը։
Եվ ուրեմն՝ հունիսի 7-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել հանուն Հայաստանի, հանուն Սյունիքի, հանուն Գորիսի՝ համար 6 քվեաթերթիկ։
Մեզ և ձեզ՝ բարի ընտրություն։
Կարեն Լազարյան
«Միասնության թևեր» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու