1967 թվականին Ջավախքի մի շարք մտավորականներ դիմեցին Վրաստանի կառավարությանը, որպեսզի Վրաստանի պետական տոնացանկում ընդգրկվի նաև հայ մեծանուն գրող Վահան Տեր-Գրիգորյանի (Վահան Տերյանի) անունը: Մտավորականությունը, սակայն Տերյանական օրը հիմք է ընդունել և համապատասխանեցրել է 1905 թվականի հուլիսի 23-ի կիրակի օրը՝ Ավետիք Իսահակյանի այցելությամբ Գանձա, որտեղ մեկ շաբաթ Իսահակյանը հյուրընկալել էր Վահան Տեր-Գրիգորյանենց տանը, և այդ այցելության հետ կապված ուներ բազմաթիվ հիշողություններ: Ի դեպ վրաստանյան պետական տոնացանկում գրանցված միակ հայն է Վահան Տեր-Գրիգորյանը: Եվ այդպես 1967 թվականից հուլիսյան նախավերջին շաբաթը որպես խորհրդանշական օր հիմնվեց Տերյանական օր-միջոցառումը: Զրուցել ենք «Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանի հետ:
-Ամեն տարի հուլիսի նախավերջին օրը Գանձայում՝ Տերյանի ծննդավայրում, անցկացվում է Տերյանական օր-միջոցառումը: Ի հիշատակ Վահան Տերյանի՝ երկար տարիներ Տերյանական օր-միջոցառումը բավականին հետաքրքիր է անցկացվել: Գանձա այցելած պատվիրակությունը նախ այցելում է Տերյանի տուն-թանգարան, այնտեղ ծանոթանում Վահան Տեր-Գրիգորյանի պատմությանն ու մտնում թանգարանի կողքին գտնվող Տերյանի պապերի կառուցած եկեղեցին: Հետո նոր հյուրերը բարձրանում են Սուրբ սարը և մասնակցում Տերյանական միջոցառմանը: Երկար տարիներ միջոցառմանը մասնակցել են Վրաստանից, Հայաստանից՝ պետական, քաղաքական, հասարակական, մշակույթային, արվեստի, գրականության բազմաթիվ անվանի գործիչներ: Իմ հորդորով Տերյանի 120-ամյակի կապակցությամբ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ելնելով այդ հանգամանքից իր մասնակցությունն է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Միջոցառումը կազմակերպվում է այսպես կոչված Գնդլիկ սարի կամ Սուրբ սարի վրա, որտեղ բարձրացել են Ավետիք Իսահակյանն ու Վահան Տեր-Գրիգորյանը: Վարդավառի տոնահանդեսի կապակցությամբ սարի գագաթ էին բարձրանում գյուղացիները, որոնք գեղեցիկ միջոցառումներ էին անցկացնում այնտեղ: Ինչպես Ավ. Իսահակյանն է գրում՝ այդ բոլորը ներկայացնում է Վահան Տերյանը, ասելով՝ «Տեսեք ինչպիսի տխրություն, ինչպիսի դառը աղքատություն է այս մարդկանց աչքերին, բայց նրանք ուրախ երգում են ու պարում»: Վարդավառի տոնը Վրաստանում ապրող հայերի համար 1967 թվականից սկսած վերածվեց Տերյանական օրվան: Համավարակով պայմանավորված վերջին երկու տարիներին չանցկացվեց միջոցառումը: Չնայած, որ Վրաստանում միջոցառումը այս տարի համարվում էր 55-րդը, բայց՝ քանի որ երկու տարի Հայաստանը չէր անցկացրել Տերյանական օրը, մենք հաշվում ենք 53-րդ տարին: Այս տարի միջոցառմանը Հայստանից մասնակցել եմ միայն ես, Ազգային ժողովի պատգամավոր , գանձեցի Շիրակ Թորոսյանը:Կազմակերպիչները միշտ եղել են տեղական իշխանությունները, իսկ արդեն քսան տարի է նաև «Տերյան» մշակութային կենտրոնը և «Ջավախք հայրենակցական» միությունը:
-ՀՀ կառավարությունը,ԿԳՄՍ-ն և մշակութային ոլորտը համակարգողները, այս վերջին տարիներին կարծես թե անտարբեր են հայ մշակույթի, հայ գրողների, հայ գրականության հանդեպ:Ինչու՞:
-Չեմ կարորղ ասել՝ ինչու են անտարբեր դարձել: Սակայն 2005 թվականից ի վեր հորդորել ենք բոլոր պետական մարմիններին, մշակույթի ներկայացուցիչներին, որ գան ու մասնակցեն մեր կազմակերպած մեծ ու կարևոր միջոցառումներին: Նրանք, իհարկե, սիրով եկել են և ակտիվ մասնակցել: Ցավոք այս վերջին տարիներին, հատկապես՝ երկու-երեք, կապված համավարակի հետ, չեն մասնակցել: Մոտեցումները դեպի մշակութային միջոցառումները, այո, այլ են դարձել: Տերյանական օրը՝ որպես այդպիսին, պետք է անպայման նշվի, որովհետև այդ մեծ պոետին նվիրված օրը նաև Վրաստանն է նշում: Ուստի մենք չպետք է մեկուսացված մնանք: Մոտ երկու տարի առաջ «Տերյան» կենտրոնը կազմակերպեց մեծ միջոցառում: Վրաստանի Մարզպետի համաձայնությամբ եղանք նաև Թմբկաբերդում,որտեղ վրացական բեմում հանդես եկավ Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» պարի համույթը, հայերենով հնչեց «Թմբկաբերդի առումը», որը շատ մեծ արձագանք ունեցավ: Այս տարին դաս եղավ մեզ, հանձինս ինձ, որ պետք է հորդորենք, պահանջենք, խնդրենք, որ ավելի աշխույժ, ավելի լավ անցկացվի Տերյանական օրը:
- Ի՞նչ պատճառաբանությամբ չմասնակցեցին մեր պետական մարմինները, մշակույթը ներկայացնողները Տերյանական միջոցառմանը: Չէ որ բոլորն էլ տարիներ ի վեր տեղյակ են միջոցառումից, և լինել անտարբեր, նշանակում է դանդաղ մարեցնել մշակութային կարևորագույն արժեքները:
- Այո, բոլորն էլ տեղյակ էին, անգամ նախապես ասվում է միջոցառման ժամանակի մասին: Չեմ թաքցնի, տեղի իշխանությունները կազմակերպչական առումով բավականին երկար ժամանակ քննարկում էին՝ հուլիսի 31-ին անցկացվի միջոցառումը, թե՝ հուլիսի 24-ին: Բայց, այդպես էլ, մերոնք՝ չպատճառաբանելով, թե ինչու չեն կարող ներկա գտնվել միջոցառմանը, ցավոք սրտի, անմիջական մասնակցություն չունեցան: Տարիներ շարունակ Վրաստանից և Հայաստանից միջոցառմանը մասնակցել է ընդհանուր թվով 5-6 հազար մարդ, սակայն այս տարի մոտ 2-3 հազար մարդ մասնակցեց: Այս տարվա միջոցառմանը ելույթ ունեցավ տեղական իշխանության ղեկավարությունը, քաղաքապետը՝ Անի Մոսոյանը, Շիրակը Թորոսյանը, Վան Բայբուրտը, միջոցառումը իրենց ջերմությամբ և ուրախությամբ լրացրին տեղի մանկական պարի ու երգի համույթները:
-Հիշո՞ւմ եք՝ Տերյանական միջոցառումն ավելի վառ ու մեծ, երբ է նշվել:
- Տերյանի միայն հոբելյանական միջոցառումներն են ավեի մեծ շուքով նշվել:Մնացած տարիներին միջոցառումները Կոմիտասի անվան պանթեոնում անց է կացրել «Տերյան» մշակութային կենտրոնը: Տերյանական շքեղ միջոցառումներից հիշեմ իրենց ելույթով փայլած Լուսինե Զաքարյանին, Համո Սահյանին, Գոհար Գասպարյանին:
- Ի՞նչ եք կարծում, որպեսի հաջորդ տարիներին չկրկնվի այսօրվա տխուր պատկերը, ինչ պետք է անի «Տերյան» մշակութային կենտրոնը:
- «Տերյան» կենտրոնի նպատակն է, որ, այո, այլ կերպ առաջարկը արվի նախ մեր մշակութային, գրական բոլոր կազամկերպություններին, ապա՝ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը: Որոշել եմ, որ դեռ մայիս ամսվանից մանրամասն ծրագիր կազմենք և հենց նույն ժամանակ էլ ներկայացնենք Կառավարությանը, ԿԳՄՍ-ին: «Տերյան» կենտրոնը իր վրա է վերցնում մի ամբողջ ծրագրի իրականացման փաթեթ: Այս անգամ ոչ թե սովորական միջոցառում է լինելու, այլ՝ էրզրումի տարազների նմուշների օրինակներ կներկայացնենք համույթներին, որպեսզի շքեղ հայկական ոգով ու շնչով լինի միջոցառումը, չեմ ուզում այլ փակագծեր էլ բացեմ այս պահին, բայց որ մի մեծ միջոցառում ենք նախատեսելու, դա հաստատ է: