Հարցազրույց

Մինչև Սյունիքի խորքերը դեր ունի հայ-իրանական սահմանի անվտանգության վրա․ իրանահայ պատգամավոր

Մինչև Սյունիքի խորքերը դեր ունի հայ-իրանական սահմանի անվտանգության վրա․ իրանահայ պատգամավոր

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են Հայաստանի տարբեր մարզերի ուղղություններով ներխուժել երկրի տարածք ու դեռևս չեն պատրաստվում հեռանալ։

Նոյեմբերի 9/10 կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից ի վեր քննարկվում է Մեղրիով միջանցք կամ երթուղի տրամադրելու հարցը, որոնցով ադրեբջանա-թուրքական կողմը ցանկանում է հաղորդակցություն ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։

Ադրբեջանական իշխանությունները նույնիսկ սպառնում են ուժով ստանալ միջանցքը։ Միջանցիք մասին նաև այս տարվա ապրիլի 17-ին Վայոց Ձորի մարզում խոսել էր կապիտուլյացիայի համահեղինակ, իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ասել էր, թե այդ միջանցքով Հայաստանի տնտեսությունը փոփոխություններ կապրի։

Նշենք, որ իմքայլական վարչապետը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում հեռու է եղել ռազմական գործողություններից ու թաքնվել ապահով բունկերներում ու գրասենյակներում։


Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ «Հրապարակը» զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում (Իսլամական խորհրդակցական վեհաժողով) հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։


- Պարո՛ն Բեգլարյան, ադրբեջանական ուժերը Հայաստանի տարբեր մարզերից ներխուժել են Հայաստանի տարածք։ Էլի քննարկվում է Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղի կամ միջանցք տրամադրելու հարցը, Իրանն ի՞նչ մոտեցում ունի այս իրավիճակի հետ կապված։

- Քիչ առաջ ինչ-որ տեղեկություններ տարածվեցին, թե ինչքանով են իրականությանը մոտ, որ ադրբեջանական զորքը շուրջ 2 կիլոմետրով ետ կնահանջի, և ինչ-որ համաձայնություններ են եղել, որ վերստին Նախիջևանի մոտի գյուղեր հանձնվեն, և ճանապարհի հարցով։ Հավանաբար Դուք էլ տեսել եք այդ լուրը։


- «Հրապարակն» է հենց գրել։

- Իրանի մոտեցումն այն է, որ Իրանի, այնպես էլ [իրանական] խորհրդարանի Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը մատնանշեց, արտգործնախարարության խոսնակն էլ նշեց, որ, ի վերջո, Իրան-Հայաստան սահմանն ունի իր յուրահատուկ տեղը, զգայունությունը և պետք է անխաթար մնա։ Բայց ինչպես մատնաշել են անցյալում էլ, եթե ինչ-որ առումով համաձայնություններ էլ լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և անշուշտ այստեղ Ռուսաստանի գործոնն էլ կարևոր դերակատարություն ունի, հետևաբար Իրանի ցանկությունը կամ ինչ-որ առումով դիվանագիտական կամ ուրիշ առումով միջամտությունը հավանաբար կսահմանափակվի համաձայնությամբ, որ երկրների միջև եղած լինի։ Բայց կասկածից վեր է, որ այս բոլորը կարող է աշխարհաքաղաքական առումով Իրանի վնասին հանդիսանալ։ Ինչպես նաև երբ խոսում ենք Իրան-Հայաստան սահմանի մասին՝ ելնելով Իրանի յուրահատուկ աշխարհագրական դիրքերից և իրականությունից, պետք է բավարարվեն [պետական] սահմանագծով, մինչև Սյունիքի խորքերը դեր ունի այդ սահմանի անվտանգության վրա։ Բայց տեսնելով հիմա տեղի ունեցող իրադարձությունները՝ Իրանը բնականաբար, չեմ ասում կհամակերպվի, բայց գնահատելով իրականությունը՝ կգործի թե՛ դիվանագիտական առումով, թե՛ ուրիշ գործոններից բխելով։


- Ասեցի՞ք, որ կփորձի դիվանագիտական դերակատարում ունենալ։

- Այո, այո։ Ինձ թվում է, դա մեծ փոփոխություն է լինելու տարածաշրջանում։


- Իրանն ի՞նչ վտանգ է տեսնում այդ երթուղու կամ միջանցքի հետ կապված։

- Բնականաբար իմ հարցազրույցը, իմ տեսակետները չեն հանդիսանում Իրանի իշխանության կամ պետական պաշտոնական դիրքորոշումը, դա հավանաբար Դուք լավ գիտեք, բայց այս տեսակետից՝ թե՛ առևտրային առումով, թե՛ տարանցիկ, թե՛ նավթամուղների, թե՛ ճանապահների տարանցիկ առումով կարող են ինքնստինքյան, չասեմ վտանգ, բայց տնտեսական վնասներ ու աշխարհագրական դիրքի նվազեցում ունենալ Իրանի համար։ Եվ արցախյան այս երկրորդ պատերազմն ինքնին հղի էր նման հետևանքներով։ Բայց երկրները բնականաբար սկզբում անպայման կփորձեն խաղաղ ճանապարհով հարցերը լուծել, և ինքն էլ այդ տեսակետից հակակշռի՝ իրենց առավելություն չտալու համար։

- Իսկ Իրանը պանթյուրքիզմի կամ սեպարատիզմի վտանգ տեսնո՞ւմ է իր համար՝ հաշվի առնելով, որ Ատրպատական, Արդեբիլ նահանգները մեծամսամբ բնակեցված են թյուրքախոս ազերիներով։

- Այդ վտանգները, ինձ թվում է, նկատի առնվում են Իրանի կողմից, բայց նրանց կառավարելը կամ հակազդեցությունը ներկա պայմաններում արդեն տեսնում ու գնահատում ենք, թե ինչպես է Իրանը փորձում մոտեցում ունանալ, բայց իմաստավորի այդ փոփոխություններն արդեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ, որ Սյունիքում ենք տեսնում։ Դա հավանաբար կարող է ոչ թե անմիջական, այլ երկարաժամկետ վնասներ ունենալ Իրանի համար։ Եվ, ի վերջո, Իրանը պետք է անընդհատ իրավիճակը քննարկի, գնահատի։ Եվ ինձ թվում է, ինչու չէ, պատրաստ լինի նաև տարբեր սցենարիոների համար։   

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image