Այլ

Բայդենը մեծացնում է ճնշումն Ալիեւի վրա

Բայդենը մեծացնում է ճնշումն Ալիեւի վրա

Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական հարցերով COP-29 համաժողովին ընդառաջ նոր զարգացումներ կան Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում: Դատելով վերջին իրադարձություններից՝ Սպիտակ տունը եւ անձամբ Ջո Բայդենը կոնկրետ ակնկալիքներ, եթե չասենք՝ պահանջներ ունեն Բաքվից: Այդ մասին Ալիեւին ծանուցել է ԱՄՆ նախագահը, որը հեռանալուց առաջ, թերեւս, ուզում է կարեւոր դերակատարում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության հանգուցալուծման, խաղաղության պայմանագրի կնքման գործում եւ դառնալ երկու ժողովուրդների միջեւ «պատմական հաշտության» համահեղինակներից մեկը: Մարդ, որի նախագահության տարիների տխուր «ժառանգությունը» դարձան Ուկրաինայում պատերազմը եւ Մերձավոր Արեւելքի արյունալի իրադարձությունները: Նախ, հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական եւ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիեւը նշել է, որ «հենց Ադրբեջանն է խաղաղության պայմանագրի նախաձեռնողը», եւ վստահեցրել է, որ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Նրա խոսքով՝ «այն փաստը, որ Հայաստանը 70 օր անց ուղարկել է իր վերջին առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ տանելու՝ հայկական կողմի մտադրության վերաբերյալ»։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են: Մեր երկիրը շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել՝ գործընթացն առաջ մղելու համար»,- անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել Ալիեւը։ Քարփենթերը նրան է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որտեղ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որը կնքելու պատմական հնարավորություններ կան այսօր, եւ որի ստորագրումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար եւ կնպաստի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

«Ես գոհ եմ ձեր երկրի եւ Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ արձանագրված առաջընթացից, որը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն եւ արդար խաղաղության հասնելուն, որը վերջնականապես վերջ կդնի տասնամյակների հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որն ապահովում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միաժամանակ կվերափոխի ողջ տարածաշրջանը եւ կօգնի մեծացնել առեւտուրը, ներդրումներն ու կապերը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ: Այն ժամանակ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա COP-29-ի համար, դուք եզակի հնարավորություն ունեք՝ համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված կետերի ուղղությամբ աշխատանքն ավարտին հասցնելու համար կպահանջվի ստեղծագործականություն եւ զիջումներ երկու կողմերից: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ դուք կշարունակեք օգտվել այս հնարավորությունից։ Կոչ եմ անում՝ համաձայնագրի ստորագրումն ավարտել այս տարի»,- ասված է նամակում։

Վերջին միտքը վկայում է մեկ բանի մասին. Բայդենն ու նրա վարչակազմն ամեն ինչ անելու են, որպեսզի Ադրբեջանն անհապաղ խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ: Իսկ այդ ջանքերը նաեւ դիվանագիտական ու քաղաքական ճնշումներ են ենթադրում, առանց որի անհնար է հասնել որեւէ արդյունքի: Մյուս կողմից, Բայդենն ակնարկում է, որ Ալիեւը պետք է վերջ տա հայկական կողմին հասցեագրվող անհիմն ու միալար մեղադրանքներին, թե «խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն ու մի շարք իրավական ակտերն են, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:

Զիջումներ ասելով, բնականաբար, ենթադրվում է, որ հենց Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի այն ինքնիշխան տարածքներից, որոնցում այժմ տեղակայվել է: Չի բացառվում նաեւ, որ դեմոկրատ նախագահն ակնարկում է նաեւ արցախահայության իրավունքների պատշաճ ապահովման մասին, մի բան, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորելիս նշեց նաեւ ԱՄՆ փոխնախագահ, Բայդենի հավատարիմ զինակից, կուսակից, երկրի նախագահի թեկնածու Քամալա Հարիսը: Սեւամորթ կին ղեկավարի խոսքով՝ ինքը հավատարիմ է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»,- նշել էր Քամալա Հարիսը՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում. «Հավատարիմ եմ մեր երկրների միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ»: Թե ինչ դասեր կքաղեն Ալիեւն ու իր բռնապետական ռեժիմն ամերիկյան վերնախավի մեսիջներից, դժվար է ասել: Բայց որ նոյեմբերը նշանավորվելու է կարեւոր, եթե չասենք՝ ուշագրավ իրադարձություններով, բացառված չէ:

Հուսանք նաեւ, որ Բայդենի ակնարկած զիջումների մեջ է մտնում Բաքվի բանտերում ապօրինաբար կալանավորված հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ազատ արձակումը: Այն, ինչ Ադրբեջանին պարբերաբար կոչ են անում միջազգային կառույցներն ու գործիչները:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image