Քաղաքականություն

Մեզ կին առաջնորդ է պետք

Մեզ կին առաջնորդ է պետք

Եթե հավատանք ավանդապատումին, իսկ դրան ողջամիտ հակափաստարկներ չկան, ապա մարդկության պատմության մեջ առաջին մարդուն՝ Ադամին, Աստված գոյավորեց աշխարհի ստեղծման վեցերորդ օրը եւ ստեղծեց Իր պատկերով եւ նմանությամբ ու նրան իշխանություն տվեց ամբողջ աշխարհի վրա: Տեսնելով, որ Ադամն օգնականի-ընկերոջ կարիք ունի, Աստված նրա կողոսկրից երկնեց առաջին կնոջը՝ պատգամելով եդեմական կյանք: Մնացյալը գիտեք. սատանան գայթակղեց կնոջը՝ ճաշակելու Արարչի կողմից արգելված ծառի պտուղը, նա էլ Ադամին համոզեց: Զանցանքի համար Ադամը մեղադրեց կնոջը, իսկ կինը՝ օձին: Այդժամ Աստված բարկացավ եւ նրանց արտաքսեց դրախտից: Փաստորեն, Ադամը հավատաց կնոջ «խոսքին», ճակատագրականը խո՛սքն էր՝ կնո՛ջ խոսքը:

Մարդաստեղծության այս մոդելը, հավատացեք, չի փոխվել: Ո՛չ խոսքի ուժի, ո՛չ էլ կնոջ դերակատարման առումով: Ընդունված է, չէ՞, ասել, որ կանայք սովորաբար շատ են խոսում: Պնդման հետ լիովին համամիտ չլինելով նշեմ, որ կնոջ խոսքն ավելի հասցեական ու նպատակային է, կնոջ լռությունն էլ խոսուն եւ ազդեցիկ է: Նա խոսում կամ լռում է այնքան, մինչեւ իրեն «լսեն, հասկանան, ընդունեն»՝ լինի ընտանեկան-կենցաղային, հանրային, թե պետական մակարդակ: Վերցրեք ցանկացած կնոջ եւ ցանկացած պետության օրինակ: Մարդկության պատմության մեջ քիչ չեն կին առաջնորդները, որոնց լսել են, լսում են, որոնց խոսքը նույնչափ զորավոր ու համոզիչ է, որքան՝ Եվայինը: Սիրում ենք ասել նաեւ, որ կինն «ականջներով» է սիրում: Եվ, ուրեմն, հենց խո՛սքն է զորավոր եւ այնքանով, որքանով նրան զորացնում են: Խո՛սքն է մղում գործի, գործողությունների:

Իսկ չե՞ք կարծում, որ կնոջ պես եւ գուցե ոչ նրանից պակաս ժողովուրդներն էլ են «ականջներով» սիրում: Ժողովուրդներն առաջնորդներ եւ կառավարիչներ են ընտրում՝ անսալով նրանց խոսքը, քրեստոմատիկ ճշմարտություն է՝ ի սկզբանե բանն էր, նախ՝ խոսքն էր: Հենց ժողովրդի՝ «ականջներով սիրելու» «թուլությունից» օգտվեց Նիկոլ Փաշինյանը 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ: Դրան նախորդած խոսքերն էին «արմատավորվել» ժողովրդի ենթագիտակցության եւ ցգացական դաշտում: Այդ մենթալ կոդերով Նիկոլը եկավ իշխանության եւ հենց դրանցով է առաջնորդվում նաեւ այսօր՝ մի ամբողջ ժողովրդի գլխին բերելով բազում կորուստներ ու ձախողումներ: Իսկ գուցե նրան տապալելու ձախողման արմատական պատճառը հենց մեր վիրտուալ ու հրապարակային շաղակրատությո՞ւնն է, որ հաճախ ընկալվում է որպես ուղիղ խոսք: Համոզված եղեք՝ այս խառնակ օրերում մեզ հենց իրական ու ճակատագրական խոսքն է պակասում, հենց դա է մեզ պետք։ Եկեք ապավինենք կնոջն ու նրա խոսքին: Հայաստանին օր առաջ կին առաջնորդ է պետք՝ վճռական խոսքով, որը գործի արժեք ունի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image