Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանությունը, ըստ տեղացիների, քաղաքական հողի վրա է եղել։ Այստեղ է ապրում նաեւ «Ապրելու երկրի» թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։ Վերջինս չի կիսում բնակիչների կարծիքը, կարծում է, որ դա քաղաքական հողի վրա չի եղել, վստահ է, որ վենդետա չի լինելու։ «Ես այս համայնքից եմ, եւ բացառում եմ, որ վենդետա կլինի։ Մենք էդ տեսակի մարդ չենք, որ վենդետայի գնանք»,-ասաց նա։
Վալոդյա Գրիգորյանը մտավախություններ չունի ընտրությունների հետ կապված, ասում է՝ վերջին տարիներին Փարաքարի բնակիչները տեսել են, թե ինչպես է ՔՊ-ն համայնքի կառավարումը իրականացրել։ «Ամսի 30-ին կայանալիք ընտրություններին վստահ եմ, որ փարաքարցիները ավելի հաստատակամ կլինեն։ Բոլորն ինձ ճանաչում են, եւ հենց պատճառը սա է, որի համար ինձ կընտրեն»,-ասաց նա։
Նա լավատեղյակ է համայնքի խնդիրներից, ասում է՝ նախընտրական ծրագրում իր առաջարկները կանի, ժողովուրդն էլ կորոշի՝ ընտրի իրեն, թե ոչ։ Բոլոր թեկնածուներին էլ մրցակից համարում է, հետները նորմալ հարաբերությունների մեջ է: Իսկ հետները կոալիցիա կկազմի՞։ «Մենք բարձր ձայներ ենք հավաքելու, ինչպես նախորդին, եթե մի ուժ կցանկանա ժողովրդի քվեն ոտատակ չտա, գա` հանուն համայնքի փորձի մեզ միանա, մենք դեմ չենք։ Սակայն մի պայմանով, որ ես կլինեմ համայնքապետ»։
Մանրամասն՝ տեսանյութում