«Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն հայրենիքի ու Հայոց պետականության: Անդադար աշխատում ենք, առաջարկներ ներկայացնում ու դրանց շուրջ քննարկումներ անում: Պրոցես է գնում, և առաջիկա մեկ ամիսը մենք այնպես պետք է անենք, որ ծրագրերն ու իրականությունը իրարից շատ չշեղվեն:Քայլերը, որոնք նախատեսում ենք պետք է լինեն գետնի վրայի քայլեր, այսինքն՝ ոչ երազային, այլ ռեալ՝ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն հստակ, խելացի, մտածված աշխատանքների շնորհիվ: Այս ամենը կիրականանա, երբ լավ վերլուծենք և հետևություններ անենք անցած երկու ամիսներից: Փորձենք հասկանանք, որտեղ ունենք բացթողումներ և ինչն էր, որ օգնում էր մեզ մեր պատվաբեր ու պահանջատեր գործում: Այս ամենին զուգահեռ պետք էհաշվի առնենք նաև առկա աշխարհաքաղաքական իրավիճակը: Այս ամենը պետք է ոչ միայն նրանց համար, ովքեր պայքարում են և պայքարի առաջնագծում են, այլև նրանց,ովքեր չեն գիտակցում դեռ այս պայքարի անհրաժեշտության մասին»,- Հրապարակին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Պատգամավորի կարծիքով «խաղաղության» թեման Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է որ փակված լինի: Նազարյանն ասում է.
«Այսօրվա վարչախմբի պարագլուխը մի անգամ խոստովանեց չէ՞, որ այդ «խաղաղությունը» այդքան էլ խաղաղություն չի և շեշտեց՝ նույնիսկ, եթե այդ ամեն ինչը ստորագրենք, անգամ այդ դեպքում խաղաղությունը և Հայաստանի անվտանգությունը երաշխավորված չի: Այսինքն՝ այս «խաղաղություն» բառը եկեք անհարկի չօգտագործենք, նույնիսկ չակերտների մեջ չդնենք, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը բոլորովին այլ է՝ ստորացուցիչ կարգավիճակի մեջ դնել Հայաստանին, Հայաստանի տարածքը փաստացի կառավարման տակ դնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այսինքն՝ մենք, եթե Հայաստանի ներսում մի կետից տեղաշարժվենք մյուս կետը, պետք է համաձայնեցվի և թույտվություն ստացվի Բաքվից և Անկարայից: Ադրբեջանի ձգտումը սա է, ինչի մասին քաջատեղյակ և լավատեղյակ են աշխարհի բոլոր երկրները, որոնց հետաքրքրում է այս տարածաշրջանը, և բոլորը հերթով Հայաստանի իշխանություններին հասկացնում են, ակնարկում են՝«մենք գիտենք ձեր մտադրությունների և պայմանավորվածությունների մասին, բայց մեղմ ասած՝ խորհուրդ չենք տալիս գնալ այդ քայլերին»: Դա շատ ակնհայտ է:Անգամ Ֆրանսիան ու ԱՄՆ են տարբեր ձևերով հասկացնում, որ այն, ինչ որ ուզում է անի Փաշինյանը, չի կարելի, էլ չեմ խոսում Ռուսասատանի ու Իրանի մասին»: