Քաղաքականություն

Նոր խոստումներ է տալու եւ ցույց տալու, որ 2018-ին տրված խոստումներն էլ է իրականացնելու`խաղը դեռ ավարտին չի հասցրել

Նոր խոստումներ է տալու եւ ցույց տալու, որ 2018-ին տրված խոստումներն էլ է իրականացնելու`խաղը դեռ ավարտին չի հասցրել

«Հրապարակ»-ի զրուցակիցը բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ավարտվող տարին փորձենք ամփոփել, ի՞նչ ռեսուրսով է երկիրը 2025 թվական մտնում։

-Ցավոք, միակ ռեսուրսը, որը Հայաստանն ու հայ ազգն ունի, մարդկային կապիտալն է, որը հատկապես վերջին տարիներին ավելի վատ է օգտագործվել։ Նախկինում օգտագործվում էր՝ ոչ հարյուր տոկոսով, բայց հիմա, կարելի է ասել, ընդհանրապես չի օգտագործվում։ Բացի այդ կապիտալից, մենք չունենք շատ մեծ հնարավորություններ, որ որպես ազգային պետություն, կարողանանք մեր շահերը պաշտպանելով` աշխատել այն մարտահրավերների հետ, որոնք առկա են։ Սա է ամբողջ խնդիրը։ Ինչ վերաբերում է մարտահրավերներին, այստեղ շատ կարեւոր է, որ երկիրը կարողանա ստեղծել զսպող մեխանիզմներ եւ այդ մեխանիզմների թվում միայն բանակը չէ, նաեւ դիվանագիտական հնարավորություններն են եւ այդ հնարավորություններով մենք՝ որպես ազգ, կախված ենք մարդկային կապիտալից, որը չի օգտագործվում՝ տարբեր երկրներում տարբեր հնարավորություններ ստեղծելու առումով, որպեսզի մեր դիվանագիտությունն ավելի ճկուն լինի։ Պարզ է, որ Միջին Արեւելքում տեղի ունեցած քաղաքական երկրաշարժը բերել է նրան, որ վերջին օղակը Իրանն է դարձել, որը մեզ շատ ավելի մոտ է եւ այստեղ խաղը կարող է շատ բարդ լինել։ Եթե մենք ճիշտ ձեւով չմոտենանք այդ խաղին ու չպաշտպանենք մեր շահերը, կրկին կարող ենք հայտնվել կորստի առաջ, պարզ է, թե մեր թշնամիներն ինչ են ուզում։ Եթե Հայաստանի իշխանությունները նույն կերպ շարունակելու են ու պատրաստվելու են 2026 -ի ընտրություններին, դա ազգի համար կարող է դառնալ նոր մարտահրավեր, որովհետեւ ամբողջ ռեսուրսն ուղղված է լինելու ներքին պայքարին՝ փոխանակ մենք համախմբվենք ու փորձենք ստեղծել այդ զսպող մեխանիզմները։

-Ո՞րն է ճիշտ ձեւը, որի մասին Դուք խոսում եք։

- Մարտահրավերը նրանում է, որ մեր իշխանությունները որոշել են, որ մեր ազգային անվտանգության դիլեման լուծելու ճիշտ մոտեցումը, իրենց կարծիքով, գտնվելն է ճիշտ ճամբարում։ Նրանց պատկերացմամբ, մենք ճիշտ ճամբարում չէինք՝ Ռուսաստանի հետ էինք ու դրա համար պետք է ճամբարը փոխենք, որպեսզի կարողանանք լուծել անվտանգության խնդիրը, բայց այստեղ խնդիր կա՝ ոչ ոք չի կարող հստակ ասել, որ այն ճամբարը, որը իշխանությունները համարում են ճիշտ, այսինքն, արեւմտյան  ճամբարը իսկապես մեզ օգնելո՞ւ է, եթե Ադրբեջանը փորձի ուժային մեթոդով հարցերը լուծել, թե՞ դիտորդի դիրք է զբաղեցնելու։ Իրենց ամբողջ մոտեցումն է սխալ։ Երբ ես ասում եմ ճիշտ մոտեցում, նկատի ունեմ նախ եւ առաջ կոալիցիոն աշխատանք, որպեսզի կարողանաս զսպել Ադրբեջանի ախորժակը։ Այդ աշխատանքը պետք է հիմնված լինի ճկուն դիվանագիտության վրա, ինչը պահանջելու է ռեսուրս, իսկ մեր ռեսուրսը, ինչպես ասացի, մարդկայինն է։ Եթե մենք այն չենք կարողանալու օգտագործել, նորից հայտնվելու ենք նոր ճամբար փնտրելու ճանապահին, որտեղ ամենաթույլ դիրքերից ենք հանդես գալիս, որովհետեւ մի ճամբարից կարծես թե արդեն հրաժարվել ենք, կամ` նա է մեզնից հրաժարվել,  որովհետեւ անվստահելի ու անկայուն ենք, իսկ նոր ճամբարը մեզ չի ընդունել, որովհետեւ խնդիրներ կան՝ ինքն այլ շահեր ունի, որոնց չի ցանկանա վնասել։ Բոլորն են արդեն խոսում այն մասին, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համակարգն այլեւս չի գործում, ուստի, ուժն է կարեւորը, եթե դու այդ ուժը չունես, գոնե պետք է կարողանաս ձեւավորել այնպիսի կոալիցիաներ, որոնք կարող են զսպել նրան, ով կարող է քո դեմ ուժ կիրառել։ Հայաստանի նման փոքր երկրին պետք չէ, որ Ռուսաստանը թշնամի լինի կամ Արեւմուտքը։ Մեզ պետք է բոլորի հետ համագործակցել եւ տարբեր հարցերի շուրջ տարբեր երկրների հետ մտնել կոալիցիոն շինարարության մեջ, բայց դա շատ բարդ խնդիր է, որովհետեւ Արեւմուտքը, Ռուսաստանն ու Չինաստանը գտնվում են հիբրիդային պատերազմի վիճակում, ուստի պետք է շատ զգույշ ձեւավորել այդ կոալիցիաները։ Հիշու՞մ եք, ՀՀ նոր իշխանությունը միացավ մի կոալիցիայի, որը կոչվում էր Ժողովրդավար երկրների կոալիցիա, Բայդենը օնլայն հանդիպում էր կազմակերպել եւ այլն։ Ես հարց եմ տալիս՝ ի՞նչ տվեց մեզ այդ կոալիցիան, ի՞նչ ստացանք դրա դիմաց կամ միացանք մի կազմակերպության, որը Չինաստանի դեմ էր եւ ներկայացնում էր պետդեպարտամենտը։ Մենք ինչ-որ բան ստացա՞նք դրա դիմաց՝ ո՛չ։ Այս պահին մեզ համար ամենակարեւորը աշխատանքն է այն ուժերի, այն կոալիցիաների հետ, որոնք կարող են զսպել Ադրբեջանին։

-2025 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի ռիսկը կմեծանա՞, հաշվի առնելով տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացումը։

-Ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի դերակատարությունն է մեծացել, իհարկե, դա մարտահրավեր է եւ այստեղ մեր իշխանությունների սխալը կարող է լինել այն, որ իրենց կարող է թվալ, թե Արեւմուտքը կարող է զսպել Թուրքիային եւ Ադրբեջանին, եթե նրանք փորձեն ուժային մեթոդով լուծել հարցերը։ Բայց դա այդպես չէ, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ իրական քաղաքականություն է վարելու Թրամփը, ինչպես է նա կարգավորելու հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ինչ վերջակետ է դրվելու ռուս-ուկրաինական պատերազմում, որը ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ նոր մոդուս վիվենդի (համաձայնություն` անհամաձայնության պայմաններում) կնշանակի։ Այս անորոշություններից շատ բան է կախված, բայց, իհարկե, եթե խոսում ենք հավանականության մասին, այո՛, ռազմական մարտահրավերի հավանականությունը շատ ավելի բարձր է 2025թ-ին, քան անցնող տարի էր։

-Եթե փորձենք գնահատել Փաշինյանի վերջին ամիսների վարքագիծը՝ անադեկվատ ակտիվությունը սոցցանցերում, անհեթեթ գրառումների տարափը, հեծանվային շոուները․․․Նա ի՞նչ է անում այս գործողություններով, երբ երկիրը նման մարտահրավերի առաջ է կանգնած։

- Ես դա մի քանի անգամ ասել եմ՝ գերխնդիրը, որ նա ցանկանում է լուծել, իշխանությունը պահելն է, ինքը շուտ է սկսել, արդեն 2026 թվականին է պատրաստվում, ակտիվ փուլ է անցել այդ նախապատրաստական աշխատանքը, որովհետեւ նա տեսնում է, որ կորցնում է իր ընտրողներին։ Դրա համար փորձում է ինչ-որ նոր քայլեր անել՝ մի կողմից իր ընտրազանգվածը պահելու եւ կորուստները չեզոքացնելու համար, մյուս կողմից, փորձում է նոր ընտազանգված ձեռք բերել, այստեղ էլ տարբեր խոստումներ է տալիս, օրինակ, բանկային պարտքերը վճարելու որոշումը կամ աշխատանքային շաբաթը կրճատելը։ Սրանք բոլորը պոպուլիստական քայլեր են, որոնց նպատակը ընտրողների զանգվածը մեծացնելն է, որովհետեւ ոտքից գլուխ ընտրությունները կեղծելը, դժվար է լինելու, որովհետեւ ընտրողների թիվը փոքր է լինելու, ինչը ցույց տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները։ Այս վիճակում նա պետք է նոր խոստումներ տա ու ցույց տա, որ 2018 թվականին տրված խոստումներն էլ իրականացնելու է ու խաղը դեռ ավարտին չի հասցրել։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, այստեղ Փաշինյանն ու ՔՊ-ն շեշտը դրել են այսպես ասած, ճիշտ ճամբարի վրա, որը ի դեպ, իրականում ոչ թե Արեւմուտքն է, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ անել ամեն ինչ այս երկրների համար վստահելի գործընկեր դառնալու համար, բայց այստեղ Փաշինյանը մեկ խնդիր ունի՝ որքան շատ է կատարում Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, նրանց ախորժակն այնքան մեծանում է, սկսում են պահանջել այնպիսի բաներ, որոնք անելու համար Փաշինյանը չի կարող չկորցնել այն ընտրազանգվածին, որից մենք  խոսում էինք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image