Ֆրանսիայում իշխանությունների կողմից բուժաշխատողների, կամավորների, ծառայողների պարտադիր պատվաստման մասին օրինագծի պատճառով 100 հազար մարդ է դուրս գալիս փողոց, հողին են հավասարեցվում քովիդ-կենտրոնները։ Էմանուել Մակրոնը սպառնացել է, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը չպատվաստվելու դեպքում բուժաշխատողների աշխատավարձերը չեն տրվի, իսկ խանութներ, սրճարաններ, կինոթատրոններ եւ գնացքներ մտնելու թույլտվություն կունենան միայն այն անձինք, ովքեր ցույց կտան հատուկ կտրոն․ դրանում պետք է լինեն պատվաստման, առողջացման եւ կամ ՊՇՌ բացասական թեստի մասին նշումներ։ 2020թ․ վերջին իրականացված սոցհարցումը ցույց է տվել, որ հարցվածների միայն 40 տոկոսն է պատրաստ եղել պատվաստման։
Հայաստանի կառավարությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։
Տեղեկացրել էինք, որ օրերս շրջանառության մեջ է դրվել մի դրակոնյան նախագիծ, որով ուզում են բոլորին՝ պետականից մինչեւ մասնավոր սեկտոր, պատվաստել, իսկ չպատվաստվողներն ամսական 2 անգամ՝ իրենց հաշվին, պետք է կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն։ Այսինքն՝ 30 հազար դրամ վճարեն։ Մենք փորձեցինք հայ բժիշկներից պարզել՝ որքանով է բժշկական էթիկայի ու հանրային առողջության տեսանկյունից ընդունելի նման նախագիծը։ «Տոնոյան» բժշկական կենտրոնից թերապեւտ Լեւոն Շահինյանն ասաց՝ քննարկելու որեւէ հարց չկա․ մարդու իրավունքն է՝ չի ուզում պատվաստվել։ «Չի ուզում լավ լինի, ուզում է մահանա, ի՞նչ իրավունք ունեն։ Կոպիտ եմ ասում, բայց այդպես է։ Պարտադրանք չի կարող լինել․ մարդը՝ ինքը պետք է որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ»։
Ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը բժշկական օրենսդրությունից փոքրիկ դասախոսություն կարդաց։ «Մեր օրենքներն ասում են, որ ցանկացած բժշկական միջամտություն պետք է լինի կամավոր՝ պացիենտի համաձայնությամբ։ Այս նախագծով պայմաններ են ստեղծվում՝ պետությունը, փաստացի, խառնվում է մասնավոր բիզնեսի՝ գործատուի եւ աշխատողի հարաբերություններին»,- ասաց Գրիգորյանը, որը, բնականաբար, այս ամենը որակում է բժշկական էթիկայի կոպտագույն խախտում։
Նա ասում է՝ մեր առողջապահության նախարարության աշխատաոճը վաղուց ի վեր իր իրավունքների ու լիազորությունների շրջանակից դուրս է։ «Նպատակ են դրել, որ այդ պատվաստանյութը կիրառվի մեր բնակչության վրա, սակայն ընտրված մարտավարությունն էլ ավելի է սրելու բնակչության շրջանում տիրող հակապատվաստումային տրամադրությունները»։
Ավելին՝ մարդկանց մեջ կա ոչ միայն անվստահություն պատվաստանյութի նկատմամբ, այլեւ հայերիս շրջանում անգամ սեւ հումոր է շրջում․ «Թող մի 2 տարի անցնի, տեսնենք՝ պատվաստվածների հետ ինչ է լինում, նոր մենք էլ կպատվաստվենք»։ Բժիշկը սա միանգամայն բնական է համարում․ «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի անցել ժամանակի փորձությունը։ Ուսումնասիրված չեն նրա հեռահար ազդեցության տարբեր դրսեւորումները։ Եվ այդ պարագայում բնական է, որ շատ մարդիկ զգուշավորությամբ մոտենան։ Դա զգուշավորություն է, ոչ թե հակապատվաստումային մոտեցում։ Ու երբ պատկան մարմինները փորձում են դա անել պարտադրանքով, բնակչության շրջանում առաջանում է անտագոնիզմ։ Մարդիկ չեն ուզում որեւէ բան պարտադրված անել։ Քանի որ մեր ԱՆ-ն եւս բռնել է այդ ուղին, չեմ կարող ասել, թե ինչով այդ ամենը կավարտվի»։
Հիշեցնենք, որ նախարարությունը քրոնիկ հիվանդություն ունեցողների եւ թիրախային այլ խմբերի պատվաստմանը եւս դեմ չէ։ Քրոնիկ հիվանդությունների դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պահպանողական թերապիայի ներքո, հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երեւույթների կայունացման շրջանում: Հղիներն էլ հղիությունը հաստատող փաստաթուղթ պետք է տանեն։ «Պատվաստման որոշում կայացնելիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնվել պատվաստանյութի օգուտի եւ ռիսկի գնահատման վրա»,- ասվում է նախագծում։ Սրա հետ կապված՝ ուրոլոգը նրանց խորհուրդ է տալիս սպասել, բայցեւ ավելացնում է․ «Սա ժողովրդի կողմից ընտրված առողջապահության նախարարությունն է, ու ժողովուրդն էլ պետք է համակերպվի այս ԱՆ-ի ընդունած որոշումների հետ»։
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանի կարծիքով՝ պատվաստումը ճիշտ է, կարող է պայքարել համավարակի տարածման դեմ, բայցեւ «ցուցված չէ բոլորին։ Կողմ եմ, որ պատվաստվեն նրանք, ովքեր չեն հիվանդացել ու գտնվում են ռիսկի խմբում, իսկ հիվանդացածները՝ ոչ, որովհետեւ մարդու բնական իմունիտետն ավելի լավ պայքարում է ու ավելի ուժեղ է բնական, ոչ թե արհեստական՝ պատվաստման ճանապարհով»։ Իսկ մյուսների առնչությամբ բժիշկ-վարակաբանը կարծում է, որ պետք են հստակ ցուցումներ։
ՀԳ․ Հարցի մեկ այլ կողմի մասին զրուցել ենք Հայաստանի հակագլոբալիստների միության նախագահ, մասնագիտութամբ բժիշկ եւ ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանի հետ, որը տոտալ չի հավատում կորոնավիրուսին ու դրա սարսափին։ «Ո՛չ իրենց թվերին, որ էսքան մարդ է հիվանդացել, էսքան վակցինացվել, ամեն օր բոլոր ՀԸ-ներով էդ թվերն են ներկայացվում՝ մարդկանց վախեցնելու համար։ Վարչապետը մի օր առանց մասկայի է դուրս գալիս նիստ անում, մի օր՝ մասկայով։ Բայց ինչո՞ւ, եթե վակցինացված ես ինչպես դու, այնպես էլ կառավարությանդ բոլոր անդամները ու նաեւ՝ հիվանդացած ես։ Պարզ է, որ մարդկանց վախեցնելու համար, վերեւից եկած հրահանգներով եք էդ դիմակները հագնում»։
Ռեժիսորը հարցնում է՝ բա որ Իրանից 14 հազար մարդ էիք ՀՀ թողնում, դրա մասին չէի՞ք մտածում։ «Գալիս են էստեղ դիտմամբ վարակելու համար։ Հիմա ես որպես բժիշկ եմ ասում, որ սահմանները բացել եք «Դելտա» շտամով տարածված Պարսկաստանի հետ, եւ ինչ ա որ պատվաստումները ձեր ուզած քանակով չեն կատարվում, մարդկանց բերում եք ստեղ եւ ասում՝ 10 օր խանութներով, սրճարաններով, տաքսիներով մի հատ լավ տարածեք ձեր վարակները, հետո նոր պատվաստվեք։ Ոնց որ դիտմամբ բերում են այստեղ՝ էդ «Դելտա» շտամը տարածելու համար»։ Արտաշես Հովհաննիսյանը նկատում է՝ սա այն դեպքում, երբ հարեւան Վրաստանը, որտեղ թվերը շատ ավելի շատ են, ստիպում է, որ 2 ՊՇՌ թեստ անցած մարդը Վրաստանում 3-րդ օրը եւս թեստ անցնի։ Այլ երկրներում սահմանում են 1-շաբաթյա կամ 10-օրյա կարանտիններ, որոնք մեզանում իսպառ վերացել են։ «Դիտմամբ է արվում, եւ օրենքներն էլ՝ ԱՀԿ-ի կողմից գրված, ուղարկվում են Հայաստան, քանի որ սրանք բոլորը մի թիմ են։ Սրանք, ԵՄ-ի բոլոր ղեկավարները՝ թիմավորված, աշխարհով մեկ մի գործ են կատարում, որի պատվերն իրենց իջեցվում է վերեւից»,- ասում է մեր զրուցակիցը։