Հարցազրույց

Սերբիայի չսովորած դասերը

Սերբիայի չսովորած դասերը

«Չնայած նրան, որ չճանաչված Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգեցին սերբերի համար դիսկրիմինացիոն օրենքների կիրառումը (խոսքը սերբական փաստաթղթերի չեղարկման մասին է ), այնուամենայնիվ կոսովար ալբանացիների կողմից օկուպացված սերբական Կոսովոյի ու Սերբիայի «հողի» սահմանին իրավիճակը մնում է չափազանց լարված: Անշուշտ, այս իրավիճակի կտրուկ սրացումը աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, այն էլ այնքան բազմաշերտ, որ կարելի է ժամերով խոսել այս թեմայով։ Այստեղ և՛ ՆԱՏՕ-ի երկրների աջակցությամբ նախնադարյան սերբական տարածքը ալբանական օկուպացիայի օրինականացումն է, և՛ ԱՄՆ-ի, և՛ Թուրքիայի դերի ուժեղացումը Բալկաններում (հենց Թուրքիան է հանդիսանում Կոսովոյի ահաբեկիչների գլխավոր հովանավորը), սա և՛ Կոսովոյի և Մետոհիայի սերբական ինքնավար բնակչությանը դուրս մղելու կամ ոչնչացնելու փորձ է, և՛, իհարկե, Ռուսաստանի դեմ՝ երկրորդ ճակատ բացելու փորձ (եթե ոչ ռազմական, ապա գոնե ռեսուրսների և ռազմադիվանագիտական առումով), քանի որ Սերբիան միշտ եղել և մնում է Բալկաններում ռուսների հիմնական հոգեկան և գաղափարական «հենարանը»,- «Հրապարակին» ասաց, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերլուծաբանը հիշեցնում է, որ դեռևս 20-րդ դարի 90-ական և 2000-ական թվականներին Կոսովոյում ուղղափառ քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումը (իսկ Կոսովոն և Մետոհիան սուրբ վայրեր էին ողջ ուղղափառ քրիստոնյա աշխարհի համար) տեղի ունեցավ այսպես կոչված ՆԱՏՕ-ի «խաղաղապահների» աչքի առաջ, որոնք հանգիստ հետևում էին, թե ինչպես են Կոսովոյի ալբանացիները այրում և պայթեցնում քրիստոնեական վանքերը՝ Թուրքիայի (որպես Ալբանիայի առաջնային դաշնակից) աչալուրջ հսկողության ներքո: Իսկ այժմ Կոսովոյի խամաճիկ իշխանությունները որոշել են վերջ տալ դրան և գոնե քրիստոնյա սերբերին վտարել:

«Իսկ եթե ստացվի, ապա ինչու  չներխուժել Սերբիայի սահմանամերձ տարածքներ, ու վերջապես լուծել «սերբական հարցը»: Պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ է կատարվում և ինչ կլինի Սերբիայի և սերբերի հետ, քանի որ 20-րդ դարի 90-ականների պատերազմից անմիջապես հետո Սերբիայում իշխանության եկան «լիբերալ դեմոկրատները», որոնք անմիջապես հայտարարեցին Բալկաններում Կոսովոյի օկուպանտների հետ «խաղաղության և հաշտության դարաշրջանի» սկիզբի մասին։ Հայերի համար շատ ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞։ Սերբիայի արևմտյան կողմնորոշմամբ իշխանությունները քսանհինգ տարի շարունակ «խաղաղության դարաշրջան» են կառուցում թուրքամետ կոսովացի օկուպանտների հետ՝ սերբերի կյանքի և Սերբիայի տարածքային ամբողջականության հաշվին։ Ավելի քան երկու միլիարդ եվրո ներդրվեց զոհին (սերբերին) և դահիճին (կոսովյան ալբանացիներ) «հաշտեցնելու» ծրագրերում։ Սերբերին համոզեցին «համակերպվել» իրենց երեխաների սպանողների հետ և սերբերը հավատացին։ Կոսովոյի և Մետոհիայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվեցին KFOR-ի հովանու ներքո։ Թվում էր, թե «խաղաղություն» էր տիրում, բայց ի վերջո, այս բոլոր տարիների ընթացքում Սերբիան վճարելով պատվով, արժանապատվությամբ, ազգային նվաստացումներով, տարածքներով և շարքային սերբերի կյանքով, չի ստացել «խաղաղության դարաշրջան», այլ նա պարզապես օրինականացրել է իր երկրի օկուպացիան և հիմա, հենց այս րոպեներին, վճարում է իր երկրի և իր քաղաքացիների կյանքով։

Աբովյանը գտնում է, որ նույնը, բայց ավելի կոշտ և արագ ձևով, մեզ է սպասում, քանի որ զավթիչների, բարբարոսների և մարդասպանների հետ «խաղաղության» մասին բոլոր սուտ ու իշխանամետ մանիպուլյացիաներն անխուսափելիորեն կհանգեցնեն նոր տառապանքների և կորուստների։ 

Վերջինս ընդգծում է՝ թող տարօրինակ թվա, բայց Սերբիան այժմ շատ ավելի շահեկան դիրք ունի, քան մենք՝ նվազագույնը այն պատճառով, որ Սերբիան շատ մոտ է եվրոպական երկրներին և Եվրոպային: 

«Այս ամենի հետ մեկտեղ պետք է ինչ-որ կերպ կարգավորել այս իրավիճակը, իհարկե, նորից սերբերի կյանքի և Սերբիայի տարածքային ամբողջականության գնով, սակայն, այնուամենայնիվ, եվրոպացիները կփորձեն իրավիճակը վերահսկողության տակ պահել (կհաջողվի, թե ոչ՝ դա այլ հարց է)։ Իսկ Հայաստանի ու Արցախի դեպքում նման ճիգեր չեք տեսնի, ավելի շուտ՝ հակառակը։ Թուրք-ադրբեջանական հայասպանների հետ «խաղաղության դարաշրջանի» ներկայիս հայեցակարգը, որը ամեն կերպ առաջ է մղում Հայաստանի ներկայիս իշխանությունը, անխուսափելի կհանգեցնի նոր պատերազմի և ողբերգությունների։ Այլ կերպ չի կարող լինել, քանի որ «Real֊politik»֊ի կանոնները թելադրում են հետևյալը. երբ Ազգն ու Երկիրը հոգնելով պայքարից, սկսում է ծնկաչոք «խաղաղություն» աղերսել օկուպանտներից՝ իր տարածքը և երկրի ու ժողովուրդի կենսական շահերը հանձնելու հաշվին, ապա այդպիսի երկիրն անխուսափելիորեն կկանգնի ոչնչացման կամ մասնատման վտանգի առաջ: Չե՞ք հավատում: Հարցրեք սերբերին: Այսպիսի ասացվածք կա՝ հիմարն իր սխալներից է սովորում, իսկ խելոքը՝ ուրիշների։ Բայց մենք ոչ ժամանակ ունենք, ոչ էլ ռեսուրս՝ նորից սխալվելու և «խաղաղության դարաշրջանի» հովանու ներքո կամավոր ոչնչացման գնալու։ Ինչպես ասել է Օտտո ֆոն Բիսմարկը. «Դա հանցագործություն չէ, դա ավելի վատ է, դա սխալ է»։  Եվ հավատացեք` երկար ժամանակ է ինչ կապ չունի՝ հիմա պատերազմ կլինի Բալկաններում, թե դա տեղի կունենա մի քանի տարի հետո, սերբերն արդեն բռնել են «խաղաղության դարաշրջանի» ճանապարհը և կանգնած են մասնատման և իրենց հայրենիքից արտաքսման առաջ»,-եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image