Իրանական կողմը շարունակում է Հայաստանի իշխանությունների համար բաց պահել համագործակցության դուռը՝ ամենալայն ձեւաչափով՝ տնտեսականից մինչեւ մշակութային կապեր եւ, որ ամենակարեւորն է անկայուն այս տարածաշրջանում` ռազմաքաղաքական համագործակցություն։
Իրանական կողմի նախաձեռնությամբ ու Թեհրանի հայ դատի գրասենյակի հետ համագործակցությամբ, Հայաստանից մի խումբ լրագրողներ ծանոթացան իրանական փորձագիտական տեսակետներին, որտեղ կարմիր թելի պես անցնում է հետեւյալ միտքը՝ սիրիական զարգացումներից հետո Իրանի կարմիր գծերը հայ-իրանական սահմանի վերաբերյալ անփոփոխ են, Իրանն իր բնական դաշնակցին միայնակ չի թողնի, եթե համապատասխան ազդակ ստանա եւ ցանկություն տեսնի հայկական կողմից։
Իրանական փորձագետները Սիրիայում տեղի ունեցածի եւ 2020թ. 44-օրյա պատերազմի միջեւ ուղիղ կապ են տեսնում, ընդունում են՝ 2020-ին Իրանի քաղաքականությունն այլ էր, հիմա՝ այլ։ Այսօր Թեհրանը գիտակցում է, որ հայկական Արցախը կարեւոր էր նաեւ իր անվտանգության համար։ Իրանը չպետք է թույլ տար տարածաշրջանում Թուրքիայի եւ Իսրայելի դերի ուժեղացում։
Կովկասի եւ Եվրասիայի հարցերով փորձագետ Շոայբ Բահմանի խոսքով, Թուրքիայի համար կարեւոր է Հարավային Կովկասով Միջին Արեւելքի հետ կապվելը, իսկ դա հնարավոր է իրականացնել միայն Հայաստանի հարավով, որի անվտանգության ապահովման ու պանթուրքիզմի տարածումը կանխելու համար իրանական կողմը ՀՀ իշխանություններին համատեղ զորավարժություններ եւ անգամ ռազմական ներկայություն է առաջարկել։ Հայաստանի իշխանությունից պատասխան չի եղել։ «Առաջարկություն է եղել, որ Հայաստանի հարավային հատվածում Իրանը զինվորական ներկայություն ունենա, որով պանթուրքիզմի տարածումը կարող է կանխվել, բայց այն մինչ օրս ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի կերպ չի ընդունվել։ Անգամ առաջարկվել է Իրան-Հայաստան համատեղ զորավարժություն անցկացնել, բայց Հայաստանի իշխանություններից դեռ պատասխան չկա»,- ասել է իրանցի փորձագետը։ Այս պայմաններում իրանական կողմը վտանգավոր է համարում բանակցությունները, որ ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իրանցի փորձագետը չի բացառում նաեւ ոչ ռազմական ճանապարհով եւ առանց Իրանի հռչակած կարմիր գծերը խախտելու՝ քաղաքական բանակցությունների միջոցով թուրքական ծրագիրը կյանքի կոչելու սցենարը, ինչը, Բահմանի գնահատմամբ, ավելի վտանգավոր է, քան պատերազմի սցենարը։ Եվ այս առումով, Թեհրանի մեսիջը շատ հստակ է․ «Անցած տարիներին բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վատ ընթացք են ունեցել, եթե Հայաստանի իշխանությունն այդ բանակցություններում զիջման գնա Սյունիքի հարցում, ապա Իրանից սպասելիք չի կարող ունենալ»։
Իհարկե, Իրանի ուշադրությունը Սյունիքի նկատմամբ նախեւառաջ իր ազգային անվտանգության ապահովման հրամայականից է բխում։ Սյունիքով է անցնում Իրանը դեպի Սեւ ծով տանող միակ ցամաքային կապը, ինչի մասին ուղիղ խոսում է ռազմավարական հարցերի փորձագետ Ֆարշադ Ադելը, որը ներկայացնում է երկրի հոգեւոր առաջնորդի գրասենյակը։ Ադելի խոսքով՝ Իրանի 2020 թվականի եւ այժմյան արտաքին քաղաքականությունը տարբերվում են։ Այն ժամանակ Իրանը համոզված էր, որ Ադրբեջանը միջազգային իրավունքով իրեն պատկանող տարածքներն է վերցնում, բայց այլ ռազմական ագրեսիա չի հանդուրժի։ «Հոգեւոր առաջնորդն այդ մասին խոսել է Էրդողանի հետ։ Մեր անվտանգության խնդիրը մեզ համար անքակտելի է, մենք մեր խոսքի տերն ենք, բայց դա չի նշանակում, որ մեր հայ գործընկերները պետք է իրենց հույսն ամբողջությամբ մեզ վրա դնեն, եւ ես ճիշտ չեմ համարում, որ մենք որեւէ երկրի ու հատկապես Հայաստանի նման բարեկամ երկրին ավելորդ հույսեր տանք, բայց մեր անվտանգային խնդրին մենք կողքից չենք նայի»,- ընդգծել է Ադելը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Իրանի դիրքորոշումը Սյունիքի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում, նա նշել է․ «Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե Իրանն ինչ դիրքորոշում կարող է ունենալ Հայաստանի նկատմամբ, ապա հարցը վերաբերում է Հայաստանի իշխանությանը եւ բանակին։ Մենք միշտ փաստել ենք, որ մեր բնական դաշնակիցներին մենակ չենք թողնում, բայց միայն այն դեպքում, եթե նրանց կողմից փոխադարձ կամք լինի, եւ, ինչպես մենք ենք կարողացել Իրանում կարծիք փոխել, ձեր երկրում եւս պետք է կարողանաք բարձրաձայնել այս վտանգների մասին եւ հասարակական կարծիքը փոխել»։
Որ առաջին խրամատում Հայաստանը պետք է լինի, ընդգծում է նաեւ վերլուծաբան Էհսան Մովահեդիանը։ Նա համոզված է՝ անգամ մեկ հայ-իրանական համատեղ զորավարժությունը ոչ միայն ազդակ կլինի Բաքվին, այլեւ բանակցային գործընթացում կուժեղացնի Երեւանի դիրքերը։ 4 տարի շարունակ այդ առաջարկությունն օդում կախված է։ Երեւանը պատասխան չի տալիս բարեկամ երկրին։ Մովահեդիանի խոսքով՝ բոլորովին վերջերս այդ հարցը կրկին քննարկվել է ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ ԱԽՔ-ի հետ․ պատասխանը կրկին խուսափողական է եղել։ «Եթե Հայաստանն ու Իրանը համատեղ մեկ զորավարժություն անեն Սյունիքում, գոնե տասնամյակների համար հարցը փակված կլինի։ Դա կնշանակի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն»,- կարծիք է հայտնել Մովահեդիանը, որի համոզմամբ՝ Նախիջեւանը Բաքվին միավորող անգամ փոքր ճանապարհը Հայաստանի անվտանգությունը կասկածի տակ կդնի։
«Եթե դա տեղի ունենա, Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն էթնիկ փոփոխության ենթարկել Հայաստանը, գործարաններ կբացի․․․ եւ կառնչվենք մի Սյունիքի հետ, որը չի լինի հայկական»,- նկատել է իրանցի վերլուծաբանը, նաեւ շեշտել՝ Հայաստանը պետք է ավելի շատ մտածի Տիգրանաշեն գյուղի մասին։