Հետպատերազմյան ողջ շրջանում սովորաբար լռություն էր պահպանում արտաքին գերատեսչական մարմինը, իսկ այսօր հայտարարել էր․ «Իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը, հայտարարում է Արտաքին գործերի նախարարությունը»։
Ի՞նչ է նշանակում՝ «ողջ գործիքակազմ»։ Հարցն ուղղում ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին։ Նա առաջարկեց հարցն ուղղել ԱԳՆ-ին, բայց քանի որ իրեն ենք հարցնում, ապա ասաց, որ իր կարծիքով՝ սա ունի 3 բաղադրիչ, քաղաքական, դիվանագիտական և ուժային։ «Ուժայի՞ն», - մեր զարմանքին ի պատասխան Գրիգորյանը նկատեց, որ այսօր Հայաստանը հետ է վերցրել Ադրբեջանի գրաված դիրքն իր տարածքում։
-Այդ գործիքակազմը կարո՞ղ է լինել ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ին դիմելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
-Միանշանակ։ Ես այդ մասին խոսել եմ նաև ելույթներիս մեջ։
-Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի պահվածքը պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ում վետտո դնելու հետ կապված, որքանո՞վ է դա արդյունավետ։ Ի վերջո, ասվեց, որ մեկ երկիր վետտո դրեց և բոլորը ոչ պաշտոնապես ասում են և գիտեն, որ դա Մեծ Բրիտանիան է։
-Ես, օրինակ, նման բան չգիտեմ։ Ճշտել ենք, վռոդի Մեծ Բրիտանիան չէ այդ երկիրը։ Ու այստեղ էլ շատ մեծ է ապատեղեկատվությունը։ Պարզ է՝ մեծ պայքար է, ու պարզվում է, որ դա Մեծ Բրիտանիան չէ։
-Ակնարկը ՌԴ-ի՞ն է վերաբերում։
-Ես չգիտեմ, չեմ կարող էդպես հստակ ասել։ Ես հաճույքով ասում եմ, հստակ, երբ գիտեմ, բայց երբ չգիտեմ, չեմ ասում։ Դե ՌԴ քաղաքականությունն ակնհայտ է, հակահայկական է ու պատերազմից հետո գոնե ընդգծված պրոադրբեջանական է։ Հետևաբար, ՌԴ-ից ամեն ինչ կարելի է սպասել, բայց պետք է ճշտվի։
-ՀԱՊԿ-ին դիմելը։ ՀԱՊԿ-ը այն, ինչ կատարվում է ՀՀ տարածքում, անվանում է «սահմանային միջադեպ», բայց Հայաստանը դիմե՞լ է 2-րդ այս կազմակերպության կետով, որպեսզի սա ճանաչվի ագրեսիա։
-Ճիշտ են անում, որ չեն դիմում, բայց այ Ռուսաստանին անհրաժեշտ է դիմել, ես կարծում եմ՝ դիվանագիտական խողովակներով դիմել են։ Եթե Ռուսաստանը ոչ մի բան չի ասում, ուրեմն Ադրբեջանի կողմն է բռնել։ Ոնց որ սովորաբար, վերջին ժամանակներում։
-Լրագրող Թաթուլ Հակոբյանը այսօր հրապարակել էր մի տարբերակ, մասնավորապես, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից։ «Իլհամ Ալիեւը Մոսկվայում ներկայացրել է փաստաթղթի նախնական տարբերակ, որի երեք հիմնական կետերն են. ա) Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց սահմանները, եւ Արցախից մնացած մասը ստանում է ինչ-որ տեսակի կարգավիճակ (մշակութային ինքնավարություն),բ) Սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց է սկսվում, որի կարեւոր պայմաններից մեկը անկլավների հարցն է՝ Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար/Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Քյարքի, ինչպես նաեւ Արծվաշեն,գ) Ադրբեջանը ազատ ուղի է ստանում Հայաստանի տարածքով՝ կապվելու Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ»։ Հավանական համարո՞ւմ եք, այս փաստաթո՞ւղթն է պարտադրվում Փաշինյանին։
-Այդտեղ ինչ-որ փակագծեր բացված են, բայց բոլորս հասկանում ենք, չէ՞, թե ինչի համար է այդ ճնշումն ու պատերազմական գործողությունները շարունակում Ադրբեջանը։ Ինքը ուզում է, որ կնքվի խաղաղության պայմանագիր իր ուզած ձևով․ և՛ անկլավների հարցը լուծվի հօգուտ իրենց , սահմանազատում և այլն։ Դուք հասկանում եք՝ ինչ է սահմանազատումը։ Դա նշանակում է, որ ճանաչում ես իրենց տարածքային ամբողջականությունը՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի։ Պարզ է, որ նման տարբերակներ նրանք ուզում են մեր վզին փաթաթել։ Իմ պատասխանն այն է, որ չեմ հավատում, որ իշխանությունները կգնանն նման փաստաթուղթ ստորագրելուն։
-Իսկ այն, որ «հրադադար» բառն է օգտագործվում, նշանակո՞ւմ է, որ կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել։
-Չեմ կարծում, որ լայնամասշտաբ կլինի։