Փաշինյանն ԱԺ-ում հերթական անգամ զարմացրեց երկրի անվտանգության խնդիրներին անլուրջ մոտեցմամբ, ցածրամակարդակ մեկնաբանություններով: Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգության խնդիրներին անդրադառնալով՝ նա իր դժգոհությունը հայտնեց դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերից. «ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ եւ մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել»:
Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ: Իսկ թե ինչու Հայաստանի իշխանությունը քայլեր չձեռնարկեց պետության ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանական զորքը դուրս բերելու համար եւ դիմեց ՀԱՊԿ-ի աջակցությանը, Փաշինյանը պատասխանեց, որ հենց այդ կազմակերպության անդամ երկրներն են դեմ հարցը ռազմական ճանապարհով հանգուցալուծելուն: Այնուհետեւ բերեց մի օրինակ. «Ավելի հարմար օրինակ չեմ գտնում, երբ որ մի իրավիճակ կա, ենթադրենք, որոշել են, համախմբվել են եւ ստեղծել են օդորակիչ, եւ երբ որ շոգ է, այդ օդորակիչը միացնում են, ոնց որ ասեն` ինչի՞ պատուհանները չեք բացում, որ սկվազնյակ լինի, այլ օդորակիչն եք միացնում»:
Ռազմական կառույցն օդորակիչի հետ միայն Փաշինյանը կարող էր համեմատել: Դեռ պետք է գոհ լինենք, որ ուտելու թեմաներով օրինակ չբերեց, ասենք՝ մեկի ստամոքսը լավ չի գործել, փիփերթով ճաշ է կերել, բայց փիփերթն էլ չի օգնել, ուրեմն փիփերթը լավը չի եղել: Փաշինյանի տրամաբանությամբ կարող ենք նրան հակադարձել․ եթե ժամանակին այդ օդորակիչի «պուլտը»՝ հեռակառավարման վահանակը, մեր ձեռքին էր, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գեներալ Խաչատուրովն էր, մենք վարկաբեկած չլինեինք այդ կառույցը, ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն էլ չէր լինի. մեր գեներալը կաջակցեր, կառույցը կարձագանքեր ու կպաշտպաներ Հայաստանի շահերը: Բայց Փաշինյանը Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով, միջազգային ասպարեզում մեջքից հարվածեց ՀԱՊԿ-ին: Հիմա գեներալ Խաչատուրովը դատական քաշքշուկների մեջ է, իսկ Փաշինյանը խնդրանքով դիմում է ուզբեկ, ղազախ, ղրղզ, տաջիկ ներկայացուցիչներին, թե՝ եկեք մեր հարցերը լուծեք, տունս գող է մտել, ես չեմ կարողանում բան անել, եկեք դուք արեք կամ ասեք…
Այո, ՀԱՊԿ-ն ունի իր պարտականություններն անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ. պարտավոր է արագ եւ ըստ արժանվույն արձագանքել Հայաստանի սահմաններում ստեղծված լարված իրավիճակին: Այս անտարբերությունը ցույց է տալիս, որ այդ կառույցը, ինչպես միջազգային գրեթե բոլոր կառույցներն ու հարթակները, անլուրջ են վերաբերվում մեր երկրին: Հայաստանը դարձել է որբի գլուխ. ով ոնց ուզում է՝ խուզում է, ով ոնց ուզում է՝ քոթակում է, ո՛չ տեր ունենք, ո՛չ ղեկավար: Այս ամենը Փաշինյանի անլուրջ, մի քանի լարի վրա խաղալու, մանիպուլյացիաների ու անբարեխիղճ վերաբերմունքի արդյունք է: Տպավորություն է, թե այն, ինչ կատարվում է մեր սահմաններին՝ Սյունիքում ու Վարդենիսում, տեղի է ունենում ՀՀ իշխանությունների թույլտվությամբ. թշնամու զինվորները հանգիստ գալիս մտնում են մեր տարածք, զինաթափում, ծեծում, գերեվարում մեր զինվորներին, դիրքեր կառուցում: Իսկ մեր զինվորականներին հրամայված է չկրակել… Թեեւ եղան դեպքեր, որ մերոնք ինքնաբուխ գնացին պաշտպանության եւ թշնամու դիվերսանտներին դուրս շպրտեցին: Իսկ թե ինչու է ՀՀ իշխանությունը որոշել թշնամու առջեւ լայնորեն բացել մեր երկրի դռները, տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Հնարավոր էր, չէ՞, մեր երկրի տարածք դիվերսիա իրականացրածներին գերեվարել, եւ արդեն մենք կարող էինք թելադրել պայմանները: Մի՞թե ՀՀ զինված ուժերը անգամ 200 հոգանոց դիվերսիան են անզոր կասեցնել: Բա Փաշինյանը 6 ամիս ժամանակն ինչի՞ համար էր ուզում, բանակում ինչո՞ւ գոնե նվազագույն հարցեր չեն լուծվել, ինչո՞վ էր զբաղված, բացի մանիպուլյացիաներ անելուց: Իսկ նրա թիմակից-բարեկամները հայտարարում են, որ Տավուշի որոշ գյուղեր ադրբեջանական են, որ հարեւանների հետ պետք է նաեւ բարեկամներ լինենք, որ թշնամին ոչ թե ներխուժել է, այլ՝ «շշկռված» է մտել մեր տարածք:
Փաշինյանն էլ խրոխտ հայտարարում է, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը…ըստ որի՝ պետք է Ադրբեջանին տրվեն ՀՀ տարբեր մարզերի մի քանի համայնքներ: Հիմա ստացվում է, որ մեր իշխանիկներն ադրբեջանական ղեկավարության հետ գաղտնի սիլիբիլիների մեջ են, բաներ են պայմանավորվել ու կամաց-կամաց իրենց խոստացածը տալիս են, բայց ձեւի համար դիմում են ՀԱՊԿ ռազմական կառույցին՝ ռազմական օգնություն ստանալու ակնկալիքով: Հետո էլ «մուննաթ» են գալիս ՀԱՊԿ-ի վրա, ՌԴ-ի վրա, թե մեզ մոտ շոգ է, օդորակիչն էլ չի աշխատում…