Մշակույթ

Գյումրեցին ընտրելու է այն ուժին, որն իր հետ սպառնալիքո՞վ է խոսում

Գյումրեցին ընտրելու է այն ուժին, որն իր հետ սպառնալիքո՞վ է խոսում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա-միջոցառում էր կազմակերպել: Նիկոլ Փաշինյանն իր ողջ ՔՊ-ական թիմով Գյումրիում էր եւ անձամբ էր միջոցառումը վարում: Նրա երկարաշունչ ճառին հաջորդել է դրամահավաքը, որը ՔՊ-ն նախաձեռնել է՝ Գյումրու եւ Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավների կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Փաշինյանի երկարաշունչ ճառը նվիրված է եղել նախկինների թալանին եւ դա հետ բերելուն․ «Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին ու վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի ՀՀ-ին եւ ժողովրդին՝ ի սեփականություն։ Ընդ որում, հայտնի է՝ ումն են այդ գույքերը, դրանք Միշիկի գույքերն են, Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք առնետային պադվալները, որտեղ իրենք սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»։ 

Գյումրեցի քանդակագործ, հանրային կառավարման փորձագետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով Ն․ Փաշինյանի ելույթին, նկատում է․ «Եթե մարդը 7 տարի շարունակ ասում է մի բան, ուրեմն նշանակում է, որ այդ 7 տարվա մեջ իր ասածը չի արել եւ 7 տարվա մեջ այլ ասելիք ու անելիք չունի»: Ապա Գեւորգյանն ավելի հանգամանալից է անդրադառնում նրա ելույթի բովանդակությանն ու հասցեատերերին։

«Շատ լավ հասկանալով, որ Գյումրիում կան մոտավորապես 40 տոկոս սոցիալական խոցելի խմբեր՝ մարդիկ, ովքեր չունեն աշխատանք, թոշակառուներ են, նպաստառուներ, գործազուրկներ․․․, այս դեպքում ինքը շեշտադրված աշխատում է իր համար շատ սիրելի, պայմանական ասենք՝ «Ախուրյանցի Անո» սեգմենտի վրա եւ փորձում է այդ ամբողջի մեջ գեներացնել, կապիտալիզացնել իր էլեկտորատին, եւ այդ ամբողջն իրենց էր ուղղված։ Բայց այստեղ մի շատ կարեւոր «բայց» կա, Գյումրու էն մնացած 60 տոկոսը, ովքեր «սոցիալական փաթեթից» դուրս են կամ ունեն աշխատանք, քննադատական մտածողություն, հասկանում են, որ Գյումրիում կա անվտանգային խնդիր, կան հետագա զարգացման խնդիրներ, եւ հատկապես փոքր ձեռներեց խավը, ովքեր բավականին կայացած են, աշխատատեղ ստեղծող են, այդ միջին խավը շատ վատ ընկալեց այդ ամբողջ ելույթը։ Ընդ որում, անկախ նրանից, որ նա ասում է մի բան, որն ապացուցված չէ, օրինակ՝ անուններ հիշատակելով, 2 նախկին քաղաքապետերին ասելով, որ հետ ենք վերադարձնելու Գյումրվա սիմվոլ Սեւ բերդը, բայց, կներեք, Սեւ բերդը մարդիկ մասնավորից ձեռք են բերել, լավ-վատ, բայց սարքել են քաղաքի համար, որի դռները բաց են բոլորի առաջ։ Մյուս կողմից էլ, մյուս քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի հետ կապված ինչ-որ բաներ է ասում․ գիտենք՝ կան բազմաթիվ դատական պրոցեսներ, որտեղ ապացուցողական բազան բավարար չէ, եւ փաստացի այդ դատերը երկարաձգվում են, այսինքն՝ բացվել են, պրոցես է գնում, բայց ապացուցել, որ մարդը վատ բան է արել, չեն կարող։ 3-րդ հանգամանքը, ինչը շատ զգայուն է․ փաստորեն, նա Գյումրիում բոլորին ասաց, որ ով ինչ ունի, գալու եմ վերցնեմ, ու գլխավոր վերակացուի այդ վերաբերմունքը կամ թուր ճոճելու մոտեցումը ելույթից մի քանի ժամվա ընթացքում պայթեց Գյումրիում»,- ընդգծում է զրուցակիցս։
Գեւորգյանն ասում է, որ ինքն անձնապես որոշել էր՝ որեւիցե թիմի գործունեությանը որեւէ կերպ չազդելու համար իր փորձագիտական եզրակացությունները #Գյումրի հեշթեգով չանել, բայց Փաշինյանի երեկվա ելույթից հետո իր իսկ որոշումը բեկանել է ու ակտիվ մասնակցելու է նախընտրական այս ընթացքին․ «Ի՞նչ է նշանակում՝ վերցնելու ենք 350 մլն, այդ 350 մլն-ն Հայաստանի բյուջեի մոտավորապես 5 տոկոսից ավելին է, այդքան գումար կա՞ Գյումրիում՝ թալանի արդյունքում գոյացած։ Կամ՝ երբ դու սուտ ես խոսում եւ ասում ես՝ Բալասանյանների ընտանիքը դատվում է Սեւ բերդի համար, մինչդեռ, ինչքան գիտեմ, դատական քննությունը տեղի է ունեցել այդ հուշարձանի շրջակա միջավայրի հողերի համար, ոչ թե բերդի համար, որը գնվել է մասնավորից։ Էլ չասեմ, որ այստեղ կա անմեղության կանխավարկածի հարցը՝ թե՛ Բալասանյանի, թե՛ Ղուկասյանի, թե՛ մնացած բոլորի հարցում․․․, իսկ Գյումրին 30 տարի էլ աշխատի, 350 մլն դոլար չի գեներացնի, դա ահռելի փող է Գյումրու համար»։

Ա․ Գեւորգյանը մատնանշում է մի հանգամանք եւս, այս անգամ կապված մարզային իշխանությունների հետ․ «Փաստորեն, տեղում ունենալով մարզային, քաղաքային ղեկավարներ, ինքն այդ ամեն ինչն անտեսեց, եկավ ու դրանով իրենց դիրքերը թուլացրեց՝ մտնելով առճակատման գյումրեցիների եւ հատկապես ընդդիմադիրների հետ ու միանգամից հայտարարեց, որ ընտրությունները քաղաքական են։ Մենք՝ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում 7 տարի այն, ինչ կատարվում է, քաղաքականություն է, բայց մեզ հերիք են մեր ապրումները, ցավերը, դարդերը, ու նախորդ անգամ լինելով ավագանու անդամի ընդդիմադիր թեկնածու, այս դեպքում չեմ էլ առաջադրվել, որովհետեւ չեմ ուզում․ Արցախից հետո իմ խնդիրներն այլ են։ Բայցեւայնպես, ես ինչ-որ բան ուզում եմ իմ սիրելի քաղաքի հետ կապված, իսկ ի՞նչ եմ ուզում՝ չեմ ուզում քաղաքականություն, ուզում եմ  անել զարգացման հեռանկար, աշխատանք, կրթական միջավայր եւ ավանդական մշակույթ՝ Գյումրիին հատուկ։ Սակայն ի՞նչ է անում երկրի օրվա ղեկավարը, գալիս է ու իր թիմակիցներին ասում է՝ եկեք էս կողմ, ու ճակատ-ճակատի սկսում է թուր ճոճել գյումրեցիների վրա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին այն քաղաքը չէ, որտեղ դու կարող ես քնիցդ արթնանալ, գալ ու թուր ճոճել կամ ինչ-որ քաղաքականություն բանեցնել, ասել՝ 350 մլն դոլարը հետ եմ բերելու։ Ու Գյումրու այդ սոցիալական խավը, որ նշեց ինքը, այն մարդիկ չեն, որ չմտածեն, թե ինչի մասին է խոսքը։ 350 մլն դոլարը մի հատ զենքի գնման մի քանի տարվա միջնաժամկետ պայմանագրի վճարի գումար է, դա կոպեկ չէ, ոչ էլ օդի մեջ ասեղ է, որ կորեր, ու 7 տարի հետո փորձեիք հետ բերել»։

Քանդակագործն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանն առաջվա աջակցությունը չունի Գյումրիում։ «Երբ նախկինում նա մտնում էր Գյումրի, այնքան մարդ, որ կար հավաքված քաղաքում, դրանից 5 անգամ ավել մարդ կհավաքվեր իր կողքը, ընդ որում՝ պատահական անցորդներից բացի, նաեւ փող ունեցող մարդիկ։ Ինչ վերաբերում է արեւոտ Գյումրիում երեկվա շրջագայության ֆոտոներին ու «ռիլերին», ապա Գյումրին իր ամենածանր օրերի մեջ էլ արեւոտ է եղել, եւ գյումրեցուն լացակումած, հոնքերը կիտած ոչ ոք երբեւէ չի տեսել, մեր քաղաքի դռներն էլ բաց են եղել բոլորի առաջ, բայց գալ, քո ամբողջ թիմով, վարչությունով սահմանափակել մարդկանց տեղաշարժի իրավունքն այն հատվածներում, որտեղ քայլել են, գյումրեցին չի ընկալել ու չի ընկալելու, հատկապես որ այդ ամենը տեղի է ունեցել պահպանության ծառայության ներկայացվածությամբ, իսկ ինչ էլ եղել է, ավելի շատ բեմականացված է եղել»,- ասում է Գեւորգյանն ու ընդգծում, որ Փաշինյանի ու իր շքախմբի այցելությունը նույնիսկ ի վնաս իրենց է աշխատել։   

«Թեկնածու թիմերի մեջ արդեն լուրջ հայտարարություններ են ընդունում, թե ինչու ես եկել՝ հայտարարում 350 մլն-ի թալանի մասին ու չես կոնկրետացնում քո խոսքը, այդպես մեր ընտրողները կմտածեն, որ մեզ էլ նկատի ունես, եւ այդ թիմերից 2-ն արդեն հայտարարություն են տարածել, մնացածն էլ նշել են, որ առաջիկայում կխոսեն։ Ինչ վերաբերում է այցին, ապա մինչեւ երեկվա իր այցը մտածում էի, որ, այնուամենայնիվ, իշխանությունը կարող է գրանցել որոշակի եւ կոնկրետ ազդեցություն ունեցող տոկոս ընտրությունների ընթացքում, բայց երեկվա այցելությունից հետո ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ հակառակն է տեղի ունենալու, եւ իրենց վարկանիշը նվազելու է, ասեմ ինչու՝ իրենք վախեցնում են, որ քաղաք կվերադառնա կրիմինալը եւ այլն․․․։ Նախ՝ կրիմինալի մասով Գյումրին երբեք չի եղել առաջին տեղում, բայց իրենք այսօր պետական մակարդակով վախ են սփռում, որ հրես՝ կացինը բերեմ, ձեր 350 մլն-ն կտրեմ։ Եվ ցանկացած գործարար, փող աշխատող մարդ այսօր իրեն հարց է տալու՝ ինքն ընտրելու է այդ ուղին, որտեղ իր հետ սպառնալիքո՞վ են խոսում, թե՞ ոչ։ Այսօր Գյումրիում կա պետությունից վախի մթնոլորտ, եւ երեկվա Փաշինյանի պահվածքում «ամենակռուտոյ տղու» պահվածք կար եւ բնավ ոչ այն պահվածքը, որ ասում էր՝ սիրում եմ բոլորիդ․․․ ես ձեզնից մեկն եմ: Այդ Նիկոլը չկար երեկ, փոխարենը կար բոլորի վրա մատ թափ տվող եւ իրեն բնորոշ ձայնով, բառամթերքով Նիկոլը, որը 2018-ին ելույթ էր ունենում Ազատության հրապարակում»,- եզրափակում է գյումրեցի քանդակագործը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image