Քաղաքականություն

Ինը խորհուրդ՝ եկող վարչապետին

Ինը խորհուրդ՝ եկող վարչապետին

Գրեթե օր չմնաց, անցավ չարչարանաց չորս շաբաթը, արդեն ակնհայտ է, որ դու գալիս ես՝ քո սպասման հիվանդ ժողովրդի կանչով։ Ուստի մտածեցի մի քանի մտքերով կիսվել քեզ հետ՝ չհավակնելով իմաստունի կեցվածք ընդունել, այլ լինել քո ղեկավարելիք Սուրբ երկրի մի պարզ քաղաքացի, որն անցել է փորձառությունների միջով եւ հավատարիմ է մնացել մեր նախնյաց սուրբ ավանդույթներին։ Ուսումնասիրել, ճանաչել է մեր հնագույն ազգի ստեղծած քաղաքակրթությունը եւ հիմա ասելիք ունի քեզ՝ Եկողիդ։ Եվ ասելիքս փորձեցի տեղավորել ինը խորհուրդների մեջ, քանզի ինը թիվը ոչ միայն հին աշխարհում, այլ նաեւ հայոց հին տոմարով համարվում է սրբազան։ Ուստի խնդրում եմ ուշադիր հետեւես խոսքիս։

Խորհուրդ առաջին

Քեզ մի շրջապատիր անձնապաստան, ստախոս եւ սիրաշահող պաշտոնյաներով, որոնց նպատակն անձնական շահն է, իսկ պետության հանդեպ՝ անտարբերությունը, որը հոգեւոր հանցագործություն է՝ ոչ միայն քո նպատակներն իրականացնելու ճանապարհին, այլեւ հանցագործություն է հայրենիքի հանդեպ, մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ, մեր զավակների հանդեպ։
Դու գալիս ես, երդվում եմ Արարատով, հավատում եմ, որ մեծ երազանք ունես։ Եվ մի թող, որ ինքնամեծար անտարբերները խաթարեն քո լուսավոր տեսիլքը, քանզի սուտն ու անտարբերությունը երաշտ են, ամեն լուսավոր ծրագիր ամայացնող։ Իսկ դու գալիս ես մեր ազգային ինքնությունը պահպանելու, պաշտպանելու երկրի անվտանգությունը։

Խորհուրդ երկրորդ

Տեր կանգնիր մեր ազգի էությանը, որ անցել է հազարամյակների միջով՝ ստեղծելով բացառիկ մշակույթ մարդկության համար։ Տեր կանգնիր նաեւ քո անձնագրին, որն իր հանճարեղ Պատմությամբ հաստատել, կնիքել ու քեզ է նվիրել Մեծն Պատմահայրը՝ Խորենացին։ Եվ եթե քո երազանքի ճանապարհին երբեմն սխալվես, ամոթ չէ ներողություն հայցել ժողովրդից։ Գործ անողն է սխալվում, խոստովանությունը չի նվաստացնում ղեկավարին, այլ պատիվ է բերում նրան։ Ջնջիր սուտը իշխանավորների բերանից եւ մի վախեցիր բամբասանքից, քանզի բամբասանքն ընդամենը ստախոսի, վախկոտի կապի ծառայությունն է։ Եվ մի հալածիր, խնդրում եմ, նրանց, ովքեր քեզ հետ երբեմն համաձայն չեն։ Քեզ համար ճշմարտությունը պետք է լինի մեկը՝ քո ղեկավարած երկրի շահը։ Խնդրում եմ, միշտ հիշիր, որ տունը ներսից է մեծանում, ինչպես երկիրը մեծանում է ընտանիքից, եւ այդ ընտանիքը բարեկեցիկ կյանք է ուզում։

Խորհուրդ երրորդ

Երբեք ինքդ մի խախտիր քո սահմանած օրենքները։ Հիշիր Քեռի Թորոսի խորհուրդը Դավիթին, մեր էպոսում, երբ մի օր որսատեղից ուշ գիշերով վերադարձան, եւ քաղաքի դարպասներն արդեն փակ էին։ Դավիթը ցանկացավ հրամայել պահակներին՝ բացել դարպասները, բայց քեռի Թորոսն արգելեց, ասելով՝ մի խախտիր քո սահմանած օրենքը, Դավիթ, որովհետեւ եթե դու խախտես, քո ենթակաները կսկսեն խախտել ամեն օր։ Եվ նրանք դրսում՝ բաց երկնքի տակ գիշերեցին, մինչեւ որ լուսաբացին բացվեցին քաղաքի դարպասները։ Մեր էպոսի այս պատկերը քարագիր է եւ օրինակ պետք է լինի բոլոր ղեկավարների համար։

Խորհուրդ չորրորդ

Երբեք թույլ մի տուր, որ քո հարազատներն ու մտերիմները քո անունից հրահանգներ տան մարդկանց, զբաղվեն անօրեն հովանավորչությամբ եւ փորձեն քո անունից ղեկավարել բնագավառներ։ Խնդրում եմ՝ հիշիր Մեծն Նապոլեոն Բոնապարտի դառը խոստովանությունն աքսորում՝ Սուրբ Հեղինե կղզում, երբ նա թելադրում էր իր հուշերն իր հավատարիմ քարտուղար Լասկազին՝ պատմելով հարազատ եղբայրների արարքների մասին, որոնք եւ հեղինազրկել են իրեն՝ Կայսրին։
Հիմնավոր փոփոխության կարոտ է երկիրը, արմատական փոփոխության, որպեսզի ստիպված չլինենք ակվարիումի ջուրը փոխելու փոխարեն ձկներին դաստիարակել։

Խորհուրդ հինգերորդ

Խնդրում եմ՝ երբեք չխախտես խոսքի եւ մամուլի ազատության օրենքը, որի հեղինակը, ինչքան էլ անսովոր հնչի այսօր, ես եմ՝ Ձեր խոնարհ բարեկամը։ Օրենք, որն ընդունվեց 1991թ․ հոկտեմբերի 16-ին, եւ օրն այդ Հայաստանում հռչակվեց Մամուլի ազատության օր։ Թույլ մի տուր քո նախարարներին, պաշտոնյաներին՝ վիրավորել լրագրողներին եւ ազատ խոսքը։ Բաց ու հասանելի եղիր քո ղեկավարած ժողովրդին։ Հաճախ զրուցիր նրանց հետ, ինչն իշխանություն-ժողովուրդ միասնության հիմքն է եւ միասին մի ուղղությամբ նայելու հրաշալի հնարավորություն, քանզի, եթե ժողովրդի աչքից հեռու է ղեկավարը, սրտից էլ է հեռանում։

Խորհուրդ վեցերորդ

Հայոց պատմությունն ու մեր ստեղծած հնագույն մշակույթը մեր երկրում այսօր վարձով ապրող տնվորի կարգավիճակում են։ Եվ մենք, որ հյուսիսային ազգերի մեջ վեհագույնն էինք, լինելով մեծ ու հնագույն քաղաքակրթություն ունեցող, նետվել ենք պատմության լուսանցք, չենք գնահատում մեզ, մեր կերպը։ Եվ չենք էլ կարողանում այնպես ներկայացնել աշխարհին, որ ուրիշներն էլ ճանաչեն ու գնահատեն մեր դերն ու տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Չենք կարողացել եւ գլխահակ, գետնաքարշ քայլում ենք մեզնից սովորածների հետեւից։ Ահա թե ինչ պիտի անի Եկողը։ Նա պարտավոր է արթնացնել մեր մեջ մոլորված Հավերժական Հային եւ տեր դառնալ մեր ազգային հանճարին։ Մեր հողի ամեն մի թիզը հռչակելով Սուրբ, իսկ ստեղծարար մեծերին՝ սրբազան այրեր։

Խորհուրդ յոթերորդ

Մենք չկարողացանք օգտվել մեր ունեցած հոգեւոր եւ նյութական հարստությունից։ Առաջինը բրոնզ, երկաթ, ապակի, մարտակառք, վարժեցրած նժույգ ստեղծողներս, ցորեն, գինի, գարեջուր ստեղծող հնագույն վարպետներս չկարողացանք մեզ եւ աշխարհին ճանաչել տալ մեր հանճարաստեղծ կերպը․․․

Օտար գիտնականները գրեցին, գրեցին, բայց տեսնելով, որ մենք տեր չենք կանգնում մեր ստեղծածին, դադարեցին հիշատակել։ Քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունեցինք, բայց չկարողացանք պետականորեն տեր կանգնել աշխարհին ի ցույց, հակառակը՝ սկսեցինք հալածել Հայոց Սուրբ Առաքելական Եկեղեցին։ Մարդկության պատմության մեջ ամենածանր ողբերգությունը՝ Եղեռն ապրեցինք, բայց չկարողացանք աշխարհին ճանաչ դարձնել։ Այնինչ մեր աչքի առաջ հրեաները իրենց կոտորածներն աշխարհով մեկ այնպես հռչակեցին, որ իրենց ցավը դարձրին համաշխարհային ողբերգություն եւ աշխարհից պետություն նվեր ստացան, իսկ մենք հայրենիք կորցրինք։ Ո՞վ պետք է տեր կանգնի եւ աշխարհին ներկայացնի մեր կերպը, որպեսզի չլինի այնպես, որ մենք մնանք նվաստացած, գետնաքարշ եւ գոյատեւենք մեր կորուստների ու ցավի հետ հաշտ եւ օտար։ Ո՞վ պիտի անի, վերադարձնի մեր ազգային արժանապատվությունը, ո՞վ, եթե ոչ Դու՝ Եկողդ։

Խորհուրդ ութերորդ

Ներիր, բայց դարձյալ հիշեցնում եմ․ ազգը, որ քեզ ընտրել է, եւ ում եկել ես ղեկավարելու, երազանք ունի։ Զգուշացիր, խնդրում եմ, դեմոկրատական ցանկասիրությամբ վարակված քարոզիչներից, նրանց խոսքն ընդամենը թորած ջրի ծփանք է, այնինչ մեզ ամուր, կայուն ազգային պետություն է պետք։ Հիշիր նաեւ, որ քեզ են վստահելու բարին ու չարը կշռելու կշեռքը։ Վստահ եմ, որ գիտես՝ ում ձեռքին կշեռքն է, նա իր քաշը չի զգում, ուստի կշռելուց զգույշ եղիր։ Հիշիր նաեւ, որ քաշը ժամանակն է կշռելու՝ քո արած գործերի հանգույն։

Խորհուրդ իններորդ

Ստեղծիր քո երկրի համար ամուր եւ հզոր պետությունների բարեկամություն։ Հավատարիմ մնա քո խոսքին ու ստորագրությանը։ Մի օտարացրու նրանց քեզնից, մի հեռացրու այնքան, որ կորցնես, եւ մի թող այնքան մոտիկ, որ քեզ կորցնես․․․
Ամրացրու բանակն ու սահմաններդ, հեռացրու քո ժողովրդից պատերազմի ստվերը։ Հանուն սրբազան Արարատի՝ երբեք մի փորձիր զիջումներով շարժել թշնամուդ գութը, քանզի դրանով նրան չես դարձնի բարեկամ, այլ նրա պահանջները կավելացնես։
ՀԳ․ Ավարտելով գիրս՝ ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մենք միայնակ ազգ ենք, չունենք ոչ մի արյունակից ցեղ։ Հնագույն ժամանակներում կար Շումերը, որ խոսում էր մեր հնախոս լեզվով եւ համաշխարհային պատմության մեջ թողնելով իր ոսկե հետագիծը՝ ժամանակների մեջ տարրալուծվեց արաբական աշխարհում։ Մնացել են, թերեւս, միայն բասկերը՝ հեռու Իսպանիայում, ովքեր խոսում են մեր հնագույն բարբառներից մեկով, նույնիսկ ունեն Արարատ լեռ եւ Արաքս գետ։ Այո, մենք մենավոր ազգ ենք, ինչպես Աստված է միայնակ․․․
Եվ քանի որ այս մեծ աշխարհում մենք մենակ ենք, մեր մեծ կենսագրության եւ փոքրիկ երկրի հետ, պետք է շարունակենք պահպանել մեր չժանգոտվող ավանդույթները եւ ստեղծած քաղաքակրթությունը ու պիտի ձեւակերպենք մեր ինքնատիպ սահմանադրությունն ու օրենքները՝ մեր ազգի բնույթին ու պետության շահերին ներդաշնակ։ Մենք փոքր երկիր ենք, բայց՝ մեծ ազգ, եւ կարող ենք ստեղծել երկրորդ խորհրդարանը՝ կոչելով այն Համահայկական խորհրդարան, որի պատգամավորները կընտրվեն ավելի քան յոթ միլիոն մեր սփյուռքի հայրենակիցների համայնքներից։ Կընտրվեն հինգ տարով եւ տարին երկու անգամ նիստ կգումարեն, երբ հանրապետության խորհրդարանն արձակուրդում կլինի։ Ահա մի ճանապարհ Հայրենիք-Սփյուռք միասնության, երբ հայրենիքը նրանց փորձի եւ գիտելիքների կարիքն ունի։ Ի դեպ, երկրորդ խորհրդարան՝ չի նշանակում երկրորդական խորհրդարան։ Նրանց խոսքը, գիտելիքն ու փորձը կօգնեն մեր Հայրենիքն արագ ոտքի կանգնեցնել՝ Արարատ սրբազան լեռան հայացքի առաջ։
Այս ձեւի մեջ՝ առայժմ այսքանը։

Բարեկամաբար՝ Մերուժան Տեր-Գուլանյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image