Նիկոլի և աղավնու մենամարտի կադրերն ինձ հանգիստ չեն տալիս: Լավ ինչպե՞ս է պատահում, որ մարդն աղավնին բաց է թողնում, ասում է՝ թռի, և աղավնին չի թռչում: Այ տղա Գարիկ, կարողա՞ դա աղավնի չէր, այլ կոկորդիլոս՝ ձու ածող, քարաճիկ ունեցող կենդանի: Չէ՞… Այդ դեպքում ինչո՞ւ չթռավ: Ի՞նչ… Դիմեմ Պապոյանի՞ն… Բայց նա համեմատաբար նոր մարդ է…
Զանգեցի Պապոյանին… Դա, ասաց, աղավնու նոր տեսակ է, որ մեր իշխանության օրոք է բուծվել՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ: Չեն թռչում, միայն ձու և միս են տալիս: Մենք այդկերպ դիվերսիֆիկացրել ենք Հայաստան ներկրվող թռչնամսի և ձվի շուկան:
-Կներեք, պարոն Պապոյան, բայց ես տեսա, թե ինչպես աղավնին ծրտեց Նիկոլի ձեռքին: Դուք այդտեղ դավադրության պես բան չե՞ք նկատում:
-Ոչ:
-Բայց աղավնին ծրտեց, ես տեսա, Նիկոլն էլ անձեռոցիկով ձեռքը սրբեց:
-Բոլոր աղավնիներն էլ, եթե անգամ թռչող տեսակից չեն, իրենց կյանքում մեկ անգամ ծրտում են: Ուղղակի համընկել է:
-Այսինքն, Դուք դավադրության վարկածը բացառո՞ւմ եք:
-Այո: Դա պարզ համընկնում է:
-Բայց աղավնին, երբ Նիկոլը նրան օդ թռցրեց, թափահարեց թևերը, որ թռչի: Կարծեմ՝ երկու անհաջող փորձ եղավ, բայց աղավնին չթռավ: Ինչպե՞ս կբացատրեք դա: Դուք Նիկոլին չէի՞ք զգուշացրել, որ դա չթռչող աղավնի է:
-Մենք ոչ մի բան էլ պարոն Փաշինյանին չենք նախազգուշացնում: Համարեք, որ անակնկալ ենք մատուցել:
-Անակնկա՞լ: Եվ ինչպե՞ս ընդունեց պարոն Փաշինյանը ձեր այդ անակնկա՞լը:
-Չեմ կարող ասել, այդ դեպքից հետո մենք դեռ չենք հանդիպել:
-Կարո՞ղ եմ ձեզ շնորհավորել նոր ցեղատեսակի աղավնի ստանալու կապակցությամբ:
-Կարող եք, ես անչափ շնորհակալ կլինեմ:
-Շնորհավորում եմ… Բայց մի վերջին հարց՝ իսկ դուք բացառո՞ւմ եք, որ այդ աղավնու թևերի փետուրները նախապես «քաշել» էին, որ նա չթռչի…
-Դուք դարձյա՞լ դավադրությունների տեսությունն եք զարգացնում:
-Բայց ինչո՞ւ ոչ, պարոն Պապոյան: Նիկոլի գլխին քի՞չ բան եկավ այս քարոզարշավի ընթացքում: Այդքան համընկնում կլինե՞ր, որ համընկավ, էն էլ բացառապես Նիկոլի մարզային այցելությունների ժամանակ: