«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը խոստովանում է՝ «հիացած է ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով», ինչպես նաեւ՝ տպավորված է ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորների ակտիվ գործունեությամբ։ Ավելի վաղ նա համոզմունք էր հայտնել․ «Գալու է ժամանակ, որ հայ կինն է ղեկավարելու Հայաստանը»։
Այդ ժամանակը, վստահ եմ, գալու է, բայց ասելիքս այս անգամ վերաբերում է լրագրողական աշխարհին կամ, ինչպես ընդունված է անվանել՝ չորրորդ իշխանությանը։ Նրա դերը չի կարելի թերագնահատել եւ ոչ մի ժամանակաշրջանում եւ ոչ մի երկրում ու հասարակության մեջ։ Ճշմարիտ, բարեխիղճ լրագրողը հասարակության, ժողովրդի եւ կայացած նորմալ պետության խոսափողն է, ոչ թե սոսկ մեկը, որի ձեռքում խոսափող է։ Գիտենք նաեւ, որ լրագրությունը հաճախ դառնում է քաղաքական կարիերայի ցատկահարթակ։ Մասնագիտական հաղորդակցման հմտությունների, հասարակական գործընթացների ըմբռնման եւ լսարանի հետ աշխատելու ունակության շնորհիվ մասմեդիայի շատ ներկայացուցիչներ կարողացել են դառնալ պառլամենտականներ, երկրների ղեկավարներ, այն էլ՝ համաշխարհային ճանաչելիության․ նախկին ռազմական թղթակցից Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ դարձած Ուինսթոն Չերչիլ, նախկին լրագրողից ԱՄՆ նախագահ դարձած Ջոն Ֆիցջերալդ Քենեդի, նախկին լրագրողից ու խմբագրից Իտալիան առաջնորդած Մուսոլինի, եւ այդպես՝ մինչեւ մեր օրերը։ Հարց է, թե նրանցից ով ինչպես է կառավարել, ինչով է նշանավորվել, ինչ հետագիծ է թողել։
Հայաստանն այս առումով, ցավոք, անփառունակ փորձառություն ունի, որը չարաբաստիկ մղձավանջի պես հետապնդում է բոլորիս 2018 թվականի այն պահից, երբ իշխանության եկավ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Իսկ նրան հեռացնելու համար, այո՛, այսօր առավել, քան երբեւէ, լրագրողական համայնքը գերխնդիր, գլխավոր անելիք ունի` համախմբվածությամբ աջակցելու նրա հեռացմանը։ Աներկբա է, որ այլակարծություն եւ բազմակարծություն ունենալը, ինչպես նաեւ դրա ապահովումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում լրագրության գլխավոր նախապայմաններից են, եթե իրապես ձգտում ենք ժողովրդավարական երկիր կառուցել։ Բայց երբ ժողովուրդն ու պետությունն օրհասական վիճակում են, «մեդիա-առաքյալները» պետք է ժամ առաջ ոչ թե միայն բարձրաձայնեն այդ մասին, այլեւ կոնկրետ մասնակցություն ունենան որոշում կայացնող գործընթացների վրա։ Այս դեպքում բախտորոշ առիթը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնց նշանակությունը համաժողովրդական հանրաքվեի է վերաճել, ընտրություն՝ ազգայինի եւ ապազգայինի, հաղթանակի եւ պարտության, նսեմացման եւ արժանապատվության, հայ մնալու եւ անհայրենիք օտարահպատակ լինելու միջեւ։ Բայց արդյո՞ք թվարկվածներն առանձին-առանձին երբեւէ ու հիմա այլեւս նախընտրության, սակարկության, երկվության կարիք ունեն։
Հնարավոր չէ ընտրություն կատարել պարտության եւ հաղթանակի, բարոյականության եւ պատվազրկության միջեւ ճիշտ այնպես, ինչպես չեն ընտրում ծնողին, զավակին, Հայրենիքը։ Եվ տեղին է հիշել նույն Չերչիլի հայտնի միտքը․ «Երբ երկիրը պատերազմի եւ անպատվության (ստորացման) միջեւ ընտրում է անպատվությունը, ի վերջո ստանում է ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը»։ Իսկ մեր «պատերազմն» այսօր հոգեւոր-ազգային է, այն հանրային ու քաղաքական արդարացի ընդվզում է, որում մեծ ներդրում, իսկ այսօր արդեն գլխավոր անելիք ունեն նաեւ լրագրողները՝ չորրորդ իշխանությունը։ Կարեւորի մասին նրանք արդեն վաղուց ասել են։