2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին, պարզվում է, իրանական կողմը նախազգուշացրել էր Հայաստանին։ Այս մասին Թեհրանում մի քանի հայ լրագրողների հետ հանդիպմանն ասել է իրանցի ազդեցիկ ստրատեգ Ֆարշադ Ադելը։
«Այո դա հստակ է, Իրանի ռազմական փորձագետները դա գիտեին, եւ թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի ռազմական վերնախավին դա փոխանցվել է,-ասաց նա։ Ֆարշադ Ադելի խոսքով Իրանի՝ 2020 թվականի եւ այժմյան արտաքին քաղաքականությունը տարբերվում են։ Այն ժամանակ Իրանը համոզված էր, որ Ադրբեջանը միջազգային իրավունքով իրեն պատկանող տարածքներն է վերցնում, բայց հիմա Իրանը հստակ ասել է, որ այլ ռազմական ագրեսիա չի հանդուրժի։
«Հոգեւոր առաջնորդն այդ մասին խոսել է էրդողանի հետ։ Մեր անվտանգության խնդիրը մեզ համար անքակտելի է, մենք մեր խոսքի տերն ենք, բայց դա չի նշանակում, որ մեր հայ գործընկերները պետք է իրենց հույսն ամբողջությամբ մեզ վրա դնեն եւ ես ճիշտ չեմ համարում, որ մենք որեւէ երկրի ու հատկապես Հայաստանի նման բարեկամ երկրին ավելորդ հույսեր տանք, բայց մեր անվտանգային խնդրին մենք կողքից չենք նայի»,-ասաց իրանցի ստրատեգը՝ հավելելով, որ Սյունիքը միակ ճանապարհն է, որով Իրանը Սեւ ծով է դուրս գալիս եւ դրա մասին Իրանը հստակ զգուշացրել է։ Իրանը, ինչպես Ադելն է ասում, դաշնակիցներին մենակ չի թողնում, բայց միայն եթե նրանց կողմից համագործակցության փոխադարձ կամք կա: