ԱՄՆ նախագահի ԱԱԽ խոսնակ Էմիլի Հորնը հայտարարություն է տարածել (17.05.2021) Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի հեռախոսազրույցների մասին կապված Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման հետ։
Տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։
«Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր առանձին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - ասված է մայիսի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Սալիվանը փոխանցել է «Միացյալ Նահանգների հանձնառությունը [commitment] Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը»:
«Նա մտահոգություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարումների կապակցությամբ և ընդգծեց, որ չգծանշված [un-demarcated] սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և սադրիչ: Նա ողջունեց երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունն ու երկու առաջնորդների՝ այս հարցը խաղաղորեն լուծելու հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ի հավելումն, ԱՄՆ նախագահի ԱԱ խորհրդականը կարևորել է, որ «երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը գծանշելու համար»:
Էմիլի Հորնի հայտարարության համաձայն՝ Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը տարածաշրջանային հաշտեցմանը։
«Վերջնականորեն, նա փոխանցեց Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ) հանձնառությունը տարածաշրջանային հաշտեցմանը՝ երկկողմ ներգրավվածության միջոցով», - եզրափակված է հայտարարության մեջ։