Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը և երկու տեղակալները որոշ ժամանակ է՝ հրաժարական են տվել, սակայն Հակոբջանյանի փոխարեն դեռեւս ոչ ոք չի նշանակվել ղեկավար։
Համայնքը փաստացի մնացել է առանց ղեկավարների:
Արմեն Հակոբջանյանը «Հրապարակ»-ին փոխանցեց՝ անցած երկուշաբթի օրն է հրաժարական տվել, այսինքն՝ հոկտեմբերի 14-ին։
Անդրադառնալով տեղակալների հեռանալուն, նշեց՝ նրանք իր հրաժարական տալուց 2 օր առաջ են հեռացել քաղաքապետարանից։
Նա նշեց, որ փաստացի համայնքն այս պահին ոչ ոք չի ղեկավարում․ «Մի 2 օրը կարծում եմ չի խանգարի, եկող շաբաթ կլինի»։
Իսկ թե ո՞վ է իրեն փոխարինելու, նշեց․ «Մեր թիմի անդամներից մեկը կլինի անպայման, սակայն հրաժարվեց որեւէ անուն հրապարակել»։
Նա այլ հարցերի հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ չի ուզում խոսել։
Նշենք, որ մինչ Հակոբջանյանի հեռանալը մենք գրել էինք նրա առաջիկա հրաժարականի մասին։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն որոշել է Սիսիանի համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։