Հայաստանում քաղաքական ճգնաժամին զուգահեռ ու հունիսին 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ադրբեջանական զորքերը տարբեր ուղղություններով ներխուժել են երկրի տարածք ու դեռևս չեն պատրաստվում հեռանալ։
Ներքաղաքական ու սահմանային իրավիճակի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ։
- Պարո՛ն Ղուկասյան, ձեր քաղաքական ուժն ի վերջո ի՞նչ որոշում ընդունեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կուսակցությունների հետ, որոնց հետ համագործակցում էիք, համաձայնության եկե՞լ եք ինչ-որ դաշինքի շուրջ։ Եվ այլ ո՞ր կուսակցությունների հետ եք դաշինքը հնարավոր համարում։
- Այս պահի դրությամբ բանակցություններ են գնում 6 կուսակցությունների միջև։ Եվս 2 կուսակցություն որպես դիտորդ հետևում են գործընթացին, այսպես կարելի է ձևակերպել։
- Որո՞նք են կուսակցությունները։
- Հայտնի 7-ի համագործակցության մեջ մտնող կուսակցություններն են։
- Վերջերս Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան ստատուս էր գրել, որ սպասում է Ժիրայր Սեֆիլյանի և Տիգրան Խզմալյանի որոշմանը։ «Սասնա Ծռերի» / «Ազգային-ժողովրդավարական Բևեռի» և Եվրոպական կուսակցության հետ նույնպե՞ս քննարկումների մեջ եք։
- Կարծում եմ, որ մինչև ամսի 20-ն այդ բոլորը հարցերը կամփոփվեն, և հնարավոր կլինի հանրությանն արդյունքների մասին զեկուցել։
- Իսկ դաշինքի հնարավոր անուն արդեն որոշե՞լ եք կամ ի՞նչ անվանումի շուրջ եք քննարկումների մեջ։
- Այո, դաշինքն ունի իր հնարավոր անունը։ Այդ հարցում մեծամասնությունն արտահայտվել է։ Բայց դա էլ, երևի, ամսի 20-ին վերջնականապես կներկայացնենք։ Մնացած բոլոր տեղեկությունների հետ՝ ով է լինելու դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն, ով է լինելու Ազգային ժողովի նախագահի թեկնածուն։ Եվ մնացյալ հարցերը, որոնք որ, կարծում եմ, հանրության համար կարևոր կլինեն։
- Երեկ Հայրիկյանը տեսանյութ էր հրապարակել, «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ» դաշինքի անվանումն էր նշել։ Սա՞ է։
- Որպես աշխատանքային տարբերակ դա քննարկվել է և մեծ հավանականությամբ դա կհաստատվի հետագայում։
- Ադրբեջանական կողմը Հայաստանի տարբեր ուղղություններով՝ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ուղղությամբ ներխուժել է Հայաստան։ Այս մասով ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչո՞ւ կարողացան ներխուժել, այս հարցում ի՞նչ քայլեր պետք է կատարվեն։ Ռուսաստանը նշեց, որ չպետք է ուռճացնել իրավիճակը։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կոչ արեցին Ադրբեջանին զորքերը դուրս բերել, նաև տարբեր պետությունների պատգամավորներ, խորհրդարանի ներկայացուցիչներ։
- Իմ կարծիքն այն է, որ հայկական բանակը պետք է գերի վերցներ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինվորականներին և բեկում մտցներ գերիների հարցում։ Ինչ վերաբերում է, թե ինչու է տեղի ունեցել այդ ներխուժումը, դա պայմանավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թերություններով։ Որովհետև, ըստ էության, հստակ սահմանված չի եղել, թե ինչպես է շփման գիծն անցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ընդամենը նշված էին շրջանների անունները, իսկ այդ շրջանները Խորհրդային տարիներից դեռևս ունեին բազմաթիվ սահմանային խնդիրներ։ Եվ անխուսափելի էր, որ նման անորոշության մակարդակ ունեցող եռակողմ քաղաքական հայտարարությունն անպայման ստեղծելու է նմանատիպ խնդիրներ։
Առհասարակ հրադադարի ժամանակ արձանագրվում է նոր ձևավորվող շփման գիծ։ Հայաստանը և Ադրեբջանը իրավաբանորեն, միջազգային իրավունքի տեսակետից գտնվում են պատերազմի մեջ, ռազմական կոնֆլիկտի մեջ։ Եվ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եղել է հրադադարի մասին քաղաքական որոշում։ Այդ որոշումն առայսօր նույնիսկ համաձայնագիր չի դարձել։ Եվ ի սկզբանե անխուսափելի էին նման տեսակի խնդիրները։ Եվ այսօր, ճիշտ է, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ «Ադրբեջանի զորքերը պետք է հետ քաշվեն բոլոր վիճելի տարածքներից» կամ «Հայաստանի Հանրապետության տարածքներից» և այլն։ Եվ սա կազուս բելլի [լատ․՝ casus belli, պատերազմի առիթ] է Հայաստանի համար, այսինքն՝ այդ գործողությունները պատրվակ են պատերազմի վերսկսման համար։ Միջազգային հանրությունը նման դեպքերում կոշտ է արձագանքում, և տեսնում ենք, որ պատրաստ է կոշտ արձագանքել։ Միայն միջազգային հանրության այս դիրքորոշումն է, որ թույլ չի տալիս լուրջ միջամտության։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Ռուսաստանն ամեն կերպ փորձում է խուսափել ռազմական գործուղությունների վերսկսելու ռիսկերից, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարել էին, որ «այսուհետ խաղաղութուն է լինելու», «պատերազմ չի լինելու» և այլն։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը, ըստ Վլադիմիր Պուտինի, «արդեն անցյալում է» [2020-ի նոյեմբերի 13-ին Պուտինը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի]։ Եվ այդ ամպագոռգոռ հայտարարություններն այսօրվա իրողությունների հետ հակասության մեջ են գտնվում։ Եվ իրենք ստիպված են ամեն կերպ ցույց տալ, որ սա վտանգավոր իրավիճակ չէ։
- Սալիվանի հետ երեկվա հեռախոսազրույցի հետ կապված ադրբեջանական կողմի մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ալիևը Սալիվանին ասել է, որ խնդրի հետ կապված հայկական «ոչ ադեկվատ արձագանքը», «խնդիրը միջազգայնացնելու փորձը» խանգարում են։ Ադրբեջանն ի՞նչ է փորձում աշխարհին հասկացնել։
- Ադրբեջանն այս գործողություններով փորձեց շանտաժի ենթարկել Հայաստանը։ Ադրբեջանի թիրախային նպատակն է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության մասին պայմանագիր՝ իր կողմից թելադրված պայմաններով։ Այդ պայմանները շարադրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Եվ էությամբ խոսքը գնում է երկրորդ «Կարսի պայմանագրի» պատմական կրկնողության մասին։ Միջազգային հանրությունը՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, թույլ չտվեց, որպեսզի իրադարձությունները զարգանան, և դուրս եկավ Հայաստանի և Արդբեջանի միջև նմանատիպ պայամագիր կնքելու դեմ, որը որը ուժի սպառնալիքի տակ կամ տուժող պայմաններ էր թելադրում։ Միջազգային իրավունքի տեսակետից նման պայմանագրերն առոչինչ են, իրավական ուժ չեն կարող ունենալ։ Եվ դրանով է պայմանավորված Մինսկի խմբի համանախագահների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը, որ միայն Մինսկի խմբի հովանու ներքո է կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել խաղաղության համապարփակ պայմանագիր, որը որ կներառի Արցախի կարգավիճակի հարցը; որը կներառի տարածաշրջանում խաղաղարար ուժերի տեղակայման հարց։ Հայաստանի Հանրապետությունն այդ տեսակետից այսօր անորոշության մեջ է գտնվում։ Եվ անորոշ քաղաքականություն է իրականացնում, որովհետև չի օգտագործում բոլոր հնարավարությունները ո՛չ Արցախի կարգավիճակի հարցում միջազգային հանրության օժանդակությունը ստանալու, ո՛չ էլ այս տարածաշրջանում միջազգային խաղաղարարների ներգրավման համար։ Այնպես որ, մեր երկրի ղեկավարության այսօրվա դիրքորոշումը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։
- Բայց ՄԱԿ-ում գոյություն ունեն, չէ՞, քարտեզներ, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Այս իրավիճակում ՄԱԿ-ն ինչո՞ւ ավելի գործուն քայլեր չի ձեռնարկում։ Ինչո՞ւ Անվտանգության խորհրդի նիստի չի հրավիրվում, և կոնկրետ Ադրբեջանի գործողությունները չեն դատապարտվում։ Ինչո՞ւ ավելի գործուն քայլեր չեն ձեռնարկվում Ադրբեջանի դեմ։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չունի հաստատված պետական սահման։ Եվ այդպիսի սահման ունենալու համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է միմյանց հետ ունենան դիվանագիտական հարաբերություններ և ստեղծեն համատեղ միջազգային հանձնաժողով՝ սահմանի դեմարկացիա իրականացնելու համար։ Դիվանագիտական հարաբերություններ չկան, որովհետև, ինչպես ասացի, կա բանավոր հայտարարություն հրադադարի մասին, քաղաքական հայտարարություն, որը նույնիսկ համաձայնագիր չէ։ Եվ առհասարակ իրավական ուժ չունի։ Թեպետ դա առհասարակ բնորոշ է եղել արցախյան կարգավորմանը, որովհետև 1994 թվականին կնքված եռակողմ համաձայնագիրը նույնպես միջազգային գրանցում չէր անցել, և ընդամենը կողմերի միջև գրավոր համաձայնություն էր հրադադարի մասին։ Դրա համար էլ որևէ մեկը հետևանք չուներ դա խախտելու համար։ Իսկ այսօր, այս իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ պիտի Հայաստանը դիմի։ Դրա մասին Ֆրանսիայի նախագահն ասաց իր հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանին և առաջարկեց Ֆրանսիայի աջակցությունը։ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է այդ ճանապարհով գնալ, անտեսում է այն բոլոր դիվանագիտական հնարավորությունները, ոորնք որ այսօր կարող են տրամադրել այդ կառույցները, ինչպիսի են՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, և իրականացնում է այլ քաղաքականություն, որի գլխավոր նպատակն է սպասարկել Ռուսաստանի Դաշնության շահերը։