«Հրապարակը» զրուցել է ֆեյսբուքյան «Լրագրողների խմբի» հիմնադիր, «Մեդիա մոնիտորինգ» ՍՊԸ տնօրեն Զոհրապ Եգանյանի հետ։
- Ե՞րբ է ստեղծվել «Լրագրողների խումբը» եւ ի՞նչ նպատակով։
- Խումբը ստեղծվել է 2014թ. հոկտեմբերի 2-ին։ Սկզբում այն կոչվում էր «ԿԳՆ աշխատանքը լուսաբանող լրագրողների խումբ»։ Նոր էի նշանակվել ՀՀ կրթության նախարարի մամլո խոսնակ։ Նպատակը մի փոքր այլ էր՝ լուսաբանումների հրավերներ, հայտարարությունների տեղադրում, հետադարձ կապ եւ այլն: Մեկ տարուց մի փոքր ավելի այս ձեւաչափով աշխատելուց հետո, երբ տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ու Արմեն Աշոտյանն այլեւս ԿԳ նախարարը չէր, որոշեցի չփակել խումբը՝ ավելի ընդարձակել գործունեության շրջանակը եւ վերածել հարթակի, որտեղ կլինեն հայկական մեդիայի ներկայացուցիչներ, խմբագիրներ, լրագրողներ, օպերատորներ, մոնտաժողներ, մասնավոր եւ պետական հատվածի՝ մամուլի հետ աշխատանքները համակարգողներ եւ, որ շատ կարեւոր է` ուսանողներ: Այս պահի դրությամբ խումբն ունի 2 հազար 300 անդամ։
- Մտահղացումն ո՞ւմն է եղել։
- Իմն էր, փորձն արդեն կար, նման նախագծի մեկնարկը տվել էի Գյումրիում աշխատածս տարիներին, երբ հիմնադրեցի «Գյումրեցի լրագրողների խումբը», որը, ի դեպ, գործում է մինչ օրս։ Այդ ժամանակ համոզվեցի, որ նման ավելի մեծ նախագիծ կաշխատի նաեւ հայաստանյան, ավելի ճիշտ` համահայկական մոդելով: Հպարտորեն կարող եմ ասել, որ այս պահին մեկ հարթակում հավաքված են մեդիաաշխարհի ներկայացուցիչներ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից: Պատկերացրեք, թե որքան են հեշտանում հայկական ցանցի ներսում ինֆորմացիայի փոխանակումը: Հատկապես ճգնաժամային պահերին նման հարթակների օգտագործումը կարող է շատ լուրջ, եթե չասեմ՝ ճակատագրական ազդեցություն ունենալ:
- Խմբին ովքե՞ր կարող են միանալ։
- Խմբին միանալու պայմաններն են՝ լինել մեդիաոլորտի ներկայացուցիչ եւ հարգել խմբի կանոնները: Այդ կանոններից առաջնային է հայատառ գրագրությունը, նույնիսկ մեկնաբանություններում պետք է պահել այդ կանոնը, չտեղադրել այլ էջերի, լրատվականների ակտիվ հղումներ, չզբաղվել թաքնված գովազդով եւ այլն: Խմբի փիլիսոփայության հիմքում իրար օգնելու սկզբունքն է, աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի չլինեն կոնֆլիկտներ: Պատահել է, որ ստիպված ենք եղել հեռացնել մեկնաբանություններ, գրառումներ, նույնիսկ՝ անձնական էջեր: Նշեմ նաեւ, որ 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում իշխանության եկան լրատվական ոլորտում աշխատող մեր գործընկերները, իսկ խմբի կանոնները չեն ենթադրում անդամակցության դադարեցում, այսօր այնտեղ են կառավարության ու ԱԺ շատ անդամներ: Ի՞նչ իմանաս՝ հնարավոր է մարդիկ մի օր որոշեն հետ գալ իրենց հարազատ ոլորտ, պետք չէ կապերը կտրել։ Ամենաշատն ինձ ուրախացնում է այն, որ բազմաթիվ լրագրողներ, տեխնիկական մասնագետներ կարողանում են աշխատանք գտնել այս հարթակի օգնությամբ։ Շատ եմ ուրախանում, երբ հնարավոր է լինում հեռահար աշխատանքով ապահովել Արցախում կամ ՀՀ որեւէ մարզում աշխատանք փնտրողին: Կիսահումորային դեպքեր էլ են լինում, երբ գործատուն կապվել է ինձ հետ ու բողոքել, որ խմբից եկած կադրը լավը չէր: Դե, բնականաբար, ես ինձ մի պահ կրթության ոլորտի պատասխանատու զգացի` հատկապես 2000-ականների սկզբների:
- Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգրկվա՞ծ է խմբում։
- Անկեղծ ասեմ՝ չեմ հիշում․ արդյոք այս տարիների ընթացքում մեր խմբի անդամ եղե՞լ է, թե՞ չէ, սակայն այս պահին խմբում չէ: Աննա Հակոբյանն այստեղ է, քանզի ժամանակին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն էր: Բավական թվով ներկա իշխանավորներ ու ընդդիմադիրներ կան՝ Թագուհի Թովմասյան, Սիսակ Գաբրիելյան, Ագնեսա Խամոյան եւ այլն:
- Քանի՞ ադմին է աշխատում, հասցնո՞ւմ են լրագրողների հայտերը հաստատել։
- Խմբի զարգացման գործում շատ մեծ դեր խաղացին հենց նրանք՝ 24-ժամյա գրաֆիկով հետեւել, հաստատել հրապարակումները, պահպանել սահմանված կանոնները, շատ դեպքերում ստիպված լինել բացատրել մի մասին, թե ինչու չեք կարող անդամակցել խմբին, մի զգալի հատվածին՝ թե ինչու է հեռացվում հրապարակումը, կամ ինչու չի կարող հրապարակվել եւ այլն: Խոստովանեմ, որ առանց այդ հրաշք թիմի այս գաղափարը զարգանալ չէր կարող: Այնպես որ` եւս մեկ անգամ շնորհակալություն Գայանե Ափոյանին, Հենրիխ Մարգարյանին, Լիկա Թումանյանին ու Նարինե Իրիցյանին:
- Հետեւո՞ւմ եք խմբի անդամների ֆեյսբուքյան անհատական հաշիվներին։ Կա՞ն մարդիկ, ովքեր դուրս են եկել ոլորտից, բայց շարունակում են մնալ խմբում։
- Խումբն այս պահին շուրջ 2 հազար 300 անդամ ունի, ներկա են բոլոր գերատեսչություններից, լրատվամիջոցներից, ՀԿ սեկտորից, մասնավոր ընկերություններից, Սփյուռքից, Արցախից: Այսպես ասեմ․ եթե հենց հիմա պետք լինի, որ սպասվող ինչ-որ իրադարձության մասին ամենաօպերատիվ արձագանքը լինի, պետք է այն տեղադրվի մեր հարթակում: Այս տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաների ու գործիչների հեռախոսահամարների հսկայական բազա է կուտակվել։ Հասկանում ենք նաեւ, որ խմբում լինելը ոչ հայաստանյան կենտրոններին հնարավորություն կտա տեղեկացված լինել մեր երկրի տարբեր ասպարեզներում սպասվող իրադարձությունների մասին շատ արագ։ Եվ այս գիտակցումը ստիպում է ավելի խիստ ու ուշադիր լինել, ժամանակ առ ժամանակ ստուգել խմբի անդամների անհատական հաշիվները, որպեսզի դրանք կոտրված կամ փակված չլինեն: Կարծում եմ՝ արդեն հասկանալի է, որ նման հարթակները չեն կարող չլինել ոչ բարեկամների ուշադրության կենտրոնում: Վերջին պատերազմի ժամանակ մենք ավելի ուշադիր էինք այս հարցերին, թերեւս տեսաք, թե ինչ ապատեղեկատվություններ էին գնում շատ այլ խմբերում, որոնց ադմիններն ուղղակի հանցավոր անգործություն էին դրսեւորում:
- Փոփոխություններ կլինե՞ն խմբում։
- Փոփոխություններ, բնականաբար, կլինեն, կյանքն առաջ է գնում, կարող է գալ մի օր, որ արդիական չլինի այլեւս Ֆեյսբուքը, կամ կարող է գալ մի օր, որ այն ուղղակի չլինի: Պետք է գնալ ժամանակին համահունչ։ Ես դեմ չեմ լինի, որ նախաձեռնություններով հանդես գան այլ սուբյեկտներ, օրինակ` խումբը դառնա նաեւ օնլայն մամուլի կենտրոն, կամ կատարվեն կանոնների որոշակի փոփոխություններ: Ամեն բան ցույց կտա ժամանակը: Մինչ այդ կարելի է մտածել, թե ինչպես նշել խմբի ստեղծման 8-րդ տարեդարձը: