Արդարադատության նախարարությունը «Ֆրիդոմ Հաուսի» հետ համատեղ հանրային քննարկում է կազմակերպել՝ կապված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախապատրաստվող խայտառակ փոփոխությունների հետ։ Հիշեցնենք, որ խոսքը սորոսական ՀԿ-ների հետ համատեղ նախաձեռնվող փոփոխությունների մասին է, որով ուզում են ԶԼՄ-ների համար գրաքննող մարմին ստեղծել՝ Մեդիա խորհուրդ, բացի այդ` նաեւ ֆեյսբուքյան էջերին ու բոլոգերներին ուզում են հնարավորություն տալ՝ լրատվամիջոցներ համարվելու, որպեսզի դրանք մտնեն լրատվական դաշտ ու զբաղեցնեն արդեն իսկ գործող ավանդական լրատվամիջոցների տեղը։ Եվ առհասարակ` օրենսդրական փոփոխություններով փորձում են խոսքի ազատությունը նվազեցնել եւ լրատվամիջոցներին ենթարկեցնել իրենց:
Սակայն, ինչպես ասում են, այսօր այլ թեմա է մեզ հետաքրքրում։ Բանն այն է, որ քննարկմանը մասնակցելու համար նախապես պետք է գրանցվել, իսկ գրանցման թերթիկում, ի թիվս այլ անձնական տվյալների, պետք է լրացնել նաեւ մասնակցի սեռը։ Եվ հենց այստեղ, օ՜, զարմանք, բնության մեջ գոյություն ունեցող արական եւ իգական սեռերից բացի կա եւս 2 պատասխանի տարբերակ՝ «Ոչ բինար» եւ «Նախընտրում եմ չպատասխանել»։ Ըստ համացանցում առկա տվյալների՝ «Ոչ բինարը գենդերային ինքնությունների լայն սպեկտոր է, որոնք բացառապես տղամարդ կամ բացառապես կին չեն համարվում, դուրս են երկբեւեռ գենդերային համակարգից»։ Սա արեւմտյան քաղաքակրթության նորամուծություններից է, որով ուզում են մեր հայաստանյան իրականությունն էլ հարմարեցնել իրենց ճաշակին:
Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե Հայաստանում «ոչ բինար», այսինքն` իրենց «գենդերային համակարգից դուրս» գտնվող քանի՞ լրագրող են ճանաչում, եւ արդարադատության նախարարությունն արդյոք ճանաչո՞ւմ է նման գենդերային կատեգորիա՝ նկատի ունենք, որ ՀՀ օրենսդրական համակարգը երկու սեռ է ճանաչում՝ արական եւ իգական, ինչո՞ւ են այս նորամուծությունը մտցրել, գուցե սա իրենց նախարարի կողմի՞ց է թելադրվել։ Նախարարությունից նախ նշեցին, որ հավաքագրվող ինֆորմացիան «Ֆրիդոմ Հաուսն» է հավաքում, իսկ նախարարությունը որպես նախագծի հեղինակ է եւ կազմակերպիչ: Բայց նախարարությունն այս տեքստի հետ կապված խնդիր չի՞ տեսնում, երբ ծրագրի իր գործընկերը նման ձեւակերպում է օգտագործում, որը ՀՀ օրենսդրության մեջ առկա չէ, իսկ հայ հասարակությանն էլ խորթ է, եթե չասենք` անծանոթ ու անհասկանալի։
«Մենք չենք կարող միջամտել իրենց գործունեությանը, քանի որ դա «Ֆրիդոմ Հաուսի» միջոցառումն է, իսկ նախարարությանը, որպես նախագծի հեղինակներից, հրավիրվել է հանդես գալ որպես համակազմակերպիչ։ Միջոցառման կազմակերպման ամբողջ գործառույթն իրականացվել է «Ֆրիդոմ Հաուսի» կողմից: Խնդրում եմ հարցերի ու դիտարկումների դեպքում դիմել իրենց»,- փոխանցեց նախարարի մամուլի խոսնակը։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ իրավաբան Գեւորգ Պետրոսյանի հետ՝ հարցրինք, թե ՀՀ օրենքներում բացի արական եւ իգական սեռերից այլ սեռի մասին որեւէ բան կա՞։ «Ոչ։ Ե՛վ Սահմանադրությունը, ե՛ւ Ընտանեկան օրենսգիրքը ընդամենը վկայակոչում են «կին» եւ «տղամարդ» արտահայտությունները, ինչ-որ միջանկյալ վիճակ գոյութուն չունի։ Պարզապես փորձ է արվում հերթական անգամ ապականել մեր ավանդական արժեհամակարգը եւ աստիճանաբար հիմքեր ստեղծել, որպեսզի վաղը-մյուս օրը նման մարդկանց մասին օրենք ընդունեն, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվեն։ Այս պահին ՀՀ-ում գործող օրենսդրությամբ նման կարգավիճակ նախատեսված չէ»,- պատասխանեց Պետրոսյանը։ Իսկ որքանո՞վ է նորմալ, որ արդարադատության նախարարությունը հանդես է գալիս որպես այդ միջոցառման համակազմակերպիչ։
«Ես անձին վիրավորելու նպատակ եւ իրավունք չունեմ, բայց ամեն մարդ սեփական արժեհամակարգը դնում է իր ղեկավարած հիմնարկում, ուրեմն այնտեղ կան մարդիկ, որոնց այդ արժեհամակարգը հարազատ է, եւ նրանք փորձում են դա ներդնել։ Հիմա Դուք ո՞նց եք պատկերացնում․ եթե ես լինեի արդարադատության նախարարը, կարո՞ղ էր նման բան դրվել շրջանառության մեջ։ Դա մարդու արժեհամակարգի, փիլիսոփայության հետ կապված բան է։ Այսօր Հայաստանում ամենաքիչը պաշտպանված են ավանդական ընտանիքները, ավանդապաշտ մարդիկ, եւ փոխարենը պաշտպանվում են այսպիսի կասկածելի սեռական կողմնորոշումներ ունեցող մարդիկ, այդպիսի խմբերն ու շարժումները, եւ դա, նորից եմ ասում, գալիս է իշխող պաշտոնյաների արժեհամակարգից։ Մարդը, ով մեծացել է ավանդական ընտանիքում, ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ օրենքով ամրագրվի, որ իր երեխան ո՛չ տղա է, ո՛չ աղջիկ։ Ի վերջո, կան բնական պայմաններ, բնական չափորոշիչներ, որոնցով ակնհայտ երեւում է՝ ծնված երեխան տղա՞ է, թե՞ աղջիկ, չմանրամասնեմ։ Հիմա ինչպե՞ս կարելի է գրել, որ անձը ո՛չ տղա է, ո՛չ աղջիկ։ Դա ազգը կործանելու, մեր հայ գենոֆոնդը փչացնելու հերթական դրսեւորումներից մեկն է»,- պատասխանեց Պետրոսյանը։
