Հասարակություն

Պոչ թրթռացնելը

Պոչ թրթռացնելը

Քաղվածք Քրեական դատավարության օրենսգրքից` Հոդված 143. Գրավը. «Գրավը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձեւով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը...»։



Գրավի դիմաց մարդկանց բաց թողնելը խաղի ամենաողորմելի վիճակներից մեկն էր։ Միեւնույն է՝ բոլորը գիտեին Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Ալեք Ենիգոմշյանին, Հովսեփ Խուրշուդյանին եւ այլոց, նրանց բաց էին թողնելու, սակայն, ինչպես ասում են, ձեւը, թերեւս, այս իշխանությունների համար մնում է որպես ստի կարեւորագույն մի գործառույթ (գնացեք՝ մեկ միլիոն դրամը հայթայթեք, նոր եկեք՝ կխոսենք)։ Ահա եւ տրամաբանության բացակայությունը եւ իռացիոնալ տափակության մեկնակետը։ Այդ ձեւը գործի դնելու համար Հայաստանի Հանրապետությունը թղթի վրա ունի բազում օրենքներ, որոնք ոչ թե իրացվում, գործարկվում եւ ծառայում են ՀՀ քաղաքացիներին, կարգավորում հասարակական հարաբերությունները, կազմակերպում մեր կյանքը, այլ միայն այն բանի համար են, որ ծնկի բերվեն, ծառայեն ռեժիմին, սպասարկեն նրա համայն կապրիզները: Փաստ է` օրենքները եւ դրանցից բխող որոշումները կարող են ծնվել ու ստրկացվել:



Ինչպես տեսնում ենք, գրավի դիմաց ազատ արձակելու մասին կայացված որոշումները Հայաստանի արդարադատության մարմինների կողմից օգտագործվում են որպես ետնապահ ստրուկներ: Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ մյուսների նկատմամբ խափանման միջոց փոխելը, նրանց գրավի դիմաց բաց թողնելը միայն պոչ թրթռացնել էր: Այդպես է` պոչը գոնե մի քանի օր պիտի թրթռա, պիտի ցույց տա իր լինելիությունը, այնպես, որ մարդիկ համոզվեն` իշխանությունը որքան մեծահոգի է, այնքան էլ խստահայաց է եւ թույլ չի տա հենց այնպես, անգամ շինծու սարքած գործից չոր դուրս գալ: Իսկ հոդվածի 7-րդ կետն ասում է. «Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները, կամ գրավը, որպես խափանման միջոց, վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ»:



Այնպես որ՝ ամիսներ անց գումարները, միանշանակ, ետ են վերադարձվելու, սակայն դա էական չէ, այստեղ ամենակարեւոր պահը պոչ թրթռացնելն է, այն տեսանելի դարձնելը` օրենքի ողջ բնույթը ստորացնելու մեթոդով:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image